
«Կարող են նաև Կառավարության գաղտնի փաստաթղթեր լինել». Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանական հաքերային հարձակման մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել Հայաստանի կառավարարության ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն: Նա մասնավորապես նշել է.
«Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանն ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքեր եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու է արտահոսքի պատճառը և պատասխանատուն։
Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»:
168.am-ը Սամվել Մարտիրոսյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը, թե որքանո՞վ է այդ տեղեկությունը հավաստի, և մասնավորապես ի՞նչ տեղեկատվության մասին է խոսքը:
«Դա հրապարակել է նույն հակերային թիմը, որն այս 2 ամիս է՝ տարբեր տվյալներ է հրապարակում, մասնավորապես՝ կարանտինում գտնվողների, կորոնավիրուսով հիվանդների և այլն: Այդ թիմն իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել: Պետք է հաշվի առնենք նաև, որ հակերները սիրում են նաև խաբել, եթե նման բան եղել է կառավարության սերվերներից, ինչ ասես կարող է լինել, սկսած կառավարության որոշումներից, թղթաբանություն, ենթադրում եմ, որ կարող են նաև գաղտնի փաստաթղթեր լինել»,- ասաց Մարտիրոսյանը:
Հարցին, թե արդյոք նախկինում նման նախադեպեր եղե՞լ են, մասնագետը պատասխանեց. «Եթե անգամ եղել են, ապա նույնիսկ միջազգային մակարդակում նման բաներ հաճախ չես գտնի»:
Մասնագետն իր մտահոգությունը հայտնեց, որ այդպես էլ չընդունվեց հայեցակարգ, որ ունենանք կիբերանվտանգության միասնական կենտրոն. «Այդ կենտրոնի պրոբլեմն այն է, որ ինքը գոյություն չունի»:
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է կատարվեն, որպեսզի կիբերանվտանգության միասնական կենտրոնը ստեղծվի, մասնագետը պատասխանեց. «Միայն կենտրոնը չէ, ընդհանուր ռազմավարական մոտեցում պետք է լինի, որը ենթադրում է տեխնիկական վերազինումից մինչև մարդկային գործոնի հետ կապված խնդիրների լուծում՝ մարդկանց թրեյնինգներ: Լինի հստակ պատասխանատու մարմին, որի պատասխանատվության շրջանակները պետք է լինեն՝ շատ պարզ, հստակ, բոլորին հասկանալի, որ դուք իմանաք, թե ում զանգեք հարցնեք»:
Ի դեպ, 168.am-ը նույն հարցով դիմել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, որին ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարցը գտնվում է տեղեկատվության ստուգման փուլում, նորություն լինելուն պես կտեղեկացնեն:
Ի դեպ, նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում կատարեց. «Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ»։