«Այդ կարգադրությունից հետո պարոն Թովմասյանը դատարան չի եկել». ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ ՍԴ նախագահին արձակուրդից հետ կանչելու կարգադրության մասին
Հուլիսի 23–ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը կարգադրություն է ստորագրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ։
168.am-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ որևէ մեխանիզմ չունեն ճշտելու, թե այդ գրությունը Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ստացե՞լ են, թե՞ ոչ։
«Այդ կարգադրությունից հետո պարոն Թովմասյանը դատարան չի եկել»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նա տեղեկացրեց, որ ՍԴ-ին ուղղված դիմումները մուտքագրվում են ՍԴ, սակայն հունիսի 30-ից մինչ օրս Սահմանադրական դատարանն իրավազոր նիստեր կամ աշխատակարգային նիստեր չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճառով։
Հարցին՝ հայտնի է, թե երբ է ավարտվելու Հրայր Թովմասյանի արձակուրդը, Էդգար Ղազարյանը պատասխանեց.
«Հրայր Թովմասյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ կարգադրություն է ստորագրվել, սա նշանակում է, որ նրա արձակուրդը ֆորմալ առումով ավարտվել է, այսինքն՝ արձակուրդն ընդհատվել է»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ից Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը գտնվում են արձակուրդում։
Մեզ հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավարն ասել էր, որ Հ. Թովմասյանին փոխարինում է Ալվինա Գյուլումյանը, սակայն ՍԴ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարողը դարձել է ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը, քանի որ, ըստ կարգի՝ մինչ նոր ընտրություն, բարձր դատարանի նախագահի պարտականությունները ստանձնում է դատարանի կազմից տարիքով ավագը։ Դեռևս հունիսի 27-ին Աշոտ Խաչատրյանին հանդիպել և շնորհավորել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարելու առթիվ։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և երեք դատավորները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, պետք է լքեն իրենց պաշտոնը։