Բաժիններ՝

Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը և դիմումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օրենսդրության և կառավարության համապատասխան որոշման պահանջները, 2010թ. սեպտեմբերի 16-ին հաստատել է բնակելի տների և սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով աճուրդով օտարվող Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի ¼ հասցեում գտնվող 782,3 քառակուսի մետր մակերեսով` հողամասը որպես հասարակական գործառական նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն 2006թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով հանդիսանում է կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս:

Այնուհետև նշված հատակագիծը ներկայացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որի աշխատակիցները չեն կատարել լրացուցիչ ստուգումներ՝ պարզելու ներկայացված հատակագծում նշված հողամասի իրական նպատակային նշանակությունը: Նշված հասցեի կադաստրային ծածկագիրը փոփոխվել է մեկ այլ ծածկագրով և, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյան համայնքի անունով կազմվել և հանձնվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ նշված հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողատարածք:

2011թ. մարտի 25-ին Աբովյան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի ղեկավար և աճուրդի կազմակերպիչ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, աճուրդի կազմակերպման գործընթացի իրականացումը հանձնարարել է օգնականին, իսկ վերջինս էլ կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդ: Այսինքն «Հողային օրենսգրքի» 68, 69-րդ հոդվածների պահանջները ձևականորեն պահպանելով՝ իբրև թե աճուրդի հայտ ներկայացնելուն և անցկացմանը մասնակցել են մեկից ավելի անձինք: Այդ մասին կազմվել են կեղծ պաշտոնական պաստաթղթեր, մինչդեռ իրականում միայն շահագրգիռ անձի մասնակցությամբ և առանց երկրոդ անձի իրականացվել է աճուրդ, որի ընթացքում կեղծվել է նաև պաշտոնեական փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝ զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն իրականացնելու և իրական արժեքով այն օտարելու հնարավորությունից: Իսկ 3.539.125 դրամ կադաստրային արժեքով զբոսայգու տարածքը օտարվել է 1.858.100 դրամով՝ արդյունքում համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դրան օժանդակելու և ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով, 38-314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս