Հայագիտական առարկաներն արհամարհված են, հաջորդ քայլը լինելու են գիտաշխատողները, դասախոսները և, ամենակարևորը՝ ուսուցիչները. Էմին-Տերյան
Մի քանի քայլ, գործողություններ և հայտարարություններ եղան ԿԳՄՍՆ-ի կողմից, որոնցից կարելի է ենթադրել, որ հայագիտությունը, հայագիտական առարկաներն այդ գերատեսչության համար անտեսված, արհամարհված են, իսկ դա նշանակում է, որ հաջորդ քայլով լինելու են գիտաշխատողները, դասախոսները և, ամենակարևորը՝ ուսուցիչները: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով «Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչների արհմիություն» ստեղծելու իր մտադրությանը:
Երեկ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել էր ԿԳՄՍՆ-ի՝ կրթության վերաբերյալ արված գրառումներին, նշել, որ հետո ի հայտ են գալու նոր ճակատներ, որոնցից մեկն էլ, ենթադրում է, լինելու են հայերենի ու հայ գրականության ուսուցիչների իրավունքների սահմանափակումները, որոնք կարող են վերաճել հետապնդումների:
«Գուցե իրավունքների սահմանափակումներ լինեն, ատեստավորումների, վերապատրաստումների, այլ գործընթացների միջոցով, բայց ինձ համար ակնհայտ է, որ իրավունքների սահմանափակումներ լինելու են, մանավանդ, որ ԿԳՄՍՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ուսուցիչների նոր մրցույթի ժամանակ լինելու է հանձնաժողով, որ իրենք են որոշելու, թե ով իրավունք ունի դպրոցում դաս տալ, ով չի ունենալու, իսկ դա նշանակում է, որ պետական գերատեսչությունը էլի պատրաստվում է օրենք խախտել, որովհետև իրավունք ունենալու հարցը որոշում են պետական հանձնաժողովները, որոնք ուսանողներից ավարտական քննություն են վերցնում և տալիս են դպրոց մտնելու հնարավորություն, այսինքն՝ մանկավարժի որակավորումը տալիս է հանձնաժողովը: Հիմա, փաստորեն, գերատեսչությունը պատրաստվում է ինչ-որ կարգ փոխել, որը դեռ պարզ չէ, թե ինչ է անելու, բայց ես ենթադրում եմ, որ նման գործընթաց լինելու է»,- ասաց Էմին-Տերյանը:
ԵՊՀ մամուլի խոսնակի կարծիքով՝ Հայոց լեզվի և Հայ գրականության ուսուցիչներն ունեն որոշակի խնդիրներ, որոնք փոքր-ինչ տարբերվում են այլ մասնագիտության տեր ուսուցիչների խնդիրներից. «Այդ խնդիրները պետք է գույքագրել, բարձրաձայնել, հասցնել իրենց լուծմանը: Օրինակ՝ դասագրքերի խնդիրներ, գրականության, մեթոդաբանության և այլն»:
Գևորգ Էմին-Տերյանը մեզ հայտնեց, որ երեկվա գրառումից հետո խոսակցություն է եղել, թե ուսուցիչների արհմիություն արդեն գոյություն ունի, բայց դա, ըստ նրա՝ չի խանգարում ևս մեկ արհմիություն ստեղծելուն: «Հայաստանի օրենսդրությունը ոչ միայն թույլ է տալիս մի քանի արհմիության գոյություն, այլև նշվում է, որ նույնիսկ մի կազմակերպության մեջ, որտեղ կարող է լինել կամ կա աշխատողների տարբեր խմբերի շահերի բախում, կարող են լինել 1-ից ավելի արհմիություններ, որոնցից ամեն մեկը կպաշտպանի մի խմբի շահերը: Հիմա ես գրառում եմ կատարել, տարբեր ուսուցիչներ ինձ գրել են, զանգել են, հարցեր ենք քննարկել, և այլն, այս գործընթացը դեռ մի քիչ էլ կշարունակվի, որոշ քննարկումներ կլինեն, կանոնադրություն կգրվի, գործառույթները կհստակեցվեն, և այլն, հետո կլինի համաժողովի նման մի բան, որտեղ կանոնադրությունը կընդունվի, խորհուրդ կձևավորվի, և դրանից հետո կանցնենք գործի: Կարծում եմ, որ սա շատ կարևոր գործընթաց է»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք ճնշումներ չե՞ն լինում իր նկատմամբ, քանի որ ոլորտում առկա բոլոր խնդիրների մասին բարձրաձայնում է, համարժեք պատասխան տալիս, Էմին-Տերյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես քաղաքական գրառումներ չեմ կատարում, քաղաքականությամբ չեմ զբաղվում, ուղղակի կարծում եմ, որպես ԵՊՀ մամուլի խոսնակ՝ պարտավոր եմ հանրությանը տեղեկացնել ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին, ապահովել ԵՊՀ աշխատանքի թափանցիկությունը և պահելու եմ այն հնարավորությունը՝ հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի բոլոր նիստերը ձայնագրվում են և առանց մոնտաժի տեղադրվում են մեր յութուբյան էջում, և ում ինչ հետաքրքիր է՝ կարող է բացել, նայել: Մինչև իմ աշխատանքի ընդունվելը ԵՊՀ-ում նման բան չի եղել, ես սա համարում եմ իմ աշխատանքային ձեռքբերումը, որովհետև դա նաև ԵՊՀ զարգացման, ռազմավարական ծրագրի մի դրույթ է, որը չի կատարվել տարիներ շարունակ, ես դա իրագործում եմ: Չեմ կարծում, որ ընդդիմադիր գործունեություն եմ ծավալում, այլ բարձրաձայնում եմ, հանրությանը տեղեկացնում եմ ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին»: