Մինսկի խմբի շրջանակո՞ւմ, թե՞ առանց․ ի՞նչ է նախաձեռնում Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումն ու 7 կետերը՝ նշելով, որ 7 պայմաններից ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ալիևը հայտարարել է, որ այն պայմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:

«Ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում, Հայաստանն էլ, եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ապա վախենում է»,- ասել է Ալիևը, ապա հավելել, որ Հայաստանը, «անընդունելի պայմաններ ներկայացնելով, ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը»:

«Մենք մերժում ենք բոլոր այդ պայմանները և այդ թուղթը նետում ենք աղբամանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը, ապա հավելել, որ, եթե հայկական զինված ուժերը չլքեն Ղարաբաղը, խաղաղություն չի լինի:

«Չի կարող խաղաղություն լինել այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ հայկական 7 պայմանի դիմաց նա միայն 1 պայման ունի, այն է՝ հայկական ԶՈւ-ն պետք է լքի Ղարաբաղը: Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն ասել է, որ ՌԴ իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար:

«Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը, վստահ ենք, որ երկար տարիների ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես և միջազգային ասպարեզում յուրաքանչյուր այլ տարաձայնություն, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ դիվանագիտական բանակցությունների ճանապարհով:

Մեր դիրքորոշումն անփոփոխ կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն և միջազգային այլ կազմակերպություններ»,- ասել է Զայցևը՝ շարունակելով, որ պատրաստ են շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման նպատակով:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական մոտեցումների համընկնմանն այս հարցում, Զայցևը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ու արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները, հատկապես՝ Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա լուծման ուղիները։

«Մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացման վերաբերյալ, վերահաստատվել խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամությունը` ելնելով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հարկ է հիշեցնել նաև, որ ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ աշնան սկզբին գուցե տեղի ունենա 3+2 հանդիպում եռանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Այս ամենին զուգահեռ՝ մինչև օգոստոսի 10-ն անցկացվում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ, որոնք տավուշյան սրացումից հետո մտահոգում են փորձագիտական հանրությանը։

Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, և Հայաստանում ռուսական ռազմաբազա է առկա, նվազեցնում է Հայաստանի նկատմամբ թուրքական ուղիղ ագրեսիայի հնարավորությունները, և հաշվի առնելով Ռուսաստանի պատկերացումները և ակնկալիքներն այդ տարածաշրջանից՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է թույլ չտալու համար իրավիճակի անվերահսկելի ընթացք, պատերազմական գործողություններ և այլն։ Նրա որակմամբ՝ Ռուսաստանը հավասարակշռված դերակատարություն է ստանձնել հակամարտող կողմերի միջև, քանի որ, թեև Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանն ունի նաև այլ շահեր այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Եթե ներկայումս ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ ջանքեր է գործադրում, ենթադրում եմ, որ դրանք ջանքեր են բազմակողմանի և ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, քանի որ ՌԴ-ն երբեք չի գործում այդ ձևաչափի դեմ, և դրանից դուրս, օգտագործելով իր առանձին կապերը թե Ադրբեջանի, թե Թուրքիայի և այլ երկրների հետ, ըստ անհրաժեշտության։ Պետք է իրատես լինել, Մոսկվան չի աջակցում կողմերից մեկին, քանի որ դա իրեն անհրաժեշտ չէ, Մոսկվային անհրաժեշտ են իր բոլոր շահերը ողջ տարածաշրջանում բոլոր երեք երկրների և Թուրքիայի հետ։ Դա որևէ միջնորդ երկրի և կողմի համար գաղտնիք չէ, այդ լծակներով ու ազդեցությամբ է Ռուսաստանը կարողանում միջնորդել, որպեսզի մարտական գործողությունները դադարեն և վերականգնվի կարգավորման գործընթացը։ Կարծում եմ՝ հիմա ևս այդ ուղղությամբ ակտիվ քայլեր են ձեռնարկվում։

Վերջերս հնչած դիրքորոշումները, որոնք մերժում են միմյանց դիրքորոշումները, հույս չեն տալիս, որ այդ ջանքերը մեծ հաջողություններով են պսակվելու, մեծ հաջողություն կլինի նույնիսկ հանդիպում կազմակերպելը, քանի որ հասկանալի է, որ դիրքորոշումների դաշտում փոփոխություններ չեն լինելու այս փուլում»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նրա կարծիքով՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունը մեծ սպառնալիք չէ Հայաստանի համար, դա առավելապես ուժի ցուցադրման և գործընթացների վրա ազդելու, Թուրքիային ներգրավվելու փորձ է։

Գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախի խոսքով, կողմերի միջև առճակատման խորացումը կարող է թուլացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ դա կբարդացնի միջնորդների արդյունավետ աշխատանքը՝ թույլ տալով զուգահեռաբար ձևավորել այլ հարթակներ և ձևաչափեր հարցի քննարկման համար։

Ըստ նրա՝ բնական է, որ Թուրքիան ընդառաջ գնալով Ադրբեջանի ակնկալիքներին, որոշակի ակտիվություն է ցուցաբերում։ Հալբախի խոսքով, Թուրքիան մշտապես որոշակի ֆոնային դերակատարություն է ունեցել, կամ դիտարկվել է, որ ունի, քանի որ ժամանակ առ ժամանակ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի թեմայով։

«Դեռ հայտնի չէ, թե դա արդյոք քաղաքական կա՞մք է, թե՞ պարզապես աջակցություն գործընկեր երկրին։ Հանդիպում կազմակերպելը բավականին բարդ է, երբ լսում ես հայտարարություններ, որ կողմերը միմյանց բոլոր դիրքորոշումները մերժում են։ Բայց սա բանակցություններին ընդառաջ նման առաջին ու աննախադեպ իրավիճակը չէ, նման շատ փուլեր է անցել Մինսկի խումբը, հիմա պրոցեսները բարդացել են, և ակտիվ ու բարձրաստիճան աշխատանքի կարիք կա։ Իմ համոզմամբ՝ ներկայումս Ռուսաստանին ձեռնտու է իրավիճակի հանդարտեցումը և այդ ուղղությամբ էլ ջանքեր են ներդրվում, կարծում եմ՝ հանդիպումը շատ չի ուշանա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս