Ընտանեկան բռնության հետ կապված խնդիրն է՛լ ավելի ցցուն դարձավ համավարակի ժամանակ. Իրավապաշտպան
«Ծրագրի հիմնական նպատակը կանանց նկատմամբ բռնության վերացումն է Հայաստանում: Ծրագրային ուղղությունները հիմնականում երկուսն են՝ միջոցառումներ, որոնք առաջին հերթին պետք է իրականացվեն պետության հետ, մշակվեն որոշակի քաղաքական փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, որոնք նպաստելու են կանանց նկատմամբ գենդերային բռնության, ընտանեկան բռնության վերացմանը, ինչպես նաև կանխարգելմանը: Երկրորդ ուղղությունը կանանց և, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացումն է»,- «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ խոսելով «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի մասին՝ ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում են բավականին լուրջ արդյունքներ, և դրանք կլինեն շոշափելի թե՛ պետության իրավական մեխանիզմների հարստացման, թե՛ հանրային իրազեկման բարձրացվածության տեսանկյունից:
«Կարող եմ ներկայացնել կարևոր մի քանի ուղղություններ. կոալիցիայի փորձագիտական աջակցությամբ և համագործակցությամբ պետության կողմից կմշակվեն քաղաքականություններ և որոշակի մեխանիզմներ, մասնավորապես՝ ոստիկանության մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կանխարգելել ընտանեկան բռնությունը, և աջակցություն տրամադրել զոհերին, ինչպես նաև կմշակվեն որոշակի զեկույցներ՝ կապված ավելի խոցելի խմբերի հետ, որոնք երբևէ չեն իրականացվել. Մասնավորապես, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, փակ հաստատություններում հայտնված մարդկանց շրջանում: Աշխատանքային իրավունքների տեսանկյունից առավել խոցելի են դառնում կանայք, ովքեր աշխատում են օրավարձով, չունեն աշխատանքային հստակ պայմանագրեր, և այսօրվա իրավիճակում, երբ աշխատատեղերը կրճատվում են, կանայք դառնում են առաջին խոցելի խումբը»,- ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը նկատեց՝ ցանկացած արտակարգ իրավիճակ վերհանում է այն բոլոր խնդիրները, և առավել ուժեղ լույսի ներքո է ցուցադրում դրանք, որոնք առկա են մեր երկրում՝ թե՛ պետական կառույցների արագ արձագանքման տեսանկյունից, թե՛ հասարակության զգայունության տեսանկյունից:
«Ընտանեկան բռնության հետ կապված խնդիրն էլ ավելի ցցուն դարձավ այս իրավիճակում, և մենք միջանկյալ զեկույց ներկայացրեցինք, թե ինչպիսի խնդիրների հետ են բախվել կանայք՝ մեր շահառուները, համավարակի ժամանակ՝ կապված սահմանափակումների, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ, որոնք առաջացել են այդ ընթացքում:
Թեժ գծերին ուղղված զանգերն ավելացել են. ՄԻԱՎ-ով մարդկանց շրջանում՝ 50 տոկոսով, ընտանեկան բռնության թեժ գծերին՝ 30 տոկոսով: Կոալիցիան իր դոնոր կազմակերպությունների միջոցով կարողացավ այդ կանանց հրատապ փաթեթներ տրամադրել, վճարել նրանց կոմունալ ծախսերը, բնակարանի վարձերը, տրամադրել սոցիալական փաթեթներ և այլն»,- եզրափակեց Զարուհի Հովհաննիսյանը: