«Եթե արտակարգ դրության ժամկետը կրկին երկարաձգեն, ապա այնտեղ քաղաքական բաղադրիչը մեծ է լինելու». Քաղտեխնոլոգ
Երեկ պարետատան նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգմանը՝ նշեց, որ արտակարգ դրությունն ավարտվում է օգոստոսի 12-ին. քննարկման փուլում է այն երկարաձգելու հարցը:
«Ամեն ինչ կախված կլինի երկրի համաճարակաբանական պատկերից: Անորոշ իրավիճակը դեռ պահպանվում է՝ համավարակի երկրորդ ալիքի հավանականությամբ: Պարետի գրասենյակը կառավարման պլան է մշակում՝ հիմնվելով կայուն իրավիճակի պահպանման անհրաժեշտության վրա»,- իր խոսքում ասաց Տիգրան Ավինյանը։
Արտակարգ դրության ժամկետների հետ կապված տարբեր տեսակետներ են շրջանառվում, ըստ մամուլում տեղ գտած որոշակի լուրերի՝ իշխանությունը մտադիր է մինչև դեկտեմբեր երկիրը պահել արտակարգ դրության ռեժիմում, քանի որ այս կերպ նրանց կհաջողվի խուսափել քաղաքական որոշակի զարգացումներից։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ արտակարգ ռեժիմը կերկարաձգվի մինչև սեպտեմբեր։
168.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե արտակարգ դրության իրավական ռեժիմի հավանական երկարաձգումը արդյո՞ք քաղաքական բաղադրիչ պարունակում է, թե՞ այն միայն առողջապահական գործոնով է պայմանավորված։
«Վերջին անգամ երբ երկարաձգեցին արտակարգ դրության ժամկետը, այնտեղ արդեն զգալի քաղաքական բաղադրիչ կար և զգալի մասով այդ ամենը պայմանավորված էր հենց քաղաքական բաղադրիչով։ Դրանով փորձեցին սահմանափակել բողոքի ցույցերը, քաղաքական գործունեությունը և այլն։ Հիմա կարծում եմ՝ այդ բաղադրիչն առավել ևս կլինի, հատկապես, որ իշխանությունը վերջին 1-2 օրվա ընթացքում սկսել է հայտարարել, որ համավարակի մեջքը կոտրվում է, չնայած հիմա ավելի զգուշորեն են հայտարարում։ Կարծում եմ, եթե այժմ կրկին երկարաձգեն արտակարգ դրության ժամկետը, ապա քաղաքական բաղադրիչն այնտեղ առավել մեծ է լինելու»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով, եթե խնդիրն այն է, որպեսզի իշխանությունները կարողանան ունենալ այնպիսի ռեժիմ, որով պետք է սահմանափակեն քաղաքացիների վարքագիծը՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, և այլն, ապա Արդարադատության նախարարությունը կգտնի որևէ ճար, որպեսզի այդ ամենը լինի արտակարգ դրության ռեժիմից դուրս։
Քաղտեխնոլոգի կարծիքով, քանի դեռ իշխանության մոտ չեն փարատվել քաղաքական մտահոգություններն ու մտավախությունները, հնարավոր է՝ շարունակեն արտակարգ ռեժիմի ժամկետը երկարաձգելու՝ արդեն խրոնիկ դարձած հարցը։
«Ըստ իս, եթե քաղաքական իրավիճակը հասունացավ, եթե հասարակության բողոքական ալիքը բարձր եղավ, որևէ մեկը չի նայելու՝ արտակարգ դրությո՞ւն է, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ արտակարգ դրությունը ֆորմալ բան է, եթե քաղաքական տոնուսը, ընդդիմության ռեսուրսը բավարարի, և այն համընկնի հասարակության տրամադրությունների հետ, ապա որևէ մեկը չի նայելու արտակարգ դրության ռեժիմին։
Երբ 2018 թվականին իշխանափոխություն էր տեղի ունենում, մարդիկ փողոցներ էին փակում, այնպես չէր, որ դա լիովին համապատասխանում էր գործող օրենքի բոլոր տարրերին։ Կար տրամադրություն, զանգվածներ, որոնք որևէ ուշադրություն չէին դարձնում, թե ինչ են ասում ոստիկանները, կամ ինչ են հորդորում իշխանությունները, և այլն։ Ամեն ինչ դե ֆակտո էր, հետո օրենքը հարմարեցնում էին դրան»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։