Լռակյա՞ց, թե՞ կոնֆորմիստ Զարեհը
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո նոր իշխանությունները, բոլշևիկյան ռազմական քաղաքականության ոճին համապատասխան, փորձեցին ամեն կերպ ձերբազատվել այն ամենից, ինչն ասոցիացվում էր նախկին իշխանությունների հետ, առավել ևս, երբ այդ գործընթացը կամ երևույթը կարող էր բարձրացնել հանրության աչքին պետք իրենց վարկանիշը։ Ահա այս շարքի «փայլուն» դրսևորումներից մեկն էլ, թերևս, կառավարության կազմի, այսպես ասած, օպտիմալացումն էր և, մասնավորապես, Սփյուռքի նախարարության վերացումը՝ փոխարենը անհասկանալի և չհիմնավորված պատճառներով վարչապետի աշխատակազմում սփյուռքի հարցերով գրասենյակ ստեղծելով, իսկ ղեկավարին հանձնակատար կարգելով։
Գաղտնիք չէ, որ մոտ մեկ տարի առաջ, երբ Զարեհ Սինանյանին նշանակում էին Սփյուռքի հարցերով հանձնակատար, գործող իշխանությունները մեծ հույսեր էին կապում Սփյուռքի հետ՝ հատկապես ներդրումներ ու ներգաղթ ապահովելու առումով։ Հավանաբար հենց դրանով պայմանավորված՝ սփյուռքի հարցերով Սինանյանին նշանակեցին այդ առանցքային ոլորտի պատասխանատու։ Հայաստանը՝ որպես սփյուռք ունեցող պետություն, մշտապես համագործակցության մեջ է եղել արտերկրի իր անհատ հայրենակիցների, համայնքների և կառույցների հետ։ Այդ հարաբերություններում տասնամյակներ շարունակ կիրառվել են տարբեր մեթոդներ ու ձևաչափեր։
Սակայն հայ իրականության մեջ պետություն-սփյուռք արդյունավետ փոխգործակցության մոդելներ դեռևս հստակ մշակված չեն։ Այս խնդիրն ունի ռազմավարական նշանակություն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններից բխող մարտահրավերները հայության համար, երկրի տնտեսական, գիտակրթական, ժողովրդագրական, ինչպես նաև ռազմական զարգացման հրամայականը և սփյուռքի դերը՝ ինչպես հայության անվտանգության, այնպես էլ՝ հայկական երկու պետությունների (ՀՀ և Արցախ) առաջընթացն ապահովելու գործում։ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հրապարակ էին նետում այն թեզը, որ Սինանյանի աշխատանքի արդյունքում Հայաստան են հոսելու լուրջ ներդրումներ, ինչպես նաև խթանվելու է ներգաղթը, սակայն այդպես էլ ոչ մի էական առաջընթաց չգրանցվեց, ավելին՝ Սինանյանի նշանակումից շատ կարճ ժամանակ անց հանձնակատարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «ներդրումները սպասվող ծավալից ցածր են»։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Սինանյանի նշանակումը միանշանակ չէր ընդունվել նաև Սփյուռքի շրջանակների կողմից, քանի որ նա՝ լինելով բացարձակ պրոամերիկյան կադր, չէր կարող ընդունվել ՌԴ-ի կամ Արևելյան Եվրոպայի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների կողմից, քանի որ այստեղ իրար էին բախվում գեոպոլիտիկ շահեր։ Այս հանգամանքը խոսում էր Փաշինյանի անհեռատես կադրային քաղաքականության մասին, ինչի արդյունքներին մենք ականատես եղանք տավուշյան վերջին մարտական գործողություններին հաջորդած ժամանակահատվածում։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի հատվածում վերջին մի քանի շաբաթներին առանցքային իրադարձություններ տեղի ունեցան, որոնց սահմանները մեխանիկորեն ընդարձակվեցին՝ ներառելով Սփյուռքի հայաշատ շրջաններ։ Հենց այդ երկրներում էլ միմյանց հերթ չտալով՝ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումներ, որոնք բավականին զանգվածային բնույթ ստացան՝ ընդգրկելով լայն շրջանակներ։
Տեղի ունեցող զարգացումների ժամանակ Սինանյանը «ծպտուն» չհանեց. արձակուրդում էր։ Այսօր արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի աշխատակազմից պաշտոնանկ է արել միանգամից 12 վարչության և բաժնի պետերի, և, ի զարմանս բոլորի՝ Զարեհ Սինանյանի անունն այդ ցուցակում չկար, այսինքն՝ Սփյուռքի ոլորտն ամբողջությամբ «պրավալ» տված հանձնակատարի փոխարեն՝ Փաշինյանն ամբողջովին փոխում է աշխատակազմը։ Տեղի ունեցած գործողությունից պարզ է դառնում, որ, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ հիմա՝ պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է միջին և ստորին աշխատակիցների վրա, իսկ «շեֆը» պլստում է: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կան ղեկավար, ղեկավարի տեղակալներ, որոնք նույնպես պատասխանատու պետք է լինեին արված կամ չարված գործերի համար։
Ի դեպ, հայտնի չէ, թե ինչի համար, բայց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը վերջին 7 ամիսների ընթացում ստացել է 82,9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ գրասենյակն ունի 48 աշխատակից: Անհասկանալի է, թե հատկապես ցուցաբերած ո՞ր արդյունքի համար են նման ծավալի պարգևատրումներ շռայլվել այս «կույր աղի» կառույցին։ Հատկապես, երբ այդ կառույցի ղեկավարն այս տարվա ապրիլի վերջին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելով՝ ասել էր, թե արտերկիր այցելելով, սփյուռքի համայնքների հետ հանդիպումների ժամանակ՝ հայրենադարձություն խթանելն իրենց համար առաջնային խնդիր չեն դնում. «Որ գնանք ՌԴ, ասենք՝ ժողովուրդ, ի՞նչ եք անում, հետ եկեք այստեղ, մենք պիտի իմանանք՝ ունե՞նք պայմաններ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Նույնիսկ այն պրոցեսները, որոնք գոյություն ունեն հայրենադարձվողների համար, նորմալ սահմանե՞լ ենք, ներգաղթի համար միջավայրն ապահովե՞լ ենք: Ես ասեմ՝ մեծ ներգաղթին մենք պատրաստ չենք»: Ներդրողներին ներգրավելու վերաբերյալ էլ ոչ մի հուսադրող բան չէր ասել։
Ամփոփելով՝ հավելենք մի կարևոր դրվագ ևս․ Փաշինյանի «զանգվածային հայրենադարձության» մասին բալլադը բավականին ինտրիգային ու զավեշտալի է դառնում, երբ ծանոթանում ենք, թե ինչքան մարդ է դիմել «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցելու համար։ Այսպես՝ 2018 թ. ընդհանուր առմամբ ԱՄՆ մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը՝ դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները:
Արմեն Հովասափյան