«Քաղաքաշինական խախտումներն այս իշխանության օրոք ստանում են ավելի այլասերված տեսք». Տիգրան Աթանեսյան

Երևան քաղաքի  Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում է կառուցել երկու 16 հարկանի և երկու 18 հարկանի շենք: Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանը նշված  հասցեում շինարարություն անելու թույլտվությունը տվել է «Լույսեր» ընկերությանը: Սակայն այդ հասցեին կից առանձնատների սեփականատերերն ահազանգում են գործընթացում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների մասին:

Առանձնատներից մեկի սեփականատիրոջ փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ այդ շենքերի կառուցման դեպքում մոտակա առանձնատների սեփականատերերը լուրջ խնդիր կունենան, որովհետև այդ շենքերի բնակիչների համար տեսանելի է լինելու  առանձնատներում ապրողների  անձնական, ընտանեկան կյանքը և նրանց շարժն իրենց տներում:

Իմանալով, որ այդ տարածքում նման բան է տեղի ունենալու, 2019 թվականին  բնակիչներից մեկը դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով բացատրել, թե ինչ է նախատեսվում անել այդ տարածքում: Ըստ Աթանեսյանի՝ քաղաքապետարանից ստացել են պաշտոնական պատասխան, որ այդ տարածքում ոչինչ էլ չի կատարվելու, իսկ եթե հանկած ինչ-որ շինարարություն ցանկանան անել, անպայման կիրականացնեն վարչական վարույթ, լսումներ կիրականացնեն, կհրավիրեն բնակիչներին:

Փաստաբանի խոսքով՝ ՀՀ օրենքներով 1500 քառակուսի մետրից ավելի մակերես զբաղեցնող շինարարությունները ենթակա են փորձաքննության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասով, պետական համալիր փորձաքննություն, և այլն: Ու հենց այստեղ առաջացել է, Աթանեսյանի խոսքով, առաջին անօրինականությունը:

«Արդեն այս տարի, պատահաբար մարդիկ իմանում են, որ Երևանի քաղաքապետը տվել էր այդ տարածքին շինարարության թույլտվություն՝ շենքերից մեկի հիմքի կառուցման համար: Արդեն այս շինթույլտվությունն իրենից ներկայացնում է ավարտված հանցակազմ: Ինչո՞ւ: Բնականաբար, Հայաստանում գոյություն ունեն իրավական ակտեր, որոնք որ կարգավորում են բոլոր շինարարության թույլտվությունները, ձևը, տրման  ժամկետը և մնացածը: Հիմքերի թույլտվություն, այսինքն՝ ֆունդամենտի թույլտվություն գոյություն չունի մեր իրավական դաշտում: Դա հնարել են, և հնարել են ինչո՞ւ, որովհետև մեր շենքի հիմքերը 1500 քառակուսի մետր չեն կազմում, պետք չէր իրականացնել ոչ մի բան, կկառուցեն հիմքը, հետո էդ հիմքի վրա արդեն երևի հարկ-հարկ թույլտվություն տալով՝ կկառուցեն մնացածը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Տեղեկանալով շինթույլտվության մասին՝ մարդիկ դիմել են դատարան, վիճարկել են այն: Ըստ Վարչական դատավարության օրենսգրքի՝ նման դեպքում վարչական ակտը, այսինքն՝ շինթույլտվությունը, կասեցվում է, ինչն էլ եղել է:

Փաստաբանի խոսքով՝ քաղաքապետարանի քայլը հնարավոր կլիներ համարել թերացում, եթե դրան չհաջորդեին «զավեշտալի  և վախենալու զարգացումներ»:

«Շատ անսպասելի մայիս-հունիս ամիսներին ԱԺ-ում հայտնվում է մի նախագիծ, որ 3-րդ անձի հայցի դեպքում վարչական ակտը չի կասեցվում: Թող մեկն ու մեկն ինձ համոզի, որ սա պատահական էր:

Շինթույլտվությունը տրված է մի ընկերության, որը երբեք շինարարությամբ չի զբաղվել: Առևտրային մի ընկերություն է… Տեղեկություններ են հասնում, որ այդ մարդիկ հայտարարում են, թե «իշխանությունը մերն է, ինչ կուզենք՝ կանենք»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Տված շինթույլտվությունը տալու փաստի մասով Աթանեսյանը գլխավոր դատախազին,  ՀՔԾ և ԱԱԾ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

«Եղել է հանդիպում, չեմ կարող մանրամասներ ասել, բայց հանդիպման արդյունքում մենք հասկացանք, մեզ ուղղակի հուշեցին, որ ո՞վ է գժվել՝ ժողովրդի «ընտրյալ», լավ է, չեն ասում՝ երկնքից իջած, քաղաքապետի դեմ ո՞վ է գժվել քրեական գործ հարուցի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, թե գնալու են մինչև վերջ, պահանջելու են, որ «ողջ կոռուպցիոն շղթան բացահայտվի»:

Լկտիությունն այնքան մեծ է, չափ ու սահման չունի պարզապես, քանի որ, ի վերջո, այս պահին շինթույլտվությունը կասեցված է, քաղաքապետարանը թույլատրել է այդ շինարարին այդ տարածքում կատարել աղբահանություն, այդ աղբահանության անվան տակ կատարվում են հողային աշխատանքներ՝ նախապատրաստվելով շինարարության:

Մենք ունենք խայտառակ ապօրինի շինթույլտվություն, ունենք հաղորդումներ իրավապահ մարմիններին, և ես համոզված եմ, որ Կարգին Հայկոյին իրավապահ մարմինները պահելու են, որովհետև չէ՞ որ նրան սխալմամբ ընտրել են 80 տոկոս ընտրող, չէ՞ որ նա առաջին ծիծեռնակն էր «թավիշի», որը դառնում է դժբախտություն՝ թե՛ մեր բոլորիս, թե՛ առանձին-առանձին մեր քաղաքացիների համար։ Պրոցեսը նոր է սկսվել, պրոցեսը երկար կտևի։ Իմ կարծիքով՝ քաղաքաշինական խախտումները, ինչի մասին շատ է խոսվել մեր երկրում 30 տարի շարունակ, այս իշխանության օրոք ստանում են նոր, յուրահատուկ, ավելի այլասերված տեսք ու նույն թափով շարունակվում են»,- եզրափակեց Տիգրան Աթանեսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս