«Նախարարության՝ որպես լիազոր մարմնի կողմից, թույլ են տրվել սխալներ». ԱԺ պատգամավորների հանդիպումը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների հետ

Այսօր խորհրդարանում երեք խմբակցությունների պատգամավորները՝ «Լուսավոր Հայաստան»-ից  Աննա Կոստանյանը,  «Իմ քայլը»-ից Լիլիթ Ստեփանյանը, ԲՀԿ-ից Արման Աբովյանն ընդունեցին միասնական քննությունների արդյունքում դրական գնահատական ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդներին և նրանց ծնողներին:

Հանդիպումը կազմակերպվել է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության առաջարկով։

Դիմորդներից մեկի ծնող Մասիս Բաբալյանը պատգամավորներին ներկայացրեց խնդիրը, չնայած հանդիպման հենց սկզբում պատգամավորները խնդրեցին հակիրճ ներկայացնել, քանի որ խնդրին  ծանոթ են։

Այդուամենայնիվ, Մասիս Բաբալյանը մանրամասն ներկայացրեց ողջ պատմությունը, այդ թվում՝ այն, որ դիմորդներին շփոթեցրել է ԿԳՄՍՆ նախարարության որդեգրած նոր քաղաքականության և փոփոխված կարգում 59-րդ կետը:

«58-ն ասում է՝ առաջնայինը հայտն է, առաջին հայտը, հետո գալիս է 59-րդը՝ մեկնաբանություն, որ միայն թափուր տեղերի առկա լինելու դեպքում դիմորդը, որն առաջին հայտով չի անցել, կարող է մասնակցել թափուր տեղերի դեպքում մրցույթի: Եթե իրենք ուզում էին, որ իրականում դիմորդները պատշաճ կերպով տեղեկացված լինեին, պետք է հասարակ մի հատ կարգ մշակեին, երբ որ դիմորդը հայտը ներկայացնում էր, իրենք հետադարձ տեղեկություն են ուղարկել, որ «այո, ընդունվել է, սա համարակալած սա է, եթե ուզում եք, կարող եք փոխել»: Արդյոք դժվա՞ր էր, մանավանդ որ կարգը, իրենք էլ գիտեին, որ ոչ բոլորն  են տեղյակ, ավելի ճիշտ, մեծ մասը տեղյակ չեն, նշեն, որ «հարգելի դիմորդ, 2020 թվականի մայիսի 21-ին կառավարությունը հաստատել է նոր կարգ՝ 826-Ն որոշմամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել նոր կարգի 58 և 59-րդ կետերին: Ծանոթանալուց հետո ցանկության դեպքում կարող եք փոխել Ձեր հայտերի հերթականությունը»: Ընդամենը այդքան բան էր պետք, որը չի արվել»,- ասաց Մասիս Բաբալյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն արձագանքելով ծնող Բաբալյանին՝ համաձայնեց նրա ներկայացրած որոշ պնդումների հետ։

«Միանշանակ կողմ եմ Ձեր կողմից բերվող բոլոր այն պնդումներին, որ նախարարության՝ որպես լիազոր մարմնի կողմից, թույլ են տրվել սխալներ և հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, այդ հանգամանքներից ամենակարևորը թագավարակի առկայությունն է, ինչպես նաև իմ պատկերացմամբ՝ մեկ քննության հանգամանքը, որովհետև իմ խորին համոզմամբ, եթե 2-րդ քննություն կամ 3-րդ քննություն ևս լիներ, այս խնդրի առջև կանգնած չէինք լինի միգուցե»,- ասաց պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ վստահեցրեց, որ այսօր արդեն երեք խմբակցությունների ներկայացուցիչների ստորագրությամբ գրություն կուղարկեն նախարարություն, միևնույն ժամանակ ներկայացրեց իր դիտարկումները խնդրի առնչությամբ։ Պատգամավորը նախ կառավարության անունից ներողություն խնդրեց տեղ գտած տեխնիկական  սխալի համար, ինչի մասին իրեն տեղեկացրել էին «Պահանջատեր դիմորդ»  նախաձեռնության ներկայացուցիչները.

«Էստեղ ասվեց, որ դիմել են Հայոց լեզու և գրականություն առարկայի համար, ընդունվել են կիրառական մաթեմատիկա։ Խոսքը  11 հազարից ավելի ուսանողի մասին է, բնական է, որ կարող են լինել տեխնիկական սխալներ, ես մեծ խնդիր չեմ տեսնում։ Եվ եթե կարիք կա, որ որևէ մեկը ներողություն խնդրի այս տեխնիկական սխալի համար, որ համակարգիչն արել է, ես իմ կառավարության և լիազոր մարմնի անունից ներողություն եմ խնդրում այս տեխնիկական սխալի համար»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով, որ, եթե կան մարդիկ, որոնք ունեն հիմնավոր փաստեր և ապացույցներ, որ առաջին օրը այլ միավոր է եղել գրված, իսկ ցուցակը հրապարակելուց հետո միավորը փոխված է եղել, ապա կարող են դիմել իրավապահ մարմիններին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր խոսքում ընդգծեց,  որ չեն փորձում նախարարության գործողություններում և կայացրած որոշումներում գտնել միտումնավոր տարրեր, սակայն կան չհաշվարկված, չմտածված քայլեր, հաշվի չեն առել կարևոր հանգամանքները։ Պատգամավորը շեշտեց նաև, որ պատշաճ տեղեկություն չի տրվել, որը նախարարության հստակ բացթողում է։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիաներ են անցկացնում և հանդիպումներ են ունենում պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավաբանների հետ, նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր: Նրանք նաև հանդիպում էին պահանջել ԿԳՄՍ նախարարի հետ, որը տեղի չի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս