Պետրոս Ղազարյա՛ն, գոնե Արայիկ Հարությունյանին լուսավորեիք, որ Չարենցին չեն գնդակահարել…

Օրեր շարունակ չեն մարում հանրակրթության պետական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի, հատկապես՝ Հայ գրականություն առարկայի շուրջ բորբոքված կրքերը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ընդունելության քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստացած, սակայն ընդունելության քննությունների նոր կարգի պատճառով բուհեր չընդունված դիմորդների բողոքի ձայնը:

Երեկ դիմորդներն իրենց բողոքն արտահայտում էին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ իրենց ընդունի կամ իրենց հետ խոսելու իջնի նախարար Արայիկ Հարությունյանը, ինչը վերջինս, իհարկե, չարեց: Փոխարենը՝ երեկոյան նա հյուրընկալվեց Պետրոս Ղազարյանին և Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանեց ոչ թե դիմորդների ու նրանց ծնողների և լրագրողների, այլ այս չափորոշիչների մշակման ու առարկայական ծրագրերի փոփոխությունների ջատագով ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ամուսնու հարցերին:

Ինչպես և ակնկալելի էր, դիմորդների հարցերին դեմ առ դեմ պատասխանելուց խուսափող նախարարը հոխորտաց ու մեղադրանքներ հնչեցրեց բոլորի հասցեին՝ դիմորդների, նրանց ծնողների, ընդդիմախոսների ու քննադատների:

Վերջինս նախ այս գործընթացը բարեփոխում համարեց ու ասաց, որ նախորդ իշխանությունները չեն ցանկացել այս «բարեփոխումն» իրականացնել, և պատմեց էլիտար մասնագիտությունների հետ կապված ինչ-որ հեքիաթ, նշեց, որ, եթե չէին ընդունվում էլիտար մասնագիտությունների ֆակուլտետներ, «լցվում էին» այլ ֆակուլտետներ:

Արայիկ Հարությունյանն այս համատեքստում բերեց խորհրդային տարիների օրինակը, երբ դիմորդը դիմում էր մեկ ֆակուլտետ ընդունվելու համար, իսկ այս դեպքում դիմում ես մի քանի ֆակուլտետներ, բայց ընդունվում ես միայն առաջին հայտով: Այդ դեպքում ո՞րն է իմաստը՝ թույլ տալ դիմել մեկից ավելի ֆակուլտետներ: Փոփոխությունը, թերևս, արդարացված կլիներ, եթե դիմորդը հնարավորություն ունենար դիմելու միայն մեկ ֆակուլտետ, իսկ այս դեպքում չարդարացված ակնկալիքների ու հույսերի ողջ պատասխանատվությունը կրում է ԿԳՄՍ նախարարությունը:

Շարունակենք անդրադառնալ նախարարի հարցազրույցին:

«Ես ուզում եմ նախ՝ այս հարթակը կարևորելով՝ շատ մեծ ուշադրություն դարձնել հատկապես դիմորդներին և դիմորդների ծնողներին, որ այլևս այս բողոքները ստանում են քաղաքական երանգ, որովհետև այստեղ ներգրավված և կազմակերպող անձինք, նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է, և ուզում եմ դիմորդների և ծնողների ուշադրությունը սրան հրավիրել, որ չընկնեն այս հոսանքների մեջ, որովհետև ինչո՞ւ իրենք ակտիվացան»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Մենք, ճիշտ է, արդեն ընտելացել ենք, որ սեփական ինքնագովազդի՝ PR-ի համար մետրոյով գեթ մեկ անգամ աշխատանքի գնացած նախարարն անպատասխանատու հայտարարությունների անգերազանցելի վարպետ է, և դրա վառ օրինակը «ԱՅԲ» դպրոցի դեմ նրա անպտուղ արշավն էր, սակայն մտածում էինք, որ պաշտոնավարումից շուրջ 2 տարի անց վերջինս գոնե բավարար լրջություն պետք է ձեռք բերած լիներ ու գիտակցեր՝ ինչ պաշտոն է զբաղեցնում:

Բայց արդեն նույնիսկ ծիծաղելի չէ դիմորդների բողոքը համարել քաղաքականացված և որպես օրինակ բերել այն հանգամանքը, որ ակցիայի մասնակիցներից կամ կազմակերպիչներից մեկը ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներից է: Ե՞վ…

Ի դեպ, այսօր ակցիայի մասնակիցներից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Խաչատուր Նազարեթյանն անդրադառնալով իրենց բողոքի ակցիաների մասին նախարարի այդ դիտարկմանը՝ ասել էր.

«2016թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ եմ, այս  շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ, ոչ մի անգամ ոչ մի  քաղաքական բան չի եղել: Իշխանական կուսակցությունից եմ՝ Նիկոլ Փաշինյանի, անձամբ, երբեք ոչ մի վատ բան իշխանության հասցեին չեմ հնչեցրել ու չեմ էլ պատրաստվում: Սա զուտ քաղաքացիական արդար պահանջն է երեխաների, ուրիշ ոչինչ քաղաքական չկա այստեղ»:

Այսինքն՝ նախարարի համար նախորդ երկու տարում բան չի փոխվել, և որպես հիմնական հակափաստարկ՝ նա ներկայացնում է այն հանգամանքը, որ ցուցարարների շարքում հայտնաբերվել է Ռոբերտ Քոչարյանի մեկ աջակից:

Անդրադառնալով այն փաստին, որ Հայ գրականության առարկայական չափորոշիչների մշակման արդյունքում առարկայի անվանումից հանվել է «հայ» բառը, և առարկան դարձել է սոսկ Գրականություն, նախարարը մի պաթոսախառն ելույթ էր պատրաստել:

«Ուզում եմ հասկանալ, թե այսչափ կեղծիքն ու սուտը որտեղի՞ց են գալիս: Ընդ որում, այդ սուտն ու կեղծիքը հնչում է կարևոր հետազոտական և բուհական կենտրոններից, և նույնիսկ այն դեպքում, երբ դու հերքում ես ու ասում ես՝ այդպիսի բան չկա, միևնույն է, շարունակում են դա անել»,- վրդովված ասաց Արայիկ Հարությունյանը:

Ընթերցողին առաջարկում ենք անցնել այս հղումով ու այնտեղ հայտնաբերել Հայ գրականություն առարկան: Վստահաբար չեք գտնի: Հիմա թե ինչ կեղծիքի մասին է խոսում Արայիկ Հարությունյանը, միայն ինքը կիմանա:

Շարունակելով Հայ գրականություն առարկայի բովանդակային խեղման թեման արդարացնել՝ ԿԳՄՍ նախարարը, ձեռքում ցուցադրելով  7-րդ դասարանի Գրականություն առարկայի դասագրքի տիտղոսաթերթի լուսանկարը, շարունակեց.

«Սույն պարոնը ժամանակին այսպիսի դասագիրք է գրել, և իր դասագրքի վրա «հայ» բառ չկա: Նույնը՝ 8-րդ դասարանում, 9-րդ դասարանում: Ես ուզում եմ հասկանալ՝ մանիպուլյացաներն ու կեղծիքներն ինչի համար են, որ ստվերե՞ն այս ամբողջ գործընթացը: Չի հաջողվելու: Ես հասկանում եմ, թե այս աղմուկը որտեղից է, որովհետև մի մեծ խումբ, որը նախկինում դասագրքեր է գրել և «ապահովվել» մեր զարգացումն ու չզարգացումը դպրոցներում, հիմա դուրս է մնացել այս գործընթացներից»:

Թողնենք մի կողմ այն, որ ԿԳՄՍ նախարարը չգիտեր արդի հայ գրականության խոշորագույն հետազոտողներից մեկի անունը և միայն դասագրքի վրա կարդալով՝ արտաբերեց այն, կամ միգուցե գիտեր, բայց իր արհամարհանքն էր այդպիսով արտահայտում, չխոսենք նաև այն մասին, որ տարրական հարգանքը վաստակ ունեցող մարդու նկատմամբ նախարարի զրոյացած վարկանիշի վրա, թերևս, գուցե դրականորեն կազդեր, այլ անդրադառնանք նախարարի մանիպուլյացիաներին:

Խոսքը գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բազում դասագրքերի ու գրքերի, մենագրությունների համահեղինակ Դավիթ Գասպարյանի մասին է:

Ուշադրություն. նախարարի ցուցադրած դասագրքերը միջին դասարանների դասագրքեր են, և դրանցում ուսուցանվող նյութը պարունակում է գերակշիռ մասով հայ գրականության և, որոշ չափով՝ նաև համաշխարհային գրականության նմուշներ, և առարկան պարզապես չէր կարող կոչվել Հայ գրականություն՝ գոնե թե տեխնիկապես:

Նախարարը կամ չգիտի, կամ դիտմամբ է շահարկում թեման, որովհետև Հայ գրականություն առարկան խորությամբ, ոսկեդարի, միջնադարի, նոր գրականության դասական ողջ ներկապնակով աշակերտներն անցնում են 10-11-12-րդ դասարաններում՝ ավագ դպրոցում:

Ի դեպ, 11-12-րդ դասարանների գործող Հայ գրականություն առարկայի դասագրքերի համահեղինակներից մեկը Դավիթ Գասպարյանն է, ու վերջինս երբեք չի ժխտել, որ համաշխարհային գրականության լավագույն գործերի՝ դասագիրք ներառումը ոչ միայն կարելի է, այլ անհրաժեշտ է, ինչը և ինքն արել է:

Այնպես որ, անգիտակցաբար կամ միտումնավոր, ինչն առավել հավանական է, թեմայի մանիպուլյացումը թերևս խոսում է միայն ԿԳՄՍ նախարարի՝ հակափաստարկների բացակայության մասին:

«Սարսափելի են այն լեզուն և այն ոճը, որով այս թեման քննարկում է: Եվ ես հիմա հասկանում եմ, որ այս մարդիկ, օրինակ, 30-ական թվականներին իրենց ժամանակվա նոր հեղինակներին էին քննադատում, ավելին՝ «դանոսներ» գրում, որի արդյունքում, օրինակ, Չարենցն ու Բակունցը գնդակահարվեցին»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Չենք մեկնաբանում ակնհայտ անգրագիտությունը, միայն նախարարին հիշեցնենք, որ «դանոսների» ինստիտուտի հիմնադիր այս իշխանությունը և անձամբ ինքը չէ այն անձը, որ «դանոսների» թեման պետք է շահարկի, և ամեն դեպքում, ասենք, որ Չարենցին չեն գնդակահարել, Չարենցը մահացել է բանտում:

Դե, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի հեգնանքն առանձին թեմա է: Շահերի բախո՞ւմ… Չենք լսել:

Տեսանյութեր

Լրահոս