«2016 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ, այս շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ, ոչ մի քաղաքական բան չի եղել». դիմորդի ծնողը՝ ԿԳՄՍ նախարարին 

Այսօր բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության առջև: Դիմորդներից մեկի ծնողը՝ Խաչատուր Նազարեթյանը, արձագանքելով երեկ հարցազրույցի ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանի արած դիտարկմանը, թե այս ակցիան արդեն քաղաքական աստառ է ստանում, և դրա հետևում կանգնած են քաղաքական ուժեր, ժխտեց, որ նման բան հնարավոր է:

«2016թ.-ից ՔՊ կուսակցության անդամ եմ, այս շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ, ոչ մի անգամ ոչ մի  քաղաքական բան չի եղել: Իշխանական կուսակցությունից եմ, Նիկոլ Փաշինյանի անձամբ, երբեք ոչ մի վատ բան իշխանության հասցեին չեմ հնչեցրել ու չեմ էլ պատրաստվում: Սա զուտ քաղաքացիական արդար պահանջն է երեխաների, ուրիշ ոչինչ քաղաքական չկա այստեղ»,- ասաց դիմորդի ծնող, ՔՊ անդամ Խաչատուր Նազարեթյանը:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիաներ են անցկացնում և հանդիպումներ են ունենում պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավաբանների հետ, նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր: Նրանք երեկ հանդիպում պահանջեցին ԿԳՄՍ նախարարի հետ, որը տեղի չունեցավ:

Տեսանյութեր

Լրահոս