«Սա պարենային և ազգային անվտանգության հարց է դառնում». Վահագն Վարագյանն ահազանգ է հնչեցնում
Սևանա լճի խնդիրն ունի հրատապ լուծման կարիք, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր լճում, վաղը կարող է բերել մի կետի, երբ կունենանք անդառնալի իրավիճակ, որին հասնելուց հետո անգամ միլիարդավոր դոլարների ծախսման պարագայում էլ չենք կարողանալու փրկել Սևանա լիճը։ Այսօր 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը։
«Սևանա լճի ծաղկումը կանգնեցնելու համար կան հրատապ լուծում պահանջող մի քանի խնդիր, որոնք պետք է կատարվեն, բայց կա՛մ չեն արվում, կա՛մ արվում են թերի և աննշան։ Առաջնահերթ և հրատապ է ափամերձ տարածքների մաքրումը, որի համար 2019-2021 թվականների համար Կառավարությունն այդ նպատակի համար հատկացրել էր մոտ 550 միլիոն դրամ, որպեսզի 750 հեկտար ափամերձ տարածք մաքրվի, սակայն 1.5 տարվա ընթացքում 750 հեկտարից մաքրվել է 150 հեկտարը։ Սա անբավարար աշխատանք է, և սրա պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարությունն է, որտեղ, արդեն երկու ամիս է՝ նախարար չունենք»,- ասաց Վարագյանը։
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի այն դիտարկմանը, որ լիճը փրկելու համար անհրաժեշտ է հիմնել կենսաբանական մաքրման կայաններ, որոնց գինը տատանվում է 40 հազարից մինչև 400 հազար դոլարի սահմանում, Վահագն Վարագյանը նշեց, որ այդ մաքրման կայաններն այնքան կարևոր են, որ կարող են փրկել լիճն անդառնալի վիճակում հայտնվելուց։
«Կարելի է մի քանի կիլոմետր ասֆալտ չանել և գումարը հատկացնել այս կայաններին»,- ասաց նա։
Լճի ճահճացումը թույլ չտալու համար, ըստ Վարագյանի, կենսական անհրաժեշտություն է ձկնորսության և ձկնագողության արգելքը։
«Սակայն, ի հեճուկս սրան՝ պետությունն արել է ճիշտ հակառակը. թույլատրել է 200 տոննա սիգի որսը՝ արդյունագործական նպատակով, որը, թերևս, ամենասխալ որոշումն է, եթե իհարկե, բանակից հետո կարևորությամբ հաջորդը Սևանա լիճն է, ինչպես ասել է մարզպետը։ Այս պահին նաև ռեալ չի իրականացվում որսագողության դեմ պայքարը։ Այս տարի ձուկն ավելի էժան է վաճառվում, քան անցյալ տարի։ Մենք լճում համարյա թե չունենք խեցգետնի պաշար, կարծում եմ, լճում սիգի պաշարները չեն հասնում անգամ 1000 տոննայի։ Ճիշտ է՝ մանրաձուկ են բաց թողնում, բայց դա այս կեղտոտ ջրում չի կարող զարգանալ։ Մենք լուրջ պարենային անվտանգության խնդիր ենք ունենալու.. սա արդեն Ազգային անվտանգության հարց է դառնում։ Մենք պետք է հստակ հասկանանք մեկ բան՝ Սևանի վրա մարդու ազդեցությունը պետք է բացառել»,- ասաց Վարագյանը։
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավարի փոխանցմամբ՝ լիճը փրկելու համար պետք է զարկ տալ նաև ջրամբարների կառուցմանը, որպեսզի Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չլինի։
«170 մլն խմ ջուր կարող են վերցնել, սակայն այդ թիվը սահնմանափակված չէ, եթե պետք լինի, Ազգային ժողովով կարող են օրենքում փոփոխություն կատարել և ոռոգման նպատակով ավելի շատ ջուր վերցնել՝ օրինակ՝ գյուղատնտեսական բունտերից խուսափելու համար։ Այստեղ մենք խնդիր ունենք նաև օրենսդրական կարգավորումների, իհարկե, ամենակարևոր բացը լուրջ ռազմավարության բացակայությունն է։ Եթե շարունակենք այսպես որևէ գործողություն չանել, և Սևանը վերածվի ճահճի, կունենանք մի իրավիճակ, որ դեպի Սևանա լիճ մարդկանց մուտքը կարգելվի, տարածաշրջանի էկոմիջավայրը կփոխվի, տարածաշրջանում հնարավոր չի լինի ապրել, և կարող ենք հասնել մի իրավիճակի, որ խնդիր դրվի այդ տարածքի բնակչության տեղափոխման, և սա աղետ է։ Աղետ է նաև մեր գետերի չորացումը, որը հետևանք է նրա, որ հէկ-երով փորձում են էներգիայի հարցը լուծել, թեև հիմա մենք պետք է ունենայինք Շրջակա միջավայրի այնպիսի մի ռազմավարություն, որը կարգելեր հէկ-երի գործունեությունը ու զարկ կտար արևային կայանների կառուցմանը»,-ասսաց Վարագյանը՝ նշելով, որ, թեև 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո սպասվում էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունում էլ տեղի կունենան հեղափոխական փոփոխություններ, սակայն, ավաղ, ամեն ինչ գնում է դեպի վատը։
«Ասում են՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ այդ դեպքում որտե՞ղ են այդ հեղափոխական լուծումները, չենք տեսնում. ոչ միայն հեղափոխություն չենք տեսնում, այլ տեսնում ենք՝ ամեն ինչ դեպի վատն է գնում, խնդիրների վատթարացում ենք տեսնում, և դա՝ այն դեպքում, երբ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Մյուս կողմից՝ պետությունը մասնագետների կարծիքը գրեթե հաշվի չի առնում. օրինակ՝ երբ տեսան Սևանա լճի այս խնդիրը, պետք է գիտնականների հանձնախումբ ձևավորեին, որոնց մշակած ռազմավարությունը պետք էր վերցնել ու կիրառել, բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ։ Որևէ պլան պետությունը չի մշակում, միայն կրիտիկական նեղ պահերին է հիշում գիտնականներին. օրինակ՝ երբ պետությունը կանգնեց կորոնավիրուսի համավարակի առջև, միայն այդ ժամանակ հիշեց, որ կան գիտնականներ և ինստիտուտներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ՝ Սևանա լճում ստեղծված աղետալի վիճակը հետևանքն է քաղաքական կամքի, գիտելիքների բացակայության և հարցը լրջությամբ չընկալելու։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում