
«Իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է»․ Սիսակ Գաբրիելյանը՝ Վահրամ Ավետիսյանի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հանդիպում կունենան ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Կարծում եմ, որ մյուս ուժերը նույնպես հանդիպում կունենան: Սա, ըստ էության, չգրված կանոն է եղել բոլոր նախորդ թեկնածուների դեպքում: Խմբակցությունների հետ հանիպումները կլինեն և մեր դիրքորոշումները, գուցե, ավելի հասկանալի լինեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Հարցին, թե որքանով էր անկակնալ կառավարության այս թեկնածուի առաջադումը՝ հաշվի առնելով, որ բոլորովին այլ անձանց անուններն էին շրջանառվում, Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ինքը թեկնածու առաջադրող սուբյեկտը չէ:
«Ինձ համար անակնկալ էր, որովհետև ես թեկնածու առաջադրող սուբյեկտ չեմ: Թեկնածուի մասով գնահատականներ չտամ, նաև այն առումով, որ իմ դասախոսն է եղել: Իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է: Մնացածը Ազգային ժողովի ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության, այլև մյուս ուժերի քվեարկության արդյունքում կպարզվի»,-հավելեց պատգամավորը: