«Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջև սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց». ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումներին, Արցախի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:
«Իհարկե, բոլորն անհանգստացած են այս ամենով, ինչին ականատես ենք: Երկրներում առկա են բավարար խնդիրներ, և շատ ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում, հատկապես հարաբերական հանգստության երկար ժամանակահատվածից հետո: Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջև սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց: Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառնալիքները պարզապես չեն սահմանափակվում միայն այդ գոտիով, այլ ընդգրկում են երկու երկրների մյուս մասերը ևս: Դա շատ անհանգստացնող է այդ առումով:
Միշտ էլ դժվար է հստակ իմանալ, թե ինչու է դա տեղի ունենում և նույնիսկ՝ ինչու է դա տեղի ունեցել որոշակի վայրում: Իմ գնահատականն այն է, որ այս պահին առկա է հիասթափության բարձր մակարդակ Հայաստանի և Ադրբեջանի միջև և, մասնավորապես Ադրբեջանում, որը կարծում եմ՝ որոշակի հույսեր ուներ, նույնիսկ լավատեսություն, ես կասեի, Հայաստանում իշխանության փոփոխության հետ կապված: Ուստի նոր բանակցություններ սկսվեցին նախագահի և վարչապետի միջև: Արդեն երկու տարի է անցել այդ պահից սկսած, և մենք տեսնում ենք, որ խաղաղ բանակցությունները ոչինչ չեն տալիս, ինչը շատ ցավալի է, քանի որ մեծացնում է հիասթափության մակարդակը՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ, վստահ եմ, Հայաստանում»,- ասել է նախկին համանախագահը:
Ըստ Ուորլիքի՝ երկու երկրների այդ հիասթափությունը մեծացնում է զինված հակամարտության հնարավորությունները. «Նախկինում շատ ենք ականատես եղել հակամարտության գոտում նման միջադեպերի, բայց մենք գիտակցում ենք, որ զինված ուժերը տեղակայված են նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով, և բախումներն այսօր այնտեղ են՝ շատ խոցելի հատվածում, որտեղ առկա են կարևոր ենթակառուցվածքներ, և դա անհանգստացնող է: Պատճառները շատ են՝ զինված բախումները կյանքերի կորստի հետ մեկտեղ՝ լուրջ խնդիրներ կստեղծեն կողմերի համար ենթակառուցվածքների առումով:
Եվ ցավոք, հաշվի առնելով երկու երկրներում տիրող իրավիճակը, ես չեմ տեսնում որևէ քայլ որևէ կողմից դեպի զիջումներ: Չեմ տեսնում խաղաղ գործընթացն առաջ տանելու պատրաստակամություն: Ինչպես գիտեք, ցանկացած խաղաղ գործընթաց 100 տոկոսով չի բավարարի ոչ մի կողմին: Անհրաժեշտ է բանակցային գործընթաց, որտեղ բոլորը կճանաչեն խաղաղության արժեքի կարևորությունը՝ շարունակական հակամարտության փոխարեն»:
Պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ որն է այսօր Մինսկի խմբի հիմնական դերը կողմերին այս բախումներից հետո խաղաղությանը մոտեցնելու հարցում, և արձագանքելով դիտարկմանը, թե խումբը վերջերս քննադատության է ենթարկվել, մեղադրվել անարդյունավետության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը նշել է. «Միշտ էլ եղել է քննադատություն Մինսկի խմբի և ձևաչափի վերաբերյալ: Ես շատ ուրախացա, երբ տեսա դրական հայտարարություն ՌԴ փոխարտգործնախարարի կողմից, որը խաղաղ կարգավորման և բանակցությունների վերսկսման կոչ էր անում: Կարծում եմ՝ դա շատ օգտակար է, և նաև ամրապնդեց այն ուղերձը, որ Մինսկի խմբի երկրները պետք է շարունակեն ակտիվ լինել և ներգրավված: Եվ ես համաձայն եմ, որ համանախագահներն այս հարցում պետք է լինեն առաջատարի դերում»:
Մանրամասները՝ տեսանյութում