Բոլորն ակնկալում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կավարտեր մրցաշրջանը վեցերորդ կամ յոթերորդ տեղում. Սուլշեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի արտագնա խաղը «Լեսթեր Սիթիի» հետ (2:0): Հաղթանակը «Կարմիր սատանաներին» թույլ տվեց մրցաշրջանն ավարտել երրորդ հորիզոնականում:
«Չեմ կարծում, թե շատերը ենթադրում էին, որ այսպես կլինի: Բոլորն ակնկալում էին, որ մենք կավարտենք վեցերորդ կամ յոթերորդ տեղում: Դարձա՞վ դա մոտիվացիա: Եթե ինձ քննադատում են, դա ինձ ավելի ուժեղ է դարձնում: Խնդրում եմ, ինձ շատ մի գովաբանեք, քանի որ ես դառնում եմ ինքնագոհ: Այդպիսի մարդ եմ ես:
Հավատում եմ նրան, ինչ անում եմ: Ես հավատում եմ նրան, ինչ արել եմ: Բոլորը տարբեր գաղափարներ ունեն մարզչական աշխատանքի մասին, և ես այն կատարում եմ իմ ձևով: Դա միակ մեթոդն է, որը ես կարող եմ օգտագործել աշխատելիս: Մեր ֆուտբոլիստներն ընդունել են դա: Ես չեմ փորձում ասել, որ կապ չունեմ: Ես աշխատում եմ և հավատում եմ նրան, ինչ անում եմ:
Երրորդ տեղը մեծ նվաճում է իմ աշխատակազմի և խաղացողների համար: Նրանք անհավանական են: Խաղից առաջ ես ասացի. «Կարևոր չէ՝ ինչ տեղի կունենա, այս մրցաշրջանը ֆանտաստիկ է լինելու»: Մենք կառուցում ենք մշակույթ: Ես շատ գոհ եմ և հպարտ եմ նրանց ջանքերից: Հաղթելը շատ դժվար էր բարոյապես, քանի որ մենք պարտվել էինք երկու կիսաեզրափակիչ»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը