ՀՀ-ում հայ և ռուս մասնագետներն ուսումնասիրել են թուրքական «Bayraktar»-ին հակազդելու միջոցները
Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը հանդիպել էր Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Քերեմ Մուստաֆաևի և Ռամիզ Թաիրովի հետ:
«Մենք քննարկել ենք ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը: Մեր անօդաչու թռչող սարքերը և հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են»,- թվիթերի իր միկրոբլոգում գրառել էր Դեմիրը:
Ավելի ուշ ՀՀ-ում անցկացվել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակը հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերին հակազդելու մեթոդների ուսումնասիրումն էր: Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցել են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների ստորաբաժանումների հրամանատարները։
Նշենք, որ արտապլանային կարգով իրականացվել են նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակի ամբողջական փաստագրության և օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։
«Զինուժ» ծրագրի հուլիսի 25-ի թողարկման շրջանակում այս թեմայով պատրաստված ռեպորտաժում ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը տեղեկացնում է.
«Ճշգրտեցինք հարևան պետությունների կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերի, հատկապես՝ հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների դեմ ինչպես ենք պայքարելու, ինչ միջոցներով, ինչ հերթականությամբ, և ով ինչ խնդիրներ է կատարելու, ո՞ր բնագծերում, ո՞ր պատասխանատու սեկտորներում ինչ ձևով են ոչնչացնելու հակառակորդի կողմից կիրառվող ԱԹՍ-ները»:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը մի կարևոր փաստ է արձանագրում՝ կադրերում երևում է, որ աշխատանքային քննարկումներից մեկի ընթացքում համապատասխան մասնագետներն ուսումնասիրում են թուրքական «Bayraktar TB2» տեսակի ԱԹՍ-ները։ Այսինքն՝ հայկական կողմը հաշվի է առնում թուրքական «Bayraktar TB2»-ի՝ Ադրբեջանի ձեռքում հայտնվելու փաստը:
«Շատ կարևոր է, որ կանխատեսելով ապագայում այդօրինակ ԱԹՍ-ների կիրառումը մեր ԶՈՒ-ի դեմ, մենք զուգահեռ օգտագործելու ենք ռուսների փորձը, որը նրանք ձեռք են բերել Մերձավոր Արևելքում թուրքական բանակի կողմից կիրառված նմանատիպ ԱԹՍ-ների օգտագործման ժամանակ։ Թուրքերն առնվազն 14 «Bayraktar TB2» տեսակի ԱԹՍ են կորցրել Սիրիայում: Կարծում եմ՝ որտեղ որ էշելոնավորված նորմալ ՀՕՊ համակարգ է աշխատում, դրանց դեմ պայքարը բավականին արդյունավետ է: Ամեն դեպքում, պետք է լուրջ վերաբերվել այս փաստին. համացանցում կադրեր կան, որ նույն «Bayraktar»-ով թուրքերը «Պանցիր- С1» տեսակի համակարգ են շարքից հանել: Կրկնում եմ՝ վտանգը մեծ է, քանի որ թուրքերն են կիրառելու իրենց ԱԹՍ-ն, ադրբեջանցիներին չեն վստահելու»,- նշեց նա՝ հավելելով, որ մեր ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների համալիր աշխատանքի դեպքում թուրքական «Bayraktar»-ներին լուրջ փորձություններ են սպասում հայկական երկնքում։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր. «Թուրքիան, տարբեր աղբյուրների հավաստմամբ, իր արտադրության բազմակի օգտագործման հարվածային Bayraktar TB 2 ԱԹՍ-ներ է փոխանցել Ադրբեջանին, բայց չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան բարձրակարգ իսրայելական ԱԹՍ-ների կորստից հետո փորձ կատարի կիրառել նվազ հնարավորություններով թուրքական արտադրանքը»:
Հիշեցնենք, որ վերջերս հայ-ադրբեջանական սահմանագոտում իրականացված մարտական գործողությունների շրջանակում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր՝ իսրայելական արտադրության: Մասնավորապես, չորս օրվա ընթացքում Տավուշում, ընդհանուր առմամբ, չեզոքացվել է 13 ԱԹՍ, ևս մեկն այդ օրերին ոչնչացվել է Արցախում։
«Խոցվել է 10 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք, մեկ ռազմավարական՝ «Hermes-900», և 3-ը՝ «Օրբիտեր-2» և «Օրբիտեր-3» տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքեր»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը:
Ի դեպ, «Hermes-900»-ի խոցումը կատարվել է ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի անցած տարվա շրջանավարտներից մեկի հաշվարկներով: