Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են երկու անձի դանակահարության դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է
Հուլիսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում:
Քիչ անց ոստիկանությունում ստացվեցին նաև հիվանդանոցային ահազանգեր։ Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։
Ոստիկանությունում հնչած առաջին ահազանգից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20.15-ին, Քաջազնունու փողոցի 8-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ոստիկանների արդյունավետ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվեց նաև տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ էր։ Ժամը 21.20-ին նա հայտնաբերվեց Կրիվոյի փողոցում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: