«Դա մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է». Նարինե Դիլբարյան
«Սկզբից ես էլ էի ուզում մտածել, որ ազգայինի հանդեպ վերապահ վերաբերմունք չկա: Հիմա սկսում է թրենդային դառնալ վերազգային լինելը: Շատերին սկսում է թվալ, որ, եթե դու ազգային արժեքների ջատագովն ես, ուրեմն՝ անցյալից ես, առաջադիմական չես: Դա մանկական և ամբողջ աշխարհում վաղուց հաղթահարված մոտեցում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:
Նա նկատեց՝ գուցե ոմանց թվում է, թե Հայաստանը ծայրագավառ է, և իրենք կարող են գալ՝ իրենց գլոբալիստական պատկերացումներով՝ հանրության կողմից ընդունելության արժանանալ.
«Իրականում, ապագան ազգային, հզոր պետականություններինն է, և ոչ թե վերազգային, ընդհանրական միավորումներինը: Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում և՛ ԵՄ-ում, և՛ ԵՏՄ-ում, ցույց է տալիս, որ միայն ազգային ինքնիշխան պետականություններն են դիմանալու համաշխարհային մրցակցությանը և աշխարհը տանելու դեպի զարգացում: Այսինքն՝ եթե տվյալ միավորը չունի ազգային ինքնության հստակ գիտակցում, պարզապես ոչնչանալու է: Այդ տեսանկյունից՝ ցանկացած ոտնձգություն և ցանկացած քամահրանք ազգայինի հանդեպ՝ պարզապես պետության ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Հիմա այս մթնոլորտը, որը ձևավորվել է ազգային ինքնության հիմքում ընկած առարկաների շուրջ, հենց գալիս է այդ գիտակցումից: Այս խնդիրը, որն այսօր բարձրացված է, իրականում ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Մենք պետք է ստանանք հայ քաղաքացի, որը կկարողանա զարգացնել մեր պետությունը և համաշխարհայնացնել մեր նվաճումները»:
Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների և ծրագրերի նոր հայեցակարգի վերաբերյալ նա ասաց, որ այն թարգմանված փաստաթուղթ է. «Այնտեղ նաև զավեշտական արտահայտություններ կային: Օրինակ՝ նշվում է, թե մինչ այս կրթությունը եղել է երկչափ, այսինքն՝ գիտելիք, որին հաջորդել է հմտությունը կամ կարողությունը, իսկ այժմ իրենք առաջարկում են եռաչափ կրթություն, և այստեղ պարզվում է՝ գիտելիքին նախորդում է հասկացությունը: Ցանկացած ողջամիտ մարդ անմիջապես կասի, որ չկա գիտելիք՝ առանց հասկացության, գիտելիքը հիմնվում է հասկացությունների վրա: Դա, ըստ ամենայնի, concept բառի սխալ թարգմանությունն է, որը գրել են՝ իբրև հասկացություն»:
Ըստ նրա՝ նախագծի հեղինակները վերցրել են Սինգապուրի կամ ԱՄՆ-ի փորձը. «Միշտ պետք է հասկանալ, որ հումանիտար առարկաները, հատկապես՝ այն առարկաները, որոնք պայմանավորում են մի կարևոր երևույթ, ինչպիսին ազգային ինքնությունն է, չեն կարող ուրիշի, թեկուզ՝ այնտեղ արդյունավետ ծառայած, մոդելի վրա վերաձևվել: Ե՛վ Սինգապուրը, և՛ ԱՄՆ-ը ազգային պետություններ չեն, որքան էլ հիմա այնտեղ ինչ-որ գործընթացներ ծավալված լինեն»:
Տարբեր քննադատություններից հետո ԿԳՄՍՆ-ից պարզաբանում տարածեցին, որ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը. «Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»։
Պատմիչների վերաբերյալ հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանն ասել է. «Եթե այդ մարդկանց մենք գրաբարից ենք արևելահայերեն վերարտադրել, մենք երաշխիք ունե՞նք, որ նրանց խոսքն այնքան ամբողջական է, որ կարող է երեխային հետաքրքրել»:
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ դա տխեղծ հաստատագրում է. «Ես չեմ հասկանում՝ ինչու, երբ մարդկանց ակնհայտ ճշմարտություններ են մատնանշում, նրանք սկսում են ամեն կերպ արդարանալ: Ընդհանրապես, հարձակվելը և ամեն կերպ արդարանալը, բնավ պաշտպանության լավագույն միջոցը չեն: Իսկ այդ դեպքում ինչո՞վ են նրանք վստահ, որ Հարպեր Լիի կամ Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբիի» թարգմանությունն այնքան հասկանալի է, որ կարող է 13-14 տարեկան երեխայի համար ընկալելի լինել: Եկեք՝ ծիծաղելի իրողություններ չմատնանշենք: Գրաբարի և ժամանակակից արևելահայերենի, ինչպես նաև՝ արևմտահայերենի միջև բացարձակապես չկան անջրպետներ, ճիշտ մեթոդական մոտեցման դեպքում նրանք հաղթահարվում են ակնթարթորեն: Մեր և՛ բառապաշարը, և՛ լեզվական հիմնական կառույցները հայոց լեզվի զարգացման ամբողջ ընթացքում եղել են ընդհանրական: Ուստի պետք չէ սեփական չիմացությունը կամ գրական և ազգային ինքնության ցածր մակարդակը պարտադրել մյուսներին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում