«Փաստացի անհավասար և անարդար պայմաններ են ստեղծվել բարձր միավոր ստացածների և ցածր միավորով ընդունվածների միջև». Աննա Կոստանյան

Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը խորհրդարանի մուտքի առջև հանդիպեց համալսարան չընդունված դիմորդներին և նրանց ծնողներին: Նրանք վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ-ի առջև, այնուհետև ակցիան շարունակեցին ԱԺ շենքի մոտ: Ծնողները պատգամավորին ներկայացրին, որ ԿԳՄՍ նոր քաղաքականության արդյունքում, որով գերակայությունը տրվում է առաջին հայտին, բարձր միավոր հավաքած մի շարք ուսանողներ առհասարակ դուրս են մնացել համալսարանից, քանի որ այն ֆակուլտետի անցողիկ միավորը, որն իրենք նշել են առաջին հայտով, ավելի բարձր է եղել, քան իրենք ստացել են, իսկ հաջորդաբար նշված ֆակուլտետների մրցույթներին մասնակցելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր:

Աննա Կոստանյանը ծնողներին հայտնել էր, որ հանդիպում են ունենալու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ և կքննարկեն նրանց բարձրացրած հարցերը: 168.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ նախարարության և ԳԹԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկն արել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, մինչև այսօրվա բողոքի ակցիան:

«Ազգային ժողովի դռների դիմաց ծնողների հետ հանդիպման ընթացքում ես արդեն տեղյակ էի, որ հանդիպումը կայանալու է: Այն, երևի թե, կկայանա վաղը, կարծում եմ՝ փակ ձևաչափով: Ներկա կլինի ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի համապատասխան ներկայացուցիչ, ըստ երևույթին, փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչպես նաև ԳԹԿ-ի մեր գործընկերները, ովքեր քննությունների, թեստավորման, արդյունքների մասով, դիմում հայտերի մասով պատասխանատու են»,- ասաց Աննա Կոստանյանը:

Մեր հարցին, թե քննարկմանը ծնողներից և դիմորդներից ներկայացուցիչներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանեց,  որ ինքը պնդում է ծնողներից գոնե մեկի ներկայության անհրաժեշտությունը: Չընդունված դիմորդների ծնողներն այսօր որպես խնդրի լուծում՝ առաջարկում էին դիմորդների նշած առաջին 4 ֆակուլտետներում տեղեր ավելացնել և հնարավորություն տալ մեկ կիսամյակի ընթացքում դրսևորել իրենց: Աննա Կոստանյանի կարծիքով՝ ծնողների առաջարկած տարբերակն այս պահին լավագույնն է:

«Բավականին արդարացի պահանջ է, քանի որ, ովքեր դուրս են մնացել առաջին հայտով բալերը չբավարարելու պարագայում, երկրորդ և երրորդ տեղերի հնարավորությունը չի դիտարկվել, ինչն աբսուրդային իրավիճակ է ստեղծել, փաստացի անհավասար և անարդար պայմաններ են ստեղծվել բարձր միավոր ստացածների և ցածր միավորով ընդունվածների միջև: Տեղեր ավելացնելու նախադեպ կա, չեմ կարող ասել՝ որ թվականին, նախարարի հրամանով տեղեր են բացվել, և այն դիմորդները, որոնք ստացել են համեմատաբար բարձր միավորներ, հնարավորություն են ունեցել առաջին կիսամյակի ընթացքում սովորելու և ապացուցելու իրենց իրավունքը՝ շարունակելու ուսումը, եթե բարձր առաջադիմություն են ունեցել, բարձր միավորներ են ունեցել՝ շարունակել են, եթե ոչ՝ դուրս են մնացել: Կարծում եմ, որ սա այս պահին լավագույն տարբերակն է»,- եզրափակեց Կոստանյանը:

Տեսանյութեր

Լրահոս