«Եթե նույնն են, ինչո՞ւ Հայոց պատմությունը չեն տարրալուծում Հայ եկեղեցու պատմություն առարկայի մեջ». Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի կարծիքով՝ միայն այն, որ պետությունը պատգամ է ուղղում ողջ աշխարհին, որ իր հասարակության հիմքը քրիստոնեական արժեհամակարգն է և արտահայտված է հանրակրթական դպրոցում հենց Հայ եկեղեցու պատմություն առարկայի միջոցով, տալիս է բոլոր հարցերի պատասխանները, թե ինչու պետք է այդ առարկան առանձին դասավանդվի դպրոցում:
«Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը որևէ մեկի իրավունքի խախտում չէ: ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու անդամներ են: Այն փոքրամասնությունը, որ հանդես է գալիս՝ որպես կրոնական կազմակերպություն կամ անկրոն զանգված, իրենք դպրոցում ուսումնասիրում են տարբեր առարկաներ, հետևաբար՝ այդ առարկաների ցանկում կարող են ուսումնասիրել նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան, քանի որ իրենք կենսաբանորեն հայ են, հայ ազգի մի մասնիկն են, պարտավոր են լիարժեք իմանալ իրենց ազգի արժեքները, պատմությունը և հասուն տարիքում որոշել, թե իրենք որ արժեհամակարգի կրողը, դավանողը և գործադրողն են»,- ասաց նա 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում:
Նրա խոսքով՝ ի տարբերություն ուղղափառ ճշմարիտ քրիստոնեական եկեղեցու, կեղծապատիր կրոնական կազմակերպություններն իրենց վարդապետությունը մատուցելով իրենց անդամներին՝ ոչ թե նպաստում են նրանց ազատ, ողջախոհ ընկալմանը, այլ հատուկ մեթոդներով զրկում են սթափ բանականությունից, դատողականությունից, ազատությունից և դարձնում զոմբիներ. «Եվ նրանք արդեն կաղապարված են, կոդավորված են և ճշմարտությունից շատ հեռու են: Մեր եկեղեցու պարագային երբեք չի ոչնչացվում անձի բանականությունը, դատողականությունը և ազատությունը, չի վերացվում անձի ինքնությունը, դրա համար էլ շատ հայ քրիստոնյաներ մանուկ հասակում մկրտվելով՝ չափահաս տարիքում չունենալով համապատասխան հոգևոր գիտելիքները և ինքնագիտակցությունը, դառնում են կրոնական մոլոր կազմակերպությունների հետևորդներ, խաբվելով, ճշմարտությանն անտեղյակ լինելով՝ հայտնվում են նրանց ճիրաններում»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տարօրինակ է համարում, որ «ոմանք փորձում են Հայ եկեղեցու պատմությունը տարանջատել Հայոց պատմությունից», Հայր Ասողիկն ասաց. «Երբ ասում ենք՝ Հայ եկեղեցու պատմություն՝ չենք հասկանում եկեղեցու պատմական իրադարձությունները՝ թվերով, անձերով և այլն: Եկեղեցու պատմություն ընդամենը առարկայի անվանումն է, կարող են քննարկումներով որոշել՝ այդ առարկայի անունը փոխել: Բայց առարկան ունի գիտակարգ, բովանդակություն, ծրագիր, որի մեջ ներառված են ոչ միայն հայ եկեղեցու երկհազարամյա պատմության պատմական դրվագները, այլև վարդապետությունը, աստվածապաշտությունը, միջկրոնական, միջեկեղեցական փոխհարաբերությունները, քրիստոնեական բարոյագիտությունը: Սրանք երբեք չեն կարող տարրալուծվել Հայոց պատմության մեջ: Եթե տարրալուծման խնդիր կա, այդ դեպքում այդ 7 տասնյակ մասնագետները, որոնք իրենց իրավունք են վերապահել միակողմանի չափորոշիչ կազմելու և դնելու շրջանառության մեջ, ապա ինչո՞ւ հենց Հայոց պատմությունը չեն տարրալուծել Հայ եկեղեցու պատմություն առարկայի մեջ: Եթե նույնն է, ինչո՞ւ այդ առարկան չպահենք Հայ եկեղեցու պատմություն անվամբ: Հստակ է, որ Հայոց պատմությունը քաղաքական պատմություն է, իսկ Հայ եկեղեցու պատմությունն ազգի հոգևոր և ոգեկանության պատմությունն է: Հետևաբար՝ դրանք տարբեր գիտական կարգեր են, և տարբեր մոտեցումներ են այդ առարկաներին պահանջվում»:
Հայր սուրբի խոսքով՝ չափորոշիչները կազմելիս միասնական աշխատանք էր անհրաժեշտ, բայց եկեղեցին չի մասնակցել. «Ես չեմ կարող ասել, թե ինչու եկեղեցուն չեն հրավիրել: Միշտ ասել եմ, որ թյուրիմացության արդյունք է, և ես այդտեղ չեմ ուզում միտում տեսնել, բայց իրադարձությունների զարգացումը և արտահայտված կարծիքներն արդեն հարկադրում են մտածելու, որ սա գերատեսչության կողմից որդեգրված քաղաքականություն է: Այդ առումով՝ եկեղեցին հստակ իր դիրքորոշումն արտահայտեց, որ այդ չափորոշիչների մեջ կան հայեցակարգային էական բացթողումներ, և այն պետք է ենթարկել հիմնովին վերատեսության»:
Նա ընդգծեց, որ ազգային եկեղեցին պետք է լինի իր իսկ հիմնած դպրության տաճարում. «Մենք ուրախ ենք, որ անկախությամբ եկեղեցին վերադարձավ հանրակրթության ասպարեզ, և այսօր էլ դա պետք է շարունակվի: Օրակարգում առարկան մնալու հարցն է դրված, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի առարկան մնա մեր դպրոցում: Այդ առարկան չի հետապնդում եկեղեցու շահերը, այդ առարկան հետապնդում է ազգային շահեր, իսկ եթե մենք վտանգում ենք մեր ազգային շահերը, ուրեմն՝ ասելիք չկա: Եթե առաջնորդվում ենք բացառապես ազգային, պետական շահերով, այս հարցում այլընտրանք լինել չի կարող»:
Ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ որպես ազգային արժեք, վարչապետի կողմից ներկայացվել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը: Հայր Ասողիկի կարծիքով՝ հայ իրականության մեջ չկա մեկ ուրիշ եկեղեցի կամ կրոնական կազմակերպություն, որ կհավասարվի Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն. «Եթե պետությունն ուզում է այդ ժեստով բոլորին համախմբել պետականաշինության գործի մեջ, ուրեմն չպետք է առանձնացնի հայ ազգի զավակներին, որոնք պատմական տարբեր իրավիճակներում, հիմնականում՝ օտարների խաբեբայությունների և բռնությունների արդյունքում, հարել են այս կամ այն կրոնական կազմակերպություններին և եկեղեցիներին, այլ նրանց պետք է դիտարկի Հայոց եկեղեցու ամբողջականության մեջ, որովհետև Հայ եկեղեցին իր հիմնադրման օրվանից իր առաքելությունը դիտել է հայ ժողովուրդը: Եթե ընդունում ենք, որ հայ իրականության մեջ կան կաթոլիկ և ավետարանական համայնքներ, ապա նրանք պետք է վերադառնան իրենց մայր եկեղեցու գիրկը, այլընտրանք գոյություն չունի»:
Ավետարանական եկեղեցուց հնչող հայտարարություններին ի պատասխան, թե՝ Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցիները քույր եկեղեցիներ են, հոգևորականն ասաց, որ նման բան գոյություն չունի. «Հայ Առաքելական եկեղեցու համար քույր եկեղեցիներն են՝ Ղպտի ՈՒղղափառ եկեղեցին, Ասորի ՈՒղղափառ եկեղեցին, Եթովպիո ՈՒղղափառ եկեղեցին, Հնդիկ-մալաբար ՈՒղղափառ եկեղեցին, և էկումենիկ հարաբերությունների շրջանակներում մեզ հարազատ են դիտարկում՝ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցուն, ուղղափառ եկեղեցուն և որոշ բողոքական եկեղեցիների, որոնք պահել են կաթոլիկ եկեղեցու նախնական վարդապետությունը: Հայ Ավետարանական եկեղեցին երբեք մեզ քույր եկեղեցի չէ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում