«Երեխաս սրտի կապլիներ է օգտագործում, ո՞վ է պատասխան տալու». համալսարան չընդունված դիմորդի ծնող
Այսօր համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ-ի դիմաց: Խնդիրն այն է, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ գերակայություն է տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝ այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր:
Ծնողներից մեկի՝ Մասիս Բաբալյանի որդին առաջին հայտով Իրավագիտություն է նշել և ևս 8 ֆակուլտետ, 15.75 է ստացել ու դուրս մնացել համալսարանից, քանի որ Իրավագիտության անցողիկ շեմը եղել է 19 միավոր, իսկ մնացած ֆակուլտետների համար էլ նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր դրանք առաջին հայտով են նշել, և թափուր տեղեր չեն մնացել: Արդյունքում՝ ստացվել է, որ Բաբալյանի որդուց ավելի ցածր բալեր հավաքած ուսանողներն ընդունվել են այն ֆակուլտետները, որոնք նա նշել է մյուս հայտերով, և որոնց համար իր հավաքած բալերն ավելի քան բավարար էին:
«Նույնիսկ 18.75 ստացող է եղել, որ ընդամենը 4 հայտ լրացնելու պարագայում դուրս են մնացել և չեն համարվում ընդունված ուսանող: Սա ես համարում եմ սխալ ռազմավարություն ԿԳՄՍՆ-ի կողմից, որովհետև այդ նախարարությունն առաջին հերթին պետք է մտածի հայ երիտասարդի կիրթ լինելու մասին, որ կրթությունը լինի ավելի բարձր մակարդակի վրա: Չեմ ասում՝ թող իմ տղան ու մնացածը գնան-նստեն 7.5 ստացածի տեղը, որը որոշ ֆակուլտետներում արդեն համարվում է ընդունված, բայց թող նախարարը Կառավարության նիստում հարց բարձրացնի, որ այն ուսանողների համար, որոնք բարձր գնահատական են ստացել, տեղեր ավելացնեն, դրանից պետությունը շահելու է, նախ՝ վճարովի են, վճարները վճարելու են, դիմորդները ևս շահելու են, համարվում են ընդունված: Առաջին սեմեստրից հետո թող լուրջ քննություն անցկացնեն, ովքեր վատ կտիրապետեն իրենց մասնագիտական առարկաներին, թող դուրս մնան, բայց հիմա տեղեր ավելացնելով՝ լուծում կլինի այժմ: Աբսուրդ է՝ բարձր գնահատական ստացող դիմորդը չընդունվի»,- ասաց Բաբալյանը:
Հարցին, թե մինչև հայտ լրացնելը չգիտեի՞ն, որ նախապատվությունը տրվելու է առաջին հայտով դիմողներին, ծնողը պատասխանեց, որ իմացել են, սակայն չեն պատկերացրել, որ Իրավաբանականի անցողիկ շեմը կլինի 19: Մասիս Բաբալյանի պնդմամբ՝ ԳԹԿ-ն պետք է անցողիկ շեմ սահմանած լիներ ֆակուլտետների համար, որ դիմորդները, ըստ իրենց կարողությունների, կողմնորոշվեին:
«Ափսոս է, էլի, երկու տարի չարչարվել են, պատկերացնո՞ւմ եք իրենց ապրումները, այսինքն՝ հոգեբանորեն դառնում է, որ սխալ քաղաքականության պատճառով կոտրել են երեխեքին»,- ասաց Բաբալյանը:
Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տղան Բժշկական համալսարան է դիմել, առաջին հայտով՝ Բուժական գործ: Այս բաժնի համար հավաքած միավորները չեն հերիքել, իսկ այն ֆակուլտետ, որը դիմորդը երկրորդ հայտով էր դիմել, ընդունվել են 7.5 միավորով:
«Երեխան հավաքել է 14.5 միավոր: Մեզ բացատրում են, որ՝ քանի որ առաջին հայտը բուժֆակ եք նշել, իսկ բուժֆակի անցողիկ շեմը 17.25 է եղել, այդ պատճառով դուրս եք մնացել, բայց մնացած ֆակուլտետների համար չեք կարող մասնակցել մրցույթի, քանի որ առաջին հայտով չեք ներկայացվել: Երկրորդ հայտով նշել ենք Ստոմատոլոգիա, որի անցողիկ շեմը եղել է 12.25, էլ չեմ ասում, որ ֆարմատիա ենք ընդունվել 7.5 միավորով»,- ասաց դիմորդի ծնողը:
Պահանջը բոլորինն էլ նույնն է, որ տեղեր ավելացվեն բարձր գնահատական ստացած ուսանողների համար: Դիմորդի ծնողը նշեց, թե տեղյակ չեն եղել, որ նախապատվությունը տրվելու է առաջին հայտին:
«Ո՞վ է տեսել՝ 7.5 միավորով երեխեն նստի, 14, 15 կամ ավել ստացած երեխաներին ասեն՝ ցտեսություն, գնացեք: Ցուցակները գցեցին, նայեցինք ու սթրեսի մեջ էինք, որ դատարկաձեռն կանգնած ենք: Երկու տարի տառապանքից հետո, չեմ խոսում ֆինանսականի մասին, մեր հոգեկան վիճակն աննկարագրելի է, երեխաներինը՝ առավել ևս»,- ասաց դիմորդի ծնողը:
Դիմորդներից մեկի ծնողն առավոտյան Լոռու մարզից է Երևան հասել բողոքի ակցիային մասնակցելու համար: Լրագրողների հետ զրույցում պատմում էր, որ իր վիճակում հայտնված շատ ծնողներն կան, որոնք, սակայն, չեն կարողացել այս ժամին մարզից Երևան հասնել: Կնոջ խոսքով՝ իր երեխան շատ ծանր է տանում չընդունվելը:
«Երկու օր իմ երեխեն տնից դուրս չի գալիս, ոչինչ չի ուտում, սրտի կապլիներ ա օգտագործում, ո՞վ է պատասխան տալու: Ստացել է 14.25, մինչև քննությունը 19-ից ավել է հավաքել պարապմունքի տեղը, մեր սպասածից քիչ է հավաքել, ամեն դեպքում չի անցել ոչ առաջին հայտով, ոչ մնացած հայտերով: Երեխաս երկու առարկա է պարապել, վիրուսի համար միայն մեկից քննություն անցկացրին, մեկ առարկայի համար վիրուս չէր, երկու առարկայի համար վիրո՞ւս է, նույն հեռավորությունը կպաշտպանեին և կանցկացնեին երկու քննություն: Առաջին քննությունը տալիս երեխաները լարված են լինում, սթրես են ապրում, երկրորդի ժամանակ արդեն հարմարված են լինում: Երեխայիս ասում եմ՝ մյուս տարի կտաս գործերդ, լսել անգամ չի ուզում»,- ասաց Լոռիից եկած ծնողը:
Ծնողները հանդիպեցին ԳԹԿ տնօրեն Կարո Նասիբյանի հետ: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ են ծնողները հավաքվել ԳԹԿ-ի դիմաց, քանի որ իրենց դիմած բոլոր ծնողներին արդեն պատասխանել են:
«Այսպես է, եթե ես առաջին հայտով Իրավագիտություն եմ գրել, ես պետք է մրցեմ Իրավագիտություն դիմողների հետ, եթե դուք գրել եք Միջազգային հարաբերություններ, ապա պետք է մրցեք Միջազգային հարաբերություններ դիմողների հետ: Առաջին հայտով նշված ֆակուլտետը՝ անվճար և վճարովի, գերակա է մյուսների նկատմամբ: Նրանք, ովքեր ցանկանում են դառնալ այդ մասնագետը, նշում են մասնագիտությունը և մրցում են իրենց մասնագիտության համար դիմածների հետ»,- ասաց Նասիբյանը:
Լրագրողների հարցին, թե ի՞նչն է փոխվել և ի՞նչն է դժգոհություն առաջացրել ծնողների մոտ, ԳԹԿ տնօրեն պատասխանեց.
«Մինչև այս տարի միայն գերակա էր անվճար հայտը: Մնացած դեպքերում ըստ միավորների երեխաներն ընդունվել են: Այսինքն՝ անկախ նրանից, որ ես առաջին հայտով նշել են Իրավագիտություն, գնացել եմ պատմաբանին հանել եմ, նստել եմ իր տեղը, միջազգայնագետին հանել եմ, նստել եմ իր տեղը: Ստացվում է, որ ոչ ոք իր տեղում չէ: Հիմա ասում ենք՝ դուք ուզո՞ւմ եք դառնալ միջազգային հարաբերությունների մասնագետ, մրցեք իրար հետ, տեղերը փակվեց, նոր եթե թափուր տեղ կմնա, մնացած հայտերը կաշխատեն»:
Հարցին, թե արդյոք արդա՞ր է, որ նույն առարկայի քննությունից 15 ստացած ուսանողը չի ընդունվել, իսկ 7.5 ստացածն ընդունվել է, Նասիբյանն ասաց, որ, այո, քանի որ 15 ստացած դիմորդը չի նախընտրում, առաջին հայտով չի նշել այն ֆակուլտետը, որը նշել է 7.5 ստացած դիմորդը: ԳԹԿ տնօրենը նաև ասաց, որ հնարավոր չէ իմանալ, թե ինչ պոտենցիալ ունի 7.5 ստացած դիմորդը, քանի որ, օրինակ՝ մարզերի դիմորդները չունեն պարապելու համար նույն հնարավորությունները, ինչ քաղաքի դիմորդները, և հնարավոր է, որ 7.5 ստացած դիմորդն ավելի լավ մասնագետ դառնա, քան ավելի բարձր հավաքածը:
«Պետությունն ասել է, որ 7.5-ը դրական է, մարդը իր 7.5-ով ընդունվել է բուհ, ի՞նչ է եղել, այսինքն՝ անպայման պետք է 19, 20 ստանա՞: Ուրիշ բան է, որ բուհը շեմ սահմանի»:
Կարո Նասիբյանի խոսքով՝ իրենց դիմած ծնողները շատ չեն եղել՝ շուրջ 50 հոգի:
Բուհ չընդունված դիմորդների ծնողները ԳԹԿ տնօրեն Կարո Նասիբյանի պարզաբանումները լսելուց հետո իրենց բողոքի ակցիան շարունակեցին ԱԺ շենքի մոտ։