«Այս պահին 50 շինություն ունենք, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները». Տավուշի մարզպետ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Բերդ համայնքում և սահմանամերձ գյուղերում հնարավորություն ունեն ակտիվորեն ներգրավվելու տնտեսական կյանքի, առօրյայի մեջ։
«Մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Դրանցից զատ, առավել կարևոր է ամբողջությամբ վերադառնալ բնականոն աշխատանքին, տնտեսական կյանքին և վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը: Կփորձենք վերանվանել այդ տերմինը և համակ ու աշխուժորեն զբաղվել այս տարածաշրջանի՝ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով: Մենք նոր խթան ենք տալիս այս օրերի, իրադարձությունների տված էներգիայով այս աշխատանքներին՝ իմանալով, որ ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, լուծում ենք նաև մեր երկրի, պետության սահմանի անվտանգության խնդիրը»,- ասաց Չոբանյանը:
Տավուշի մարզպետի խոսքով՝ սահմանային լարվածությունից տուժել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ: Վերջնական գնահատումից հետո այդ վնասները ևս կփոխհատուցվեն: Չոբանյանի խոսքով՝ ստեղծվել են սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որոնց կազմում ներառված են հասարակական կազմակերպություններ:
«Գույքագրման աշխատանքներն ու հաշվարկներն ամենօրյա գործընթաց են: Առաջին փուլը կավարտենք մեկ շաբաթից: Վերջնական արդյունքները, ենթադրում ենք, որ կլինեն մեկ ամսից, քանի որ, գիտեք, ասել ենք, որ կառուցվելու են նոր տներ, և դրանց նախագծային աշխատանքների ավարտին նոր պարզ կլինի: Այս պահին 50 շինություն ունենք, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները»,- ասաց Չոբանյանը:
Հարցին, թե որքան գումար հարկավոր կլինի վերականգնողական աշխատանքն իրականացնելու համար, Չոբանյանը պատասխանեց, որ ընդհանուր գնահատական դեռևս չկա, լինելուն պես պաշտոնապես տեղեկացնեն։
«Ամեն ինչ անում ենք, որ տարվա ընթացքում բոլոր ավերված տները վերականգնվեն»,- եզրափակեց մարզպետը: