Բաժիններ՝

Նորարարական գաղափարների և տեխնոլոգիաների շնորհիվ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը շարունակում է աշխատել վիրտուալ տարածքում

Երկրում արտակարգ իրավիճակի հաստատվելուց հետո, բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև մշակույթի ոլորտում, սկզբնական շրջանում շփոթմունք է եղել, քանի որ պարզ չէր, թե ի՞նչ է լինելու, ինչպե՞ս են աշխատելու և իրականացնելու իրենց  ծրագրերը մշակութային օջախները:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, որը քաղաքի ակտիվ և աչքի ընկնող մշակութային օջախներից է, սկզբում նույնպես տարակուսանքի մեջ էր, բայց ելքը գտան:

«Քանի որ նախկինում արդեն ունեցել ենք առցանց գործունեության փորձ՝  իրականացրել նախագծեր՝ առցանց տիրույթում, կարողացանք այն մտահոգությունը, որ թանգարաններն առցանց գործունեության արդյունքում կկորցնեն իրենց այցելուներին (քանի որ վիրտուալ ցուցադրություն ունեինք, կարծիք կար,  որ այցելուին այլևս չի հետաքրքրի թանգարանը) մեզ համար վերածել հնարավորության: Առցանց գործունեության արդյունքում թանգարանի աշխատակազմը ստեղծեց տարատեսակ ծրագրերի համակարգ, ինչի արդյունքում մեր ֆեյսբուքյան էջի հավանումների թիվը սկսեց ավելանալ յուրաքանչյուր ամիս 1000-ով, այնինչ, նախկինում ողջ տարին էր 1000-ով ավելանում: Մշակվեցին ծրագրեր՝ ուղղված հասարակության բոլոր խավերին. Աշակերտների համար՝ «Իմ Իսահակյանը», որի շրջանակներում երեխաները կարդում էին Իսահակյանի ստեղծագործությունները և տեսագրությունն ուղարկում մեզ,  «Նկարչական խաղ-մրցույթ»՝ աշակերտները կարդում էին Իսահակյանի ստեղծագործությունները և նկարում իրենց պատկերացումները՝ տվյալ ստեղծագործության հիման վրա, «Հասանելի բոլորին»՝ ծրագրի շրջանակներում տեղադրվում էին խոսող գրքեր՝ տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար, մեծահասակների համար՝ «Գույն և բառ». ստեղծագործում էին մեծահասակները, և այլ հետաքրքիր ծրագրեր, որոնք ուղղված էին հասարակության կրթությանը և հաճելի զբաղմունքին: Այսօր թանգարանը շարունակում է իր նախաձեռնությունները, քանի որ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակը, մեր ծրագրերը հիմնականում հոբելյանական են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի ավագ գիտաշխատող Արմինե Ավետիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ հոբելյանական միջոցառումների շրջանակներում նախաձեռնել են նաև «Իսահակյան-145» գիտաժողովը, որը հնարավոր է՝ այս պայմաններից ելնելով՝ տեղի ունենա առցանց տիրույթում, ինչը, ըստ գիտաշխատողի,  ունի նաև իր դրական կողմը:

«Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ևս կարող են մասնակցել: Թանգարանը նախաձեռնել է նաև վարպետի առակների գունավոր երկլեզու տպագրությունը, հոբելյանական համերգների շարքը, որը ևս կտեղափոխվի առցանց տիրույթ: Հուլիսի 17-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը սկսեց մի նոր՝ համահայկական շատ հետաքրքիր կրթական նախագիծ. «Ի՞նչ են պատմում հուշարձանները…»:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը, հարազատ մնալով Վարպետի հավատամքին՝ այն է. «Ճանաչել մի ժողովրդի պատմությունը, հայրենիքը, նրա արվեստը, երգը՝ կնշանակե՝ տեսնել, շոշափել նրա հոգին, և երբ տեսար և ճանաչեցիր, անպատճառ կսիրես նրան, նրա հոգին և սիրտը… », իրագործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քարտեզին ներկայացված համահայկական առցանց կրթական ծրագիրը՝  նվիրված Ավ. Իսահակյանի ծննդյան 145-ամյակին: Ծրագիրը նախատեսված է Հայաստանում և սփյուռքում բնակվող բոլոր տարիքի անձանց համար: Մասնակիցները պետք է այցելեն իրենց տարածքում գտնվող որևէ հայտնի և անհայտ, պատմական հուշարձան, ուսումնասիրեն դրա պատմությունը, կատարեն տեսա-ֆոտո նկարահանումներ` հեռախոսով, կամ ինչ տեխնիկայով որ ցանկանան, շրջայց կատարեն և վեր հանեն հուշարձանի արդի խնդիրները: Հավաքված նյութով ստեղծեն վիդեո կամ ֆոտո ռեպորտաժ, որը կպատմի հուշարձանի պատմությունը, կներկայացնի արդի վիճակը, կառաջարկի գաղափարներ ու տեսլականներ` տվյալ հուշարձանի պահպանման, զարգացման վերաբերյալ:

Արդյունքում` կկարողանանք ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, մեծ թվով երեխաների ներգրավել հետաքրքիր, ինտերակտիվ հայրենաճանաչության դասընթացի»,- նշեց Արմինե Ավետիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն այն է, որ համագործակցության արդյունքում դպրոցականները հնարավորություն ունենան այցելել իրենց տարածաշրջանում գտնվող հուշարձանը, ուսումնասիրել դրա պատմությունը, հասկանալ պատմական բարձր արժեքը, դիտարկել արդի վիճակը: Գործնականում կհասկանան նշված հուշարձանների կարևորությունը, տուրիստական գոտիների ստեղծման անհրաժեշտությունը` իրենց համայնքի զարգացման գործում:

Նորարարական տեխնոլոգիաների միջոցով, աշակերտները կստեղծեն վիդեո-ֆոտո ռեպորտաժներ, որոնք կտարածվեն, հասու կլինեն մյուս աշակերտներին, ովքեր ևս կծանոթանան իրենց ընկերների կատարած աշխատանքին:

«Ծրագիրը աշակերտների մեջ կձևավորի հոգածություն սեփական մշակութային արժեքների նկատմամբ: Առցանց քննարկում՝ մասնակցել ցանկացողների հետ կքննարկվեն ծրագրի ձևաչափերը, կլինի փոքրիկ դասախոսություն՝ մասնագետի կողմից, թե ինչպես պետք է պատմել հուշարձանի մասին, որո՞նք են առաջնահերթությունները, մասնակիցները կծանոթանան միմյանց հետ, կստեղծվի համագործակցություն»,- ընդգծեց թանգարանի ավագ գիտաշխատողը:

Արմինե Ավետիսյանն ասաց նաև, որ այս ընթացքում փորձը ցույց է տվել՝ մարդկանց ավելի շատ գրավում է քիչ, բայց շատ վիզուալ պատկերներով ինֆորմացիան:

«Մեծ մասամբ մարդկանց հետաքրքրում են արխիվային լուսանկարները, նյութերը: Բավականին ակտիվ են հատկապես աշակերտները»:

Ինչ վերաբերում է թանգարանի վերաբացմանը, ապա, նրա փոխանցմամբ, այս պահին հստակ ժամկետ հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս