«Ալիևը շատ լավ օգտվում է այն հանգամանքից, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեղարկվեցին». Տիգրան Չոբանյան
ՊՆ պահեստազորի փոխգնդապետ, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանն այն կարծիքին չի եղել, որ սահմանին հարաբերական անդորրը երկար կպահպանվի, հակառակը՝ կարծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն էլ ավելի է սրվելու:
«Ադրբեջանում իրավիճակը շատ անկայուն է: Ադրբեջանն իր գործողությունների հետևանքով հայտնվել է իր համար անհարմար ծուղակի մեջ, և այդ ծուղակից դուրս գալու համար պետք է փորձի գտնել հնարավորություն՝ գոնե ինչ-որ մի բան վնասել և ուռճացրած տարբերակով ներկայացնելով՝ փորձել հանգստացնել հանրությանը: Դա անելով արցախյան հակամարտության գոտում՝ այդքան բացատրելի չէր լինի, իսկ Հայաստանի դեպքում միջազգային սահմաններ են, լուրջ բախում է համարվում, նույնիսկ չնչին մարդկային կորուստների պարագայում: Հետևաբար՝ խաբելով իր ժողովրդին, որ՝ հայերը հարձակվել են Ադրբեջանի վրա, թեժ ճակատամարտ է գնում, սա պատերազմ է, և հայտարարի երկրում պատերազմական իրավիճակ, ինչն Ալիևին թույլ կտա բանակը դուրս բերել փողոց և ճնշել ընդդիմադիր զանգվածին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Տիգրան Չոբանյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքերի բարելավման արդյունքում շատ լուրջ նվազում են ադրբեջանական կողմի հնարավորությունները՝ վնասելու՝ ինչպես Հայաստանի սահմանը, այնպես էլ՝ սահմանային բնակավայրերը. «Հայկական այդ բնակավայրերն անընդհատ են եղել կրակի տակ, ես շատ լավ ծանոթ եմ այդ հատվածին: Այստեղ կոնկրետ գործողությունները գնում են բնակավայրերը, ենթակառուցվածքները ավերելու նպատակով, դա արվում է դիտավորությամբ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ավելի քան 100 հոգի կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող դիրքը գրավելու նպատակով: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա կարելի է համարել դիվերսիոն հարձակում:
«Հաշվի առնելով քանակությունը՝ խոսել դիվերսիոն ներթափանցման մասին, մի քիչ կասկածելի է: Իրականում, դա եղել է դասական մարտական օպերացիա՝ հատուկ նպատակով, և ունի զուտ ճակատային ռազմական գործողությունների բոլոր կանոնները: Դիվերսիոն ներթափանցումն ավելի փոքր խմբով զինծառայողների ներթափանցում է՝ էական վնաս հասցնելու համար կոնկրետ մեկ օպերացիա իրականացնելու և հետ քաշվելու նպատակով: Երբ գործողությունը գնում է ինչ-որ մի բան զավթելու, գրավելու համար, դիվերսիոն ներթափանցում չի կարելի համարել: Դա կոնկրետ զինվորական օպերացիա էր՝ մոտավորապես վաշտի կազմով, և իր զինատեսակը, սպառազինությունը և լրակազմը խոսում է նրա մասին, որ նպատակ է եղել երկարատև մարտական գործողություն իրականացնել, բայց ձախողվեց»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ այս ձախողումն Ադրբեջանին կկանգնեցնի՞, նա պատասխանեց. «Ադրբեջանին չեն հետաքրքրում իր զոհերը և չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում ճակատում այսօր: Սա ներքին էլեկտորատի խնդիր է, որն առաջացավ հենց իրենց արկածախնդիր գործողությունների պատճառով: Ալիևը պետք է ելք գտնի, հակառակ դեպքում իշխանությունը կկորցնի հենց հիմա: Ինչքան էլ ավտորիտար է, ինչքան էլ դաժան է ճնշում ընդդիմությանը, հենց հիմա կարող է իշխանությունը կորցնել»:
Նա ընդգծեց. «Ալիևը շատ լավ օգտվում է այն հանգամանքից, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեղարկվեցին: Եթե չկա հետաքննող գործիքակազմը, նա կարող է իր արարքը գցել հայերի վրա, բղավել, ինչը նա շատ ավելի լավ է անում, քան մերոնք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում