«Այն, որ դատավորները ՄԻԵԴ-ում գործը շահելու են, ես կասկած չունեմ, իսկ թե երբ՝ կարող եմ ասել՝ ավելի շուտ, քան սովորաբար». Արա Ղազարյան

Հուլիսի 8-ին` ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորների և Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:

Նշվում է, որ 4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:

Դատարանը որոշել է մերժել հայցը՝ պատճառաբանությամբ, որ այն Դատարանի կանոնակարգի 39-րդ դրույթի կիրառման դաշտում չէ, քանի որ այն չի ենթադրում լուրջ և անուղղելի վնասների ռիսկ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

Թեմայի շուրջ 168.am-ը երեկ ծավալուն հարցազրույց  էր հրապարակել միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի հարուստ և արդյունավետ փորձ ունեցող իրավաբան Արա Ղազարյանի հետ, ում հետ զրուցել էինք ՄԻԵԴ վճռի ու բուն բողոքի աղերսների մասին:

Այսօր արդեն Արա Ղազարյանը նշեց, որ հարցազրույցը տալու պահին ինքը դեռ չգիտեր, որ հիմնական գանգատի կոմունիկացիան սկսվել է։

-Իմ 18 տարվա պրակտիկայում գանգատի քննության նման արագություն չեմ հանդիպել։

Սա ի՞նչ կարող է նշանակել։

-Եթե ՄԻԵԴ-ը սովորաբար կոմունիկացնում է գանգատը 5-6 տարում, իսկ առաջնահերթության դեպքում՝ 2 տարում, իսկ այստեղ կոմունիկացրել է օրերի ընթացքում, նշանակում է վճիռը կարող է լինել ամիսների ընթացքում, համենայն դեպս այս իշխանությունների օրոք, քանի որ` որպես կանոն, իշխանությունները հաշվարկում են, որ մինչև ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի, քաղաքական իրավիճակը արդեն փոխված կլինի։ Նախկին իշխանությունները այդպես էին հաշվարկում։ Նույնիսկ Կարեն Ղազարյանի դեպքում, որ 2 տարի է ադրբեջանական բանտում է ու գործին առաջնահերթություն է տրված, նման արագություն չի ապահովում ՄԻԵԴ-ը։

Այսինքն` կարող ենք ենթադրել, որ ՄԻԵԴը հարցի քննման հրատապության լուրջ հիմքեր է ունեցել։ Ու այս դեպքում հայցի ապահովման միջոց չկիրառելը, բացի ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայով պայմանավորված լինելուց, նաև գործի արագ կոմունիկացման, հետևաբար նաև արագ վճռի հետ է կապված։

-Այո, հակառակ դեպքում հարցեր չէր տա կառավարությանը 39 ընթացակարգից դուրս։ Եթե հարցերը 39 ընթացակարգից դուրս են, դրանք կարող են վերաբերել միայն գանգատի էությանը, իսկ դա նշանակում է, որ սկսել է գանգատի քննությունը: Որպես կանոն` գանգատի քննությունը սկսվում է 2 տարվա ընթացքում՝ առաջնահերթության գործերով, 4-5 տարում՝ սովորական գործերով։ Իսկ այստեղ այդ ամենը տեղի է ունենում օրերի ընթացքում։ Հասկանալ կարելի է, թե ինչ հրատապության մասին է խոսքը։

Կարող ե՞նք ենթադրել, որ ամեն դեպքում ՍԴ դատավորների իրավունքների խախտումը կճանաչի ՄԻԵԴը։

-Այն, որ նրանք գործը շահելու են, ես կասկած չունեմ, իսկ թե երբ՝ կարող եմ ասել՝ ավելի շուտ, քան սովորաբար։

 

Տեսանյութեր

Լրահոս