«Ես չեմ կարողանում պահել իմ ընտանիքը, վճարեմ գազի, լույսի, ջրի փողերը, վարկերը․․․». բերման ենթարկված երգիչ
Կառավարության շենքի մոտ այսօր՝ հուլիսի 9-ին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ռեստորանային ու ժամանցի ոլորտի աշխատակիցները, ովքեր, արդեն 5 ամիս է՝ զրկված են աշխատելու հնարավորությունից` կապված կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության սահմանափակումների հետ: Նրանք Կառավարությունից պահանջում էին, որպեսզի իրենց ոլորտը ևս լիարժեք աշխատի:
Ակցիայի մեկնարկից մի քանի րոպե անց ոստիկանության աշխատակիցները կոչ արեցին դադարեցնել ակցիան, սակայն ակցիայի աշխատակիցները նշեցին, որ իրենք այլ տարբերակ չունեն, չեն կարողանում գումար աշխատել, և պետք է իրենց անպայման Կառավարությունից լսեն:
Այնուհետև ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնել էին, որ բերման են ենթարկել 10 քաղաքացու:
168.am-ը զրուցել է բերման ենթարկված երգիչ Էրիկ Մակարյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ են պատրաստվում հետագայում անել:
«22 տարի է՝ երգում եմ, և արդեն 5 ամիս է, ինչ չեմ աշխատում: Հարցն այստեղ աշխատելը չէ, այլ այն, որ ես չեմ կարողանում պահել իմ ընտանիքը, վճարեմ իմ՝ գազի, լույսի, ջրի փողերը, վարկերը: Կառավարության տրամադրած աջակցության ծրագրով ստացել եմ 26.500 դրամ 2 երեխայի համար օգնություն, բայց 1 օրում բոլորին մտցրեցին հարկային դաշտ, ասացին՝ բոլորդ պետք է հարկային դաշտում լինեք: Փորձում են ամեն ինչ անել, որ մենք ո՛չ կարողանանք ձայն բարձրացնենք, ո՛չ մի բանից չօգտվենք, ոչ մի հնարավորություն չեն տալիս, առաջ ինչ-որ հնարավորություններ էին տալիս, խրախուսում էին արվեստագետներին, հիմա ամեն ինչ անում են, որ արվեստագետ բառը գոյություն չունենա մեր երկրում: Եթե իրենք վախենում են մեր ակցիաներից, թշնամին որ հարձակվի, ի՞նչ են անելու, չեն կարող ասֆալտին փռել կամ սիրալիր հրավիրեն ոստիկանության բաժին: Մեզանից պետք չէ վախենալ, այլ պետք է ընդհանուր լեզու գտնել»,- ասաց երգիչը:
Նրա խոսքով՝ մոտ 3 ժամ մնացել է ոստիկանության բաժանմունքում. «Ինչ-որ թղթեր էին լրացնում, հետո ասացին՝ ուզո՞ւմ եք կարդաք, պատասխանեցինք՝ չէ, այդ թղթերն էլ չենք վերցրել մեզ հետ, թողեցինք և դուրս եկանք: Արվեստագետի ֆանտազիան այնքան մեծ է, որ այլ լուծումներ կգտնենք, տարատեսակ ակցիաներ կլինեն»:
Բերման ենթարկվածներից մեկն էլ երգիչ Arti M-ն է, որը Արգենտինայից է տեղափոխվել Հայաստան և այստեղ է գործունեություն ծավալում: Նրա խոսքով՝ իր համար տարօրինակ է եղել, որ կենտրոնից իրենց բերման են ենթարկել ավելի հեռու ոստիկանության բաժին.
«Ոնց հասկացա, ոստիկանության բաժինների հետ կապված խնդիրներ կար, որովհետև այնքան են անկապ լցրել դիմակ չկրելու համար, կամ չգիտեմ ինչերի համար, որ քաղաքի կենտրոնից մեզ տանում-հասցնում են Մասիվ կամ Քանաքեռ-Զեյթուն: Բերման ենթարկելով՝ ժողովրդին ավելի են լարում, մենք չենք դադարեցնելու մեր ակցիաները: Ինքս որ պատրաստ չլինեի, որ բերման պետք է ենթարկեն, հաստատ փողոց դուրս չէի գա՝ կառավարությունից ինչ-որ բան պահանջելու»: