«Սա որպես պարտություն ներկայացնելը զուտ շահարկման թեմա է». Գոհար Մելոյան

«Երեկ լայն տարածում ստացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մամլո հաղորդագրությունը, որ ՄԻԵԴ-ը մերժել է «Գյուլումյանը և այլք` ընդդեմ Հայաստանի» միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումատուների պահանջը, և սա բավականին մանիպուլյատիվ իրականությունը ներկայացնելու հերթական տեղիքը տվեց»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով երեկվանից իշխանական թևի ու նրա համակիրների կողմից որպես պարտություն ներկայացվող ՄԻԵԴ որոշման մասին, ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Վերջինիս խոսքով`հունիսի 22-ից այս գործով երկրում Սահմանադրական դատարանի հետ փոխկապակցված` ճգնաժամային իրավիճակ ունենք, որովհետև մի շարք փոփոխություններ կատարվեցին թե Սահմանադրության, և թե ներպետական օրենսդրության հստակ կարգավորումների ոտնահարմամբ, ինչի արդյունքում հարցադրումներ են առաջանում ՍԴ 3 դատավորների ու ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հետ կապված, ինչպես, օրինակ, ո՞ր պահից  ի վեր, ո՞ր մարմնի կողմից ընդունված իրավական ակտով դրանք դադարեցված պետք է համարվեն, արդյո՞ք Ալվինա Գյուլումյանի վրա ամեն դեպքում այդ փոփոխությունները տարածվում են, թե՞ ոչ, ինչպիսի՞ ճակատագիր պետք է ունենան այս դատավորների վարույթներում գտնվող գործերը, և այլ հարցեր:

«Եվ համապատասխանաբար՝ արդեն քանի որ չկար ներպետական ատյան, որն այս հարցերի պատասխանները կտար, ուստի տվյալ դատավորներն իրավասու են անմիջապես դիմել ՄԻԵԴ: Եվ բնական է, որ դատավորների ներկայացուցիչն իր շահառուների շահերը բոլոր հնարավոր ձևաչափերով պետք է ներկայացներ, ու դրանցից մեկը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելն է, որն ի սկզբանե կանխատեսելի էր, որ քիչ հավանական է, որ կբավարարվեր ՄԻԵԴ-ի կողմից` հիմք ընդունելով նույն Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան»,- ասաց Գոհար Մելոյանը:

Սահմանադրագետը կարծում է, սակայն, որ անկախ հավանականության աստիճանից, դատավորների շահերը ներկայացնող անձը պետք է օգտվեր հնարավոր բոլոր դատավարական միջոցներից, որոնցից մեկն էլ, 39-րդ դրույթի համաձայն` միջանկյալ միջոցի կամ հայցի ապահովման միջոցի ներկայացումն է:

Ըստ նրա` որքան մեծ էր հայցի ապահովման միջոց չկիրառելու հավանականությունը, նույնքան մեծ է հետագայում ՍԴ դատավորների` իրավունքի խախտում արձանագրումը:

«Սա որպես պարտություն ներկայացնելը զուտ շահարկման թեմա է: Սա բնավ չի նշանակում, որ որևէ կերպ բովանդակային տեսանկյունից ՄԻԵԴ-ն անդրադարձել է դատավորների իրավունքների խախտման հանգամանքին: Դա հետագայում, առավել երկարատև ժամանակահատվածում է քննվելու, մինչև ՄԻԵԴ-ը կայացնի կոնկրետ իրավունքների խախտման հետ կապված որոշում»,- ասաց Գոհար Մելոյանը:

Ամփոփելով` նա ընդգծեց այն հանգամանքը, որ միջանկյալ միջնորդության մերժումը որևէ կերպով վերջնարդյունք չէ,  և դատավորների իրավունքների խախտման հարցով ՄԻԵԴ-ում առանձին գործ է քննվելու ու հետագայում որոշում կայացվի: Բացի դրանից, ըստ Գոհար Մելոյանի, ելնելով ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայից, շատ մեծ է հավանականությունը, որ Եվրոպական դատարանը, այնուամենայնիվ, կարձանագրի նրանց իրավունքների խախտումները:

Տեսանյութեր

Լրահոս