Բաժիններ՝

Մի քանի շաբաթվա ընթացքում այս հարցը պետք է լուծվի, որպեսզի ոլորտը չփլուզվի. Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը՝ ստեղծված իրավիճակի մասին

Ռեստորանային համալիրների, հանդիսության սրահների աշխատակիցները, երգիչ-երաժիշտները, հանդիսավարներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով աշխատելու թույլտվություն:

Շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի փոխանցմամբ՝ հասկանալի է, որ նրանք ևս դժվարությունների առջև են կանգնած, ոլորտը չի աշխատում, սակայն իրենք չեն մասնակցում այս ակցիային, քանի որ հասկանում են՝ նպատակահարմար չէ բազմամարդ միջոցառումներ անցկացնել այս պայմաններում:

Հարցին՝ Ռեստորանների հայկական միությունը քննարկումներ էր սկսել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների ու միության անդամների հետ, և փորձում էին համատեղ լուծման տարբերակներ գտնել՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խնդիրները լուծելու ուղղությամբ, արդյո՞ք  ինչ-որ առաջընթաց կա, Վահե Գևորգյանը պատասխանեց.

«Այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, ակնկալում ենք, որ առաջիկայում արդեն որոշակի արդյունք կլինի: Ռեստորաններն այսօր աշխատում են, ունեն իրենց ամենօրյա հաճախորդները, բայց կան որոշ ռեստորաններ, ավելի շուտ՝ հարսանյաց սրահներ, որոնք ոչ թե ամեն օր, այլ պատվերով են աշխատում: Այդ սրահներում նաև ծնունդ, կնունք է արվում: Այսինքն, դա նաև ռեստորան է, բայց շեշտը հիմնականում դրված է միջոցառումների վրա, իսկ դրանք հիմա հնարավոր չէ անել, քանի որ բազմամարդ են: Օրինակ, Իսրայելում մինչև 50 հոգու թողել էին  միջոցառմանը մասնակցել, և վարակակիրների ամենօրյա քանակը հասել էր 1500-ի: Այսինքն, այն ակնհայտորեն վարակի օջախ է հանդիսանում: Եվ մեր բոլոր անդամ ռեստորանները, որ այդպիսի դահլիճներ ևս ունեն, նման միջոցառումներ չեն անցկացնում, որովհետև դա հանրային առողջությանն է վերաբերում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահե Գևորգյանը:

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենն ընդգծեց՝ անշուշտ, ոլորտի վիճակը ծանր է, շրջանառությունը նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ նվազել է:

«Եթե նախորդ տարի որևէ ռեստորան գնում էր 100 հոգի, այս տարի գնում է 15-20 հոգի: Այսինքն, այնքան է կրճատվել թիվը, որ ռեստորանը հիմա  աշխատում է ոչ թե շահույթ ստանալու, այլ ոչ ամբողջ գրաֆիկով՝ գոնե մասնակի իր աշխատողներին գործով ապահովելու, ինչպես նաև՝ որպես բրենդ չփակվելու  համար: Պատկերացրեք՝ 15 տարվա ընթացքում ճանաչված բրենդ է ստեղծել, բնական է՝ չի ուզում փակի, բայց մենք ունենք անդամ ռեստորաններ, որոնք իրենց մասնաճյուղերից մեկը կամ երկուսը փակել են:

Օրինակ, «Սեգաֆրեդո» սրճարանների ցանցի 1-2 սրճարան փակվել է՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի արդյունքում: «Ծիրանի» ռեստորանների ցանցում ևս առաջացան խնդիրներ: Այսինքն, մենք ուղղակի ասում ենք, որ այս խնդիրները սկսելու են շատանալ, քանի որ իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ վախենալու են գնալ ռեստորան: Ոչ պակաս կարևոր է զբոսաշրջիկների բացակայությունը: Դրա համար առաջարկել ենք, որպեսզի զբոսաշրջության հետ առնչվող 1-2 ոլորտի որոշակի փաթեթներ, լուծումներ տրվեն: Դեռևս բանակցություններ են ընթանում, հույս ունենք, որ գործն առաջ է շարժվում: Մի քանի շաբաթվա ընթացքում այս հարցը պետք է լուծվի, որպեսզի ոլորտը չփլուզվի: 6 ամիս անց այս խնդրի մասին խոսելն ավելի քիչ իմաստ կունենա, որովհետև բազմաթիվ ռեստորաններ փակված կլինեն»,- նշեց Վահե Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս