Խաչը պիտի լինի Իտալիայի դասարաններում, իսկ «Հայոց եկեղեցու պատմությունը»՝ Հայաստանի դպրոցական ծրագրերում. թե ինչպես Սերժ Սարգսյանը, Վեհափառը և Գևորգ Կոստանյանն նպաստեցին ՄԻԵԴ Վերին ատյանի նախադեպային որոշման կայացմանը

Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու` Հայաստանի իշխանությունների որոշումը բացի բարոյական, քաղաքական և արժեքային խնդիրներից, լուրջ խնդիրներ ունի նաև իրավունքի հետ։

«Հատկապես կարևոր է այս հիմնախնդրի վերաբերյալ «Lautsi ընդդեմ Իտալիայի» գործով 2011թ. ընդունած որոշման մեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի անդրադարձը, որը պատշաճ խորությամբ չի ուսումնասիրվել ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից»,-գրել էր Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ այս գործի մանրամասներին քաջ ծանոթ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այն ժամանակվա ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, ով անմիջականորեն ներգրավված է եղել հայցի քննարկման և մշակման գործընթացին։

Նա նաև նշել է, որ կարծում է՝ այս գործը էական նշանակություն կարող է ունենալ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերում թողնելու որոշում կայացնելու հարցում։

168.am-ի խնդրանքով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը ներկայացրեց՝ ինչի մասին է ակնարկում Արթուր Ղազինյանը:

«Խոսքը Իտալիայում տեղի ունեցած հետևյալ պատմության մասին է: Իտալիայի բոլոր դպրոցներում խաչը կախվում է դասարաններում: Իտալիայի քաղաքացիներից մեկը դատի է տալիս երկրի կառավարությանը՝ հայցի հիմքում դնելով այն, որ դասարաններում պարտադիր կախվող խաչը խախտում է իր կրոնական ազատությունները, բազմակարծության իրավունքը և այլն: Այդ քաղաքացին պահանջում է նաև, որ դատարանի վճռով Իտալիայի բոլոր դպրոցների դասարաններից խաչերը հանվեն: Իտալական դատարանը, բնականաբար, մերժում է»,-այսպես սկսեց այդ պատմությունը Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ խոսքը միայն խաչերի մասին չի եղել, այլ դասագրքերում նաև ծրագրային խնդիրների առկայության՝ ըստ տվյալ քաղաքացու:

Հաջորդիվ, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցչի, նշյալ անձը դիմում է ՄԻԵԴ ու հաղթում է. Եվրոպական դատարանը իտալական դպրոցների դասարաններում խաչի առկայությունը համարում է իրավունքի խախտում:

«Հասկանալի է, թե քրիստոնեական հարուստ ավանդույթներ, Վատիկան ու Հռոմի Պապ ունեցող Իտալիայի համար սա ինչ ցավոտ հարված էր, ու բնականաբար, վերջինս չէր կարող թույլ տալ, որ իր դպրոցներից խաչերը հանվեն: Եվ մեծ աղմուկ է բարձրանում քրիստոնեական աշխարհում»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

Այստեղ վրա է հասնում այս պատմության ամենահետաքրքիր մասը: Հռոմի Պապը այս խնդրով զանգում է Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսին, վերջինս էլ դիմում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչից հետո նա այն ժամանակ իր օգնական ու ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին հանձնարարում է ամեն ինչ անել՝ Իտալիայի համար հարցի դրական լուծմանը հասնելու համար, որը նաև հետագայում նմանատիպ հայցերի դեպքում լավ նախադեպ կարող էր դառնալ:

«Արդյունքում՝ 10 քրիստոնեական երկիր բողոք են գրում և որպես 3-րդ կողմ՝ ներգրավում են Եվրոպական դատարանի Վերին ատյանին: Հայաստանն էլ է ներգրավվում այդ գործընթացում, ու Իտալիան մեր և քրիստոնյա մյուս երկրների հետ միասին հաղթում է»,-նշեց Գևորգ Կոստանյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ վճռի կոնցեպցիան այն է, որ Եվրոպական դատարանը համարել է, որ իտալական դպրոցների դասարաններում խաչի առկայությունը և դասագրքերում կրոնական բովանդակությամբ տեքստերը որևէ կերպ չեն խաթարում ոչ բազմակարծությունը, ոչ էլ կրոնի ազատությունը:

«Այն երկրներում, որտեղ կրոնը, սովորույթը, մշակույթը ունեն առանձնահատկություններ, այդ երկրներում դրանց խորհրդանիշները պետք է մնան, ու դա չի խախտում ոչ մի իրավունք»,-ՄԻԵԴ Վերին ատյանի վճռի էությունը ներկայացրեց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ փաստորեն անգամ միջազգային իրավունքի տեսակետից այստեղ խնդիր չկա, և կոնկրետ մեր դեպքում օրինակ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը որևէ կերպ չի խախտում որևէ մեկի իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս