Կրթական նոր չափորոշիչներով ակնկալվում է՝ շրջանավարտը պիտի ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծման
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ խոսվում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման մասին:
Ըստ այդմ, «Ռազմագիտությունը», ըստ էության, տարրալուծվելու է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ: Այս ձևակերպման հետ ԿԳՄՍ-ում համաձայն չեն: Իսկ այն, որ «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման որակը, արդյունավետությունը պիտի բարձրացվի, որ աշակերտները պետք է դասերի ընթացքում ստանան համապատասխան գիտելիքներ՝ ոչ ոք չի վիճարկում:
«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը»,- ասվում է նախագծում:
Դիտարկմանը, որ այստեղ ռազմագիտության մասով ոչ մի հստակ բան չկա, այսինքն՝ չի խոսվում կրակային պատրաստության, զինատեսակների ծանոթության մասին, ԿԳՄՍ նախարարի տեղակալԺաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալված քննարկման ժամանակ 168.am-ի հարցին ի պատասխան՝ առաջարկեց․
«Եթե առաջարկ ունեք փոփոխության, խնդրում եմ, ներկայացրեք e-draft.am հարթակում, իսկ զինվորական պատրաստվածության մասով կան նաև վերջնարդյունքներ, կարող եք նայել վերջնարդյունքների բաժնում»:
Ավելի ուշ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ-ից վստահեցրեցին, թե ՆԶՊ առարկան դուրս չի գալիս, փոխվել է զուտ բնագավառի անվանումը:
«Դա բնագավառի անվանում է, որը նույնն է, ինչ գործող չափորոշչում, հստակ գրված է, որ առանձին առարկաներ պետք է լինեն, վերջնարդյունքներում էլ հստակ կա զինվորական պատրաստվածության մասին և, նման բան չի նախատեսվում»,- պատասխանեցին նախարարությունից:
Պաշտպանության նախարարությանը ևս վստահեցրել են, որ առարկան չի հանվելու:
Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Ռազմագիտություն» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցների դասասենյակներից նախատեսում են տեղափոխել զորանոցներ և ճամբարներ:
Արայիկ Հարությունյանը հավելել էր, որ ուսումնասիրվում է այն ենթակառուցվածքը, որն առկա է, ուսումնասիրվում է նաև մի շարք դպրոցների, մասնավորապես՝ «Քվանտ» վարժարանի փորձը, որն առարկայի երկշաբաթյա ուսումնական պրոցես է իրականացնում ճամբարում՝ այդ ընթացքում ամբողջությամբ անցնելով ամբողջ կուրսը:
Վերադառնալով Ժաննա Անդրեասյանի առաջարկին, նշենք, որ «Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները» վերտառությամբ բաժիններից մեկում ասվում է, որ շրջանավարտը պիտի տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության: Նույն վերտառությամբ նախագծի այլ գլուխներում նշվում է, որ շրջանավարտը պիտի բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր՝ ըստ անհրաժեշտության: Կոնֆլիկտների խաղաղ լուծման ձգտման մասին խոսվում է նաև այլ տեղերում, ինչպես նաև ՝տարբեր ձևաչափերով համագործակցության:
168.am-ը գրավոր հարցադրման շրջանակում կփորձի ԿԳՄՍ նախարարից պարզել՝ արդյո՞ք ընտրվել է որևէ մասնավոր դպրոց՝ դասարաններից դուրս ռազմագիտության դասավանդման, ի՞նչ է դասավանդվելու, որի վերջնարդյունքում ակնկալվում է, որ շրջանավարտը պիտի ձգտի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման: