ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը. որոշումը կարող է բողոքարկվել 3 օրացուցային օրվա ընթացքում

«Ըստ էության, ընտրությունների արդյունքում  ձևավորված լինելու հանգամանքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը հասած  18 մանդատը եղել է ժողովրդի կամարտահայտությունը՝ հաշվի առնելով թե՛ մեր Սահմանադրությունը, թե երկու Սահմանադրական օրենքները:  Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում Արման Բաբաջանյանի՝ խմբակցության նախկին պատգամավորի դուրս գալով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որը հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, այն իմաստով, որ չկա  այլևս «Լուսավոր Հայաստան»-ի 18 պատգամավորական մանդատը, և դրանով առաջանում են մի շարք ճգնաժամային իրավիճակներ խորհրդարանում, որովհետև  այն երաշխիքները, որոնք տրված են ընդդիմադիր խմբակցությանը, ըստ էության, հակառակ են գնում սրան: Մենք կարծում ենք, որ այս իրավիճակը պետք է արժանանա ձեր կողմից քննության և վերականգնվի այդ հարաբերակցությունը»,-  ԿԸՀ-ում՝ Արման Բաբաջանյանի մանդատի հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ խաժակյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել դիմում. ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԿԸՀ էր դիմել վերականգնելու խմբակցության 18 մանդատներից 1-ը, որ պակասել էր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո:  Դիմումատուի՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխարեն, նիստին ներկա էր ԼՀ կուսակցությունից Դավիթ Խաժակյանը.  նա ներկայացրեց համապատասխան լիազորագիր:

ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանը հարցեր հղեց Դավիթ Խաժակյանին՝  նկատելով, որ Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է՝ ինչպիսի որոշումներ պետք է ընդունի ԿԸՀ-ն. «Մանդատների թիվը, քանի որ օրենքը սահմանում է, որ պետք է լինի նվազագույնը 101, և տալիս է փոքրամասնության և մեծամասնության հետ կապված բոնուսային համակարգ, որով պայմանավորված՝ իրականացվում է հաշվարկ և, ըստ էության, ընտրության արդյունքներն ամփոփելիս ամրագրվում է, թե ով ինչքան մանդատ պետք է ստանա, այսինքն՝ իրականացվեց բաշխում:   Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո, երբ իրականացվեց արդեն բաշխումը, հետագայում ԿԸՀ-ն նոր բաշխումներ  իրականացնելու իրավասություն ունի՞, թե՞ ոչ».

Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Գործող կարգավորումներով այդ հարցը հստակեցված չէ, բայց հստակ է մի բան, որ խախտվել է այդ համամասնությունը, և հստակ է մեկ այլ  բան՝ կան որոշակի կարգավորումներ, որոնց համաձայն՝ ԿԸՀ-ն խմբակցության ներսում որոշակի համամասնությունների պահպանման լիազորություն ունի՝ մասնավորապես Ընտրական օրենսգրքի 100 հոդվածի 3-րդ կետի 2-րդ բաժինը, որտեղ, օրինակ, սահմանվում է, որ, եթե սեռերի քվոտան խախտվում է խմբակցության ներսում, ապա ԿԸՀ հանձնաժողովը, դիցուք, ունի այդպիսի լիազրություն, որպեսզի այդ քվոտան վերականգնի: Հիմա մենք խոսում ենք խմբակցությունների միջև քվոտայի խախտման մասին, որի վերաբերյալ ուղիղ ձևակերպումներ չկան, բայց հաշվի առնելով, որ Սահմանադրական օրենքների կարգավորումներից ելնելով՝ ձևավորվել է իրավիճակ, երբ պատգամավորը դուրս գալով խմբակցությունից՝ ժողովրդի կամարտահայտմանը հակառակ, այսինքն՝ ԼՀԿ-ին տրված մանդատին հակառակ, այդպիսի քայլ է կատարել,  և ԼՀԿ խորհուրդը հստակ դիրքորոշում էր հայտնել: Մենք կոչ ենք արել Արման Բաբաջանյանին իր մանդատը վայր դնել, բայց  քանի որ նա որոշել է, որ պետք է պահպանի իր մանդատը, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ կարծում ենք՝ ԿԸՀ-ն է, պետք է այս խնդրին կարգավորում տա, որովհետև ակնհայտ է, որ կա հակասություն»:

Մի շարք այլ հարցադրումներից հետո ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ դիմումի քննարկման շրջանակներում արդեն նախագիծ էին նախապատրաստել, ապա հրապարակեց  նախագիծը՝ նկատելով, որ այն դիրքորոշումները, որոնք ներկայացվեցին Դավիթ Խաժակյանի կողմից նիստի ընթացքում, նույն իրավամեկնաբանումների տիրույթում էին, որոնք որ մինչ այդ ներկայացվել էին: Նախագծում մասնավորապես նշվել էր.   «Արդեն իսկ ընտրված ԱԺ-ի և բաշխված մանդատների պայմաններում լրացուցիչ մանդատ տրամադրելու, մանդատների բաշխման արդյունքում ձևավորված մանդատների ընդհանուր թվի ավելացման լիազորությամբ ԿԸՀ-ն օժտված չէ»:

ԿԸՀ-ի  կողմից  մանդատը տրամադրելու լիազորությունը հնարավոր է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»։

Այսպիսով, վերոգրյալով պայմանավորված և Ընտրական օրենսգրքի 47-49 հոդվածները հիմք ընդունելով՝  ԿԸՀ-ն մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը։

Որոշումը  միաձայն ընդունվեց քվեարկությամբ: Տ. Մուկուչյանն ասաց, որ այն կարող է բողոքարկվել 3 օրացուցային օրվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս