«Այս տարի կարող է քիչ ծաղկի լիճը, մյուս տարի՝ ավելի շատ, բայց վիճակն ավելի վատթարանում է». մասնագետները՝ Սևանի մասին

Ինչո՞ւ է «կանաչել» Սևանը. նախորդ տարի այս օրերին հարցն այս ամենաքննարկվողներից էր, եթե ոչ՝ ամենաքննարկվողը: Հիշո՞ւմ եք՝ անգամ լճի ափամերձ տարածքների աշխատակիցները ճանապարհ փակեցին, քանի որ Առողջապահության նախարարությունը հորդորել էր քաղաքացիներին խուսափել Սևանում լողալ, և դրա պատճառով նրանք զրկվել էին եկամտից: Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանն էլ լճի ծաղկում կանխատեսել էր նաև այս տարվա համար: Լսե՞լ եք այս տարի նման դեպքերի մասին: Շատերը սա կարող են պայմանավորել կորոնավարակի տարածմամբ ու ասել, որ մարդիկ չեն գնում, չեն տեսնում, հետևաբար՝ աղմուկ էլ չկա, բայց մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ Սևանում այնքան էլ քիչ չեն հանգստացողները: Եվ ուրեմն՝ «կանաչե՞լ է այս տարի Սևանը» hարցի պատասխանը փորձեցինք ստանալ մասնագետներից:

«Սկզբում մի փոքր կանաչել էր, բայց հիմա հակառակը՝ մաքրվել է, հենց որ սկսվել է կանալից ջուր գալ, ջուր վերցնել, այսինքն՝ ինքնամաքրումը բարձրացել է: Հիմա լիճը լավ վիճակում է: Իրոք, այս տարի այդքան բարձր չէ ջերմաստիճանը, նույնիսկ Երևանում անձրևներ են, միգուցե հենց այդ ֆակտորն էլ է աշխատել: Այն, ինչ որ տեսնում եմ, թե մոլորակում ինչ է տեղի ունենում, Ճապոնիայում, Չինաստանում ջրհեղեղներ են, սելավներ, ահավոր վիճակ, զոհեր: Էս պարագայում մոլորակը դեռ մեզ խղճում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև հուլիսի վերջ հնարավոր է լճում որոշակի քանակությամբ ջրիմուռներ երևան:

«Արբանյակով երևում է, որ որոշակի ֆոն կա: Անցած տարվա հետ համեմատած՝ այս տարի ջերմաստիճանն այդքան բարձր չէ, բայց մոտակա 20 օրվա մեջ որոշակի քանակությամբ այդ ջրիմուռները կերևան: Հիմնականում Մեծ Սևանում են, քանի որ խորությունը քիչ է, ավելի շուտ է տաքանում, Մեծ Սևանի վրա աղտոտող աղբյուրներն էլ ավելի շատ են՝ Մարտունու, Գավառի կոյուղաջրերի հետ կապված, հողօգտագործողների ջրերի հետ կապված, մի խոսքով, ազդեցությունն ավելի մեծ է, խորությունն էլ քիչ է, իր վրա ավելի շուտ է երևում: Փոքր Սևանն ավելի խորն է»,- ասաց Ղազարյանը:

Մասնագետներից հետաքրքրվեցինք, թե այս տարի հնարավոր կլինի՞ լողալ Սևանում: Բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ արգելքների մասին հայտարարություններ չկան:

«Սկզբում, երբ նոր էր ծաղկել, հայտարարեցին, որ ինչ-որ մասեր փակված են, չի կարելի մտնել, երևի այդ ծաղկած մասերն էր, հիմա դրա վերաբերյալ հայտարարություններ չկան: Եթե լիճը մաքուր է, իհարկե, լավ կլիներ մի հատ մեծ անալիզ անեին, բայց բոլոր դեպքերում, երևի հնարավոր է»,- ասաց Դանիելյանը:

Այսեր Ղազարյանն այս ընթացքում Սևանում լողալը ռիսկային է համարում: Մասնագետի նշած ռիսկերը պայմանավորված են կորոնավիրուսով:

«Կարծում եմ, որ այս տարի չպետք է թույլ տան լողալ, քանի որ կորոնավիրուսը, ոնց որ մյուս նման կարգի վիրուսները, մարդու կղանքի և մեզի մեջ պահպանվում են մոտ երկու օր, եթե ընդունենք, որ մոտակա օբյեկտների և քաղաքների կոյուղաջրերը լցվում են լիճ, ապա լողալը, ինձ թվում է, ռիսկային կլինի»:

Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել էր, որ կապտականաչ ջրիմուռների աճը լրջագույն խնդիր է, և հիմա այնպիսի վիճակում է, որ չեն կարող ասել, թե այդ խնդիրը 2020թ. կլուծեն, և 2021-ին չենք ունենա: Ի վերջո, ո՞վ և ի՞նչ պետք է անի, որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ մենք այլևս չլսենք Սևանի «կանաչման» մասին:

«Որոշումներն ընդունված են, ինչ-որ քայլեր արվում են, բայց, իհարկե, պետք է ավելի արագ արվի, պետք է ավելի շատ արվի: Հիմնականում լիճը պահել, որ աղտոտող նյութերը՝ քիմիական, կենսաբանական, չլցվեն լիճ, բոլոր քաղաքներից, բնակավայրերից, շրջակա ափերին գտնվող օբյեկտներից աղտոտված ջրերը միշտ լիճ են լցվել: Վերջին տարիներին մաքրման կայաններ կառուցվեցին, բայց միայն մեխանիկական, որոշում ընդունվեց, որ անպայման նաև կենսաբանական պետք է լինի: Օբյեկտների վերաբերյալ որոշում է ընդունվել, որ պետք է մաքրման կետեր կառուցեն, մի մասն արել են, ուղղակի այդ ամբողջ գործունեությունը պետք է ավելի ակտիվ անել, թե չէ լավ գիտեն, ծրագրերը կան: Ամեն ինչ կախված է մեր գործունեությունից, եթե այսպես շարունակենք, ջերմաստիճանի բարձրացման պարագայում ծաղկումը կկրկնվի, ընդ որում, այդ ջրիմուռները տոքսիկ են նաև, շատ վտանգավոր երևույթ է, կարդացի, որ Բայկալում էլ է հայտնվել: Այնպես որ, մեզնից է կախված՝ կա՛մ կորցնելու ենք Սևանը, կա՛մ վերականգնելու ենք»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Այսեր Ղազարյանն էլ փոխանցեց, որ Սևանի «կանաչման» խնդրի լուծման համար անցած տարվանից միջոցառումներ նախաձեռնել են, սակայն դրանք հատվածական են և չեն օգնելու, կոմպլեքսային միջոցառումներ են պետք:

«Այսօր մենք լճի վիճակի, էկոհամակարգի բարելավման լուրջ կոմպլեքսային միջոցառումներ չենք իրականացնում, բայց խոսում ենք, որ, այո, դա երկար պրոցես է, խոսելով՝ մենք լճին չենք օգնի: Սա նախ և առաջ՝ Կառավարման համակարգի խնդիր է, փնթի, կույր կառավարման: Այս պահին, այսպես ասեմ, կառավարում չկա: Կա տարերային բնույթ կրող տարբեր գործողություններ, մասնավորապես՝ փնթի ռեկրեացիայի կազմակերպում, տարբեր աղտոտողների խնդիր, ափամերձ օբյեկտներ, արհեստական ցանցավանդակային ձկնաբուծություն, և այլն, և այլն: Մինչև այդ բոլոր հարցերին լուրջ լուծում չտրվի, այս տարի կարող է քիչ-քիչ ծաղկի լիճը, մյուս տարի՝ ավելի շատ, բայց վիճակն ավելի վատթարանում է»,- ասաց Ղազարյանը:

Բնապահպանի խոսքով՝ ջրի բացթողնման հետ կապված տեղեկատվության թափանցիկության խնդիր կա, երբեք ոչ ոք չի կարող վստահ լինել, թե հայտարարված թվերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:

«Ասում են՝ մինչև 170 մլն խորանարդ մետր ենք բաց թողել, բայց ոչ մեկն այդ թվերին չի հավատում, ինչպես նախկինում էր: Տարիներ են եղել, որ հայտարարել են, թե մինչև 270 մլն խորանարդ մետր ջուր են բաց թողել, ուրեմն հաստատ իմացեք, որ մինչև 300 բաց են թողել: Դարբնին բնորոշ, «кустарний» ոճով է ամեն ինչ արվում, մոտավոր: Սա է խնդիրը»:

Այսեր Ղազարյանը վստահ է՝ ոլորտում փոփոխություններ անելու համար հարկավոր է նախ փոխել Շրջակա միջավայրի նախարարության կազմը՝ հիմնապես:

«Այնտեղ նախարարություն գոյություն չունի: Այս պահի դրությամբ, եթե ուզում են գործողություններ իրականացնել, պետք է ռադիկալ փոփոխություններ անեն՝ նախարարության անձնակազմի, կառավարման մոտեցումների հետ կապված, եթե ոչ, ապա ոչինչ չի փոխվելու: Սևան ազգային պարկի նախկին տնօրենի հետ կապված, ով հայտնի է կանաչ ջուր խմելով, խմում էր, որ ցույց տար, թե վտանգավոր չէ: Նրան փոխեցին, բերեցին մեկին, ով նույնպես իրենց կամակատարն է եղել: Լսեցի, որ մի քանի օր առաջ իրեն էլ են ազատել: Զուտ մարդկանց փոփոխությունով ուզում են ցույց տալ, որ ինչ-որ թարմացումներ են, բայց դա հարցի լուծում չէ, լուրջ համակարգային, առանցքային ուղղություններով փոփոխություններ են անհրաժեշտ, այլապես ոչինչ չի փոխվելու, նույն իներցիաները, նույն փնթիությունը»,- ասաց Բնապահպանության նախարարի նախկին տեղակալը:

Ըստ մասնագետի՝ Սևանի տարեկան ծրագրերում առկա գործողությունները, որոնք ամեն տարի հաստատվում են, կա՛մ ժամանակավրեպ են, կա՛մ չեն արվում: Այսեր Ղազարյանի պնդմամբ՝ առանձին խնդիր են գործողություններ կատարողները, որոնք, իր կարծիքով, կոմպետենտ չեն:

«Սևանի հետ կապված հուսալի տեղեկատվություն է պետք, թե ափամերձ անտառաշերտերից որոնք են մնալու ջրի տակ մոտակա տարիների ընթացքում, օբյեկտների մասով: Կարողությունների զարգացման խնդիր կա: Սևան ազգային պարկում լուրջ կադրային խնդիր կա, կադրային խնդիր կա նախարարությունում: Մի կողմ եմ դնում, թե ինչքանո՞վ են գործողությունները իրականությանը մոտ, մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցով, ուղղակի սիրողական մակարդակով են, եթե ոչ դիլետանտ: Կա նաև նախկին իներցիա, մարդիկ, որոնք սուբյեկտիվ շահեր ունեն, բիզնեսների մեջ են ներքաշված, ունեն հոգեբանական բարդույթավորված վիճակ, ուղղակի չեն մասնակցելու առողջացման գործընթացներին, այլ խանգարելու են: Լիճը մեր հայելային արտացոլումն է, հատկապես կառավարման համակարգի, որ ինքը ադեկվատ չի, կոմպետենտ չի, ավելի շատ սուբյեկտիվ հետաքրքրություններով համեմված գործողություններ են կատարվում, տոտալ իմիտացիա է»,- ասաց Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս