«Եղել են օրեր, երբ մենք մեծ պակաս ենք ունեցել թեստավորման փայտիկների…  արդեն օրական «հեշտությամբ» իրականացնում ենք 2500 թեստ». Արսեն Թորոսյան

«Իրականում այնպես չէ, որ մեր համաճարակաբանները կամ մենք չենք կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել, և այնպես էլ չէ, որ այն չի ավելացել։ Մենք արդեն օրական «հեշտությամբ» իրականացնում ենք 2500 թեստ, ինչը մոտ ապագայում կմեծանա, և կանխատեսում ենք, որ 1-2 կամ մաքսիմում 3 շաբաթվա ընթացքում հզորությունների մեծացմանը զուգընթաց՝ մեր լաբորատորիաներում, այսինքն՝ պետական պատվերի շրջանակներում թեստավորումների քանակը կհասցնենք մոտավորապես 3000-ի։ Սրան գումարած՝ մասնավոր լաբորատորիաներում անցկացվող թեստերը, կունենաք մոտավորապես 4000 թեստ»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ թեստավորումն ինքնին ընդամենը միջոց է հայտնաբերելու վարակված  քաղաքացիներին երկու նպատակով՝ հայտնաբերել թեթև հիվանդներին ու նրանց կոնտակտավորներին, մեկուսացնել և բուժել։

Նախարարը նաև ընդգծեց, որ բուժման կարիք ունեցող որևէ քաղաքացի այդ գործընթացից դուրս չի մնում։

«Կարծես թե սովորական է դարձել 2000-ից ավելի թեստ անելը, մենք ամենասկզբում, երբ անում էինք 200-300 թեստ, համարում էինք ահռելի մեծ թիվ, հիմա 2500 թեստը մեզ համար սովորական է դարձել։ Եղել են օրեր, երբ մենք մեծ պակաս ենք ունեցել թեստավորման փայտիկների, թվում է, թե այն պարզ մի բան է, որը դրվում է մարդու բկանցքում և վերցվում է այդ նմուշը։ Բայց այն հատուկ փայտիկ է, հատուկ նյութով, ծածկույթով։ Այնքան մեծ սպառում է եղել, որ այդ փայտիկ արտադրողները երկրներին վաճառում են քվոտավորված քանակներով։ Մենք այս հարցը լուծել ենք Չինաստանից 160.000 փայտիկ ներկրելով, ինչը շատ դժվար էր։ Չի եղել մի օր, որ մենք չունենանք բուն թեստը, մենք 80.000 թեստ գնել ենք, 60.000 թեստ էլ նվեր ենք ստացել, մոտ 100.000 լոկալ թեստի արտադրություն ունենք»,- հավելեց նա։

Նախարարը նաև ընդգծեց, որ երկկողմանի թոքաբորբը կամ թոքաբորբն ինքնին արդեն բժշկական ցուցում է թեստավորում անելու։ Հնարավոր է՝ լինեն այնպիսի դեպքեր, երբ բժիշկները կարող են թեստավորում չանել և ասել, որ վարակվածությունն ակնհայտ է՝ նման պրակտիկա ամբողջ աշխարհում ընդունված է։

Անդրադառնալով արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտությանը՝ Արսեն Թորոյանն ասաց, որ անձամբ նման անհրաժեշտություն տեսնում է։

Նա նաև անդրադարձավ հարցին, որ տարբեր բուժհաստատությունների աշխատողներ դժգոհում են, որ օրերով տուն չեն գնում, սակայն դրա փոխարեն չեն վարձատրվում։

Ըստ նախարարի՝ նման խոսակցությունների հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ, մինչև չլինի որևէ կոնկրետ դեպք։

«Գուցե նման դեպքեր եղել են, պետք է հասկանալ, թե ինչու են եղել։ Պետք է հասկանանք, որ առողջապահական համակարգը լավ օրեր չի ապրում, լարված է աշխատում՝ ժամանակի, վտանգների առումով։ Սակայն կորոնավիրուսի մեջ ներգրավված բուժհաստատություններին ցուցաբերվում է պատշաճ վերաբերմունք։ Այլ է խնդիրը վճարովի բուժհաստատությունների դեպքում, և, ինչպես տնտեսության մյուս ճյուղերում, այստեղ ևս կարող են լինել ֆինանսական խնդիրներ»,- եզրափակեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս