«Ֆինանսական խնդիրները շատ են եղել ու շարունակվում են». քաղաքացիները՝ արտակարգ դրության և դրա հետևանքների մասին
Ի՞նչ խնդիրների են բախվել մեր համաքաղաքացիներն արտակարգ դրության պայմաններում, ինչպե՞ս են լուծել դրանք, բարելավվե՞լ է արդյոք նրանց ֆինանսական վիճակը վերջին երկու տարիների ընթացքում, օգտվե՞լ են նրանք Կառավարության աջակցության ծրագրերից. այս և մի շարք այլ հարցերի շուրջ 168.am-ը Երևանի փողոցներում՝ պատահական ընտրությամբ, զրուցել է քաղաքացիների հետ:
«Ֆինանսական խնդիրների բախվել եմ: Եկամուտս պակասել է, չնայած էն ժամանակ էլ է պակաս եղել: Ծիրան եմ հավաքում, ծախում եմ, լինում են դեպքեր, որ չեն թողնում, ասում են՝ հելեք, մի արեք, բայց ստիպված եմ, չորս երեխա ունեմ, ասում եմ՝ բա ո՞վ պահի, միայնակ մայր եմ: Արտակարգ դրության ընթացքում առևտուր չկար, հիմա է, որ մի քիչ թողնում են, չնայած, էլի որ տեսնում են՝ առևտուր անողները շատ են իրար կողք կանգնած, չեն թողնում, լարում են, բայց ես էլի նստում եմ, ի՞նչ անեմ, 4 երեխուս ո՞վ պիտի պահի: Վերջին երկու տարիներին ֆինանսական դրությունս չի բարելավվել, ընդհանրապես: Կառավարության աջակցության ոչ մի ծրագրից չեմ օգտվել, աշխատելուց եմ եղել, սկզբում սուտկան 7000 էր, հետո սարքեցին 5000, հելել եմ, ոչ մի օգնություն չեմ ստացել, ասել են, որ՝ պետական աշխատող չես, սեփական աշխատող ես, ոչ մի բանից չեմ օգտվել, ոչ մի լումայից չեմ օգտվել»,- ասաց ծիրաններն արդեն վաճառած ու դատարկ տարաներով քայլող մի կին:
«Ֆինանսական առումով փոփոխություն չկա, բայց մյուս առումներով դրականը շատ-շատ է: Օրինակ՝ ազատության առումով, նախկինում, կարելի է ասել, մեզ տրորում էին: Բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին ասեմ, որ չգիտեմ, թե նախկինում ինչքա՞ն էին ստանում, հիմա՞ ինչքան է, բայց քանի որ հիմա իրենց աշխատավարձերը բարձրացել են, բնականաբար, պետք է պարգևավճարներն էլ բարձրանան, չեմ իմանում, բայց համենայն դեպս, երբեք չեմ ուզի, որ նախկինները հետ գան»,- ասաց մեզ հանդիպած մեկ այլ կին:
«90 տոկոսով կորցրել եմ աշխատանքս: Ֆինանսական խնդիրները շատ են եղել ու շարունակվում են: Բանկերն էլ չեն օգնում, շարունակում են իրենց տոկոսները պահանջել: Վերջին երկու տարվա ընթացքում ֆինանսական վիճակս չի բարելավվել, ամեն ինչ թանկանում է»,- ասաց մի տղամարդ:
«Լիքը ֆինանսական խնդիր ա, էլի»,- ասաց քաղաքացին և չցանկացավ շարունակել:
«Այո, բախվել ենք ֆինանսական խնդիրների: Ոչ մի ձևի չենք լուծել ֆինանսական խնդիրները, մի կերպ յոլա ենք գնում: Պետական աջակցության ծրագրերից վաբշե չեմ օգտվել: Չեմ իմացել, որ նման բան կա, նոր եմ իմացել, փորձում եմ, տեսնեմ՝ կօգնե՞ն, մի երկու կոպեկ փող ստանամ»,- ասաց մի տղամարդ:
«Խնդիրների էնքան եմ հանդիպել, շատ: Տրանսպորտի հարցով հատկապես խնդիրներ շատ են եղել, հիմա չկան: Աշխատողի համար միշտ աշխատանք կա, ես բուժքույր եմ, ինձ համար աշխատանքը միշտ է եղել, բայց քանի որ իրավիճակը վատ է եղել, դրա համար էլ չենք աշխատել: Ատամնաբուժարաններում բուժքրոջ աշխատանքը միանշանակ կանգնում է, հիմա էլ այնպես չէ, որ լիքն են պացիենտները, բայց չեմ բողոքում, եթե էսպես շարունակվի, միգուցե լավ կլինի»,- ասաց մեզ հանդիպած բուժքույրը:
«Ես ամեն ինչից գոհ եմ»,- ասաց մի տաքսիստ:
«Իհարկե բախվել ենք: Թոշակով ենք ապրում: Բաներ կա՝ թանկ ա, բաներ կան, որ մեզ պետք չի, էժան ա: Էս երկու տարվա մեջ ես լավ փոփոխություններ տեսնում եմ և բավականին: Թոշակս բարձրացել է 11.000 դրամով, ինչը քիչ չէ, ճանապարհներն են սարքում: Նախկինում 16 հազար էինք ստանում, հիմա՝ 26.700 դրամ: Նախորդներին որ բողոքում էինք, ասում էին՝ շնորհակալ եղեք, հաջորդ տարի ավելի վատ է լինելու, բյուջեն փող չկա: Ճնշված ենք ապրել, խաբված ենք ապրել, 2 տարվա մեջ փոփոխությունը լավ է»,- ասաց մի կին:
«Չենք բախվել ֆինանսական խնդիրների, իմ ֆինանսական վիճակն էլ երևի բարելավվել է»,- ասաց մի երիտասարդ:
«Իհարկե ունեցել ենք խնդիրներ, մարդիկ քիչ են, մարդկանց ձեռքը գումար չկա, տուրիստներ չկան, որ կարողանանք աշխատել: Էն ժամանակ լավ էր, էս վիրուսն ա, էլի: Պետքական աջակցության չեմ ստացել, ոչ ես, ոչ իմ տնեցիք: Ֆինանսական խնդիրները լուծել եմ, մի քիչ քույրս ա ուղարկել, մի քիչ էլ աշխատել եմ, էդ ա»,- ասաց մի տաքսու վարորդ: