«Էսկալացիաները, սադրանքները և նմանատիպ բոլոր ռազմական իրավիճակները կանխում է հայոց բանակը»․ Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևն իր հայտարարություններով ցանկանում է բանակցությունները տանել փակուղի:

«Հայկական կողմի պատասխանը հենց այս կոնտեքստում պետք է լիներ, ոչ թե հեղափոխական գաղափարների, արժեքների պաշտպանության կոնտեքստում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատի ունենալով Ալիևի հայտարարությանը հաջորդած ՀՀ ԱԳՆ պատասխանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից հնչող ցանկացած նմանատիպ հայտարարության հայկական կողմը պետք է պատասխանի:

«Ալիևը թույլ է տալիս, որ իր հետ խոսեն կոշտ, որովհետև ինքը հենց այդպես է խոսում: Առաջին անգամը չէ, որ նա Հայաստանի առաջին դեմքի մասին նման հայտարարություններ է անում, և առաջին անգամը չէ, որ ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Պետք է պատասխանել այնպես, ինչպես նրա հայտարարություններն են: Բանակցային սեղանի շուրջ բոլորովին այլ հարց է, սակայն, եթե Ալիևը ելույթ է ունենում իր հանրության առջև և փորձում է հանդես գալ հաղթող բանակցողի դիրքերից, ապա մենք պարզապես պարտավոր ենք նմանատիպ պատասխան հնչեցնել: Այլապես կդիտարկվի, որ մենք թույլ բանակցող ենք և պարտվողի դիրքերում ենք գտնվում»,- ընդգծեց նա:

Փորձագետի խոսքով՝ Ալիևի հռետորաբանությունը փոխվել է՝ նա ավելի ռազմատենչ է դարձել. «Սա ես ավելի շատ պայմանավորում եմ ներքին խնդիրներով. Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում բավականին ակտիվ է ընդդիմությունը և բավականին մեծ խնդիրներ է ստեղծում Ալիևի համար: Ալիևին ոչինչ չի մնում անելու՝ բացի սեփական հասարակությանը վախեցնել, առաջին հերթին, նրանով, որ՝ պատերազմող երկիր ենք, ամեն ինչ անում ենք, որ հաղթող դուրս գանք: Ալիևն անընդհատ ասում է, որ պետք է հարձակվեն, կռվեն, իր հասարակությանը պահում է այնպիսի վիճակում, որ հասարակությունը միայն պատերազմի մասին մտածի»:

Հարցին՝ պատերազմող երկրների դեպքում ղեկավարների հռետորաբանությունը ի՞նչ դերակատարություն է ունենում. Հայաստանի ղեկավարը պարբերաբար խաղաղության կոչերով է հանդես գալիս, իսկ Ալիևի հռետորաբանությունը լրիվ հակառակն է, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես մի բանից եմ միշտ վախենում, որ մենք մեր զգոնությունը չկորցնենք. Խաղաղության գինը գոնե մենք գիտենք, հայը գիտի դրա արժեքը, մենք երբեք նախահարձակ չենք եղել, մենք մշտապես եղել ենք խաղաղության կողմնակիցը: Երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, հետո խնդրել է հրադադար, մենք իսկույն գնացել ենք հրադադարի: Այսօր թիրախը ճիշտ չի ընտրված. ոչ թե Հայաստանին է պետք պատրաստել խաղաղության, այլ՝ Ադրբեջանին, և դա պետք է նաև միջնորդ կողմերը հստակ ըմբռնեն և մեսիջները հղեն Ադրբեջանին, այլ ոչ թե՝ Հայաստանին»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ համանախագահները դրական են գնահատել տեղերում հարաբերական կայունությունը և գոհունակություն հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել ուղիղ կապի միջոցները, որպեսզի խուսափեն սրացումից: Իշխանական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը մեր տաղավարում ասել էր, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև հաստատված ուղիղ կապի մասին է, և, որ հնարավոր է եղել դրա օգնությամբ կանխել որոշակի սադրանքներ, էսկալացիաներ:

Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով Ալիևի մաքսիմալիստական ձգտումները՝ արդյոք հնարավո՞ր է նրա հետ և նրա օգնությամբ, ինչպես նշել է Տաթևիկ Հայրապետյանը, կանխել որոշակի սադրանքներ և էսկալացիաներ, և առհասարակ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ էսկալացիաների և սադրանքների, Ալիևը փորձել է սադրանք անել, Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է, որ դա կանխվի՞, նման բան հնարավո՞ր է:

«Այդ դեպքում փաստենք, որ, եթե կանխվել է էսկալացիա, ապա Ադրբեջանն այս ընթացքում ցանկացել է հարձակվել Հայաստանի վրա։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկացել է հարձակվել Հայաստանի վրա, և դրա մասին փաստորեն նաև գիտեն միջնորդ կողմերը: Հետևաբար՝ միջնորդները պետք է խաղաղության պատրաստեն հե՛նց Ադրբեջանին:

Երկրորդ՝ էսկալացիաները, սադրանքները և նմանատիպ բոլոր ռազմական իրավիճակները կանխում է հայոց բանակը: Եթե Ադրբեջանը՝ Ալիևը, մեկ րոպե անգամ վստահ լիներ, որ հաջողության է հասնելու, և իր ռազմական որևէ գործողությամբ կլուծվի գոնե իր նպատակի կեսը, ապա նա կանցներ ռազմական գործողությունների: Ես մտածում եմ, որ ուղիղ կապը կարող է որոշակի տեխնիկական հարցերի լուծման համար լավ ազդակ լինել, կամ գոնե ենթագիտակցության մեջ, որ ուղիղ կապ կա առաջին դեմքերի միջև, դա գոնե լավ է, բայց որ կարող է կանխել որևէ ռազմական գործողություն, ես այդքան էլ վստահ չեմ Ալիևի վրա»,- ի պատասխան՝ ասաց նա:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ միանշանակ է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. «Վերջին շրջանում, հատկապես 2019թ. սեպտեմբերից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները բերում են նրան, որ նրանք պատրաստվում են նոր ռազմական գործողությունների: Բանակցային գործընթացը ձգձգելը, տարբեր հայտարարություններն ընդամենը ժամանակ ձգելու և նախապատրաստվելու գործողություններ են: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Նախիջևանում ավարտին է հասցնում ԱՊՀ երկրների տարածքում ամենամեծ ռազմական հոսպիտալի կառուցումը, որի ֆինանսական աջակցությունն տրվում է Թուրքիայի կողմից: Նաև Ադրբեջանն առաջնագծին մոտ բավականին նորաստեղծ զորամասեր է սկսել բացել: Այս ամենին գումարած՝ եթե նայենք, թե ինչպիսի զորավարժություններ են իրենք անցկացնում, ապա ակնհայտ է, որ դրանք հարձակվողական բնույթի են: Դա նշանակում է, որ նրանք ինչ-որ գործողության են պատրաստվում: Բացի այդ՝ որքան էլ ասենք՝ վերջին շրջանում հարաբերական անդորր է, չմոռանանք, որ թե՛ շփման գծում, թե՛ Տավուշի մարզում եղան սադրիչ գործողություններ, եղան դիվերսիոն ներթափանցման փորձեր: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ գնա ռազմական գործողությունների»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս