Կենտրոնական բանկը չի կիսում կառավարության «լավատեսությունը»

Կենտրոնական բանկն ու կառավարությունն էապես տարբեր կանխատեսումներ ունեն այս տարի Հայաստանում սպասվող տնտեսական գործընթացների վերաբերյալ։ Չնայած երկուսն էլ համամիտ են 1 հարցում. տնտեսական անկումից անհնարին կլինի խուսափել։

Կառավարության գնահատումներով, որը ներկայացվեց ապրիլի վերջին, Հայաստանի տնտեսությանը սպասվում է 2 տոկոսանոց անկում։ Կենտրոնական բանկը համամիտ չէ կառավարության այս կարծիքի հետ։ ԿԲ-ն շատ ավելի հոռետես է տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ։

Ի տարբերություն կառավարության՝ Կենտրոնական բանկը կրկնակի ավելի բարձր տնտեսական անկում է կանխատեսում։ Վերագնահատումից հետո սահմանվել է 4 տոկոս անկման հավանականություն։ Կանխատեսումները ներկայացվել են հունիսի 16-ի դրությամբ տնտեսության վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա։

Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է նախորդ գնահատականը։ Առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության մեջ այն շատ ավելի դրական սպասումներ ուներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ։ Չնայած համավարակով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսությունը բռնել էր անկման ճանապարհը, իսկ միջազգային շուկաներում տեղի էր ունենում հումքային ապրանքների գների նվազում, այնուհանդերձ ԿԲ-ն համարում էր, որ Հայաստանին կհաջողվի խուսափել տնտեսական անկումից։ Նույնիսկ մի փոքր աճ կգրանցվի։ Խոսքը ՀՆԱ 0,7 տոկոս ավելացման մասին էր։ Նման լավատեսության հիմքն այն էր, որ համավարակը կկրի կարճատև բնույթ։

Բայց հետո պիտի պարզվեր, որ նման սպասումներն արդարացված չէին։ Համավարակն առաժմ նահանջելու միտք չունի։ Ավելին, չի բացառվում, որ կարող է սկսվել երկրորդ ալիքը, ինչը շատ ավելի կմեծացնի համաշխարհային, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսության վնասները։

Չնայած մինչ այդ էլ համավարակը Հայաստանում պակաս ակտիվ չէ։ Դա զգալիորեն ավելացրել է տնտեսության ռիսկերը։

Մարտից սկսած տնտեսությունը հայտնվել է ազատ անկման մեջ։ Նախ՝ գրանցվեց 4,9 տոկոս անկում։ Ապրիլին անկումը խորացավ՝ հասնելով 17,2 տոկոսի, թեև հետո Վիճակագրական կոմիտեն այն ճշգրտեց՝ դարձնելով 16,3 տոկոս։ Մայիսին տնտեսական անկումը կազմեց 12,8 տոկոս։ Տարեսկզբի 5 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում ՀՆԱ 3,9 տոկոսանոց անկում է արձանագրել։

Այլ գործոնների թվում՝ այս ցուցանիշներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումների վրա։

«Համավարակի տարածումը, հակահամավարակային միջոցառումները, տնտեսական սահմանափակումները, եկամուտների նվազումը, այդ թվում՝ մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը, ինչպես նաև անորոշության կտրուկ աճի պայմաններում սպառման և ներդրման որոշումների հետաձգումն այն գործոններն են, որոնք էականորեն կթուլացնեն Հայաստանի տնտեսական ակտիվությունը։ Ենթադրվում է, որ վերոնշյալ գործոնների ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա միայն 2020թ. երկրորդ կեսից սկսած, ինչի արդյունքում ՀՀ տնտեսական աճը 2020թ. կլինի բացասական տիրույթում՝ կազմելով -4 տոկոս»,- երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ՝ անդրադառնալով սպասվող տնտեսական զարգացումներին, արձանագրել է Կենտրոնական բանկը։

Գնահատականները վերանայվել են՝ կապված՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ ներքին տնտեսության մեջ ընթացող պրոցեսների հետ։ Սպասումները վատացել են ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և այլ ոլորտներում։

Կանխատեսվում է արտահանման երկնիշ աճ։ Ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների նվազումը գնահատվել է 12-15 տոկոս։ Համաշխարհային տնտեսության մեջ առկա պահանջարկի անկմանը զուգահեռ՝ դա կպայմանավորվի նաև գործընկեր երկրների կողմից համավարակի կանխարգելման դեմ կիրառվող միջոցառումներով։

Ներմուծման կրճատումն ավելի խորը կլինի. գնահատվել է, որ այն կտատանվի 15-17 տոկոսի սահմաններում։

Մյուս կարևոր ուղղությունն արտաքին ֆինանսական հոսքերն են։ Այս հարցում ևս Կենտրոնական բանկի գնահատականներն ավելի հոռետեսական են դարձել, թեև նախկինում էլ մի բան չէին։ Այն ժամանակ կանխատեսվում էր տրանսֆերտների 19 տոկոսանոց նվազում։ Այժմ արդեն սպասումները հասել են 22-25 տոկոսի։

Եթե իրականանա այս կանխատեսումը, ապա ենթադրվում է, որ մասնավոր տրանսֆերտների կրճատումը տարեվերջին կկազմի գրեթե 500 մլն դոլար։ Սա վերաբերում է միայն բանկային համակարգով կատարվող փոխանցումներին։ Կանխիկ հոսքերի մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։ Չնայած կանխիկի տեսքով պակաս քիչ գումարներ չեն գալիս մեր երկիր։ Անցած տարի միայն բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկրից կազմեցին գրեթե 2 մլրդ դոլար։

Սպասվող 500 միլիոնի կորուստը լուրջ հարված կարող է լինել այն քաղաքացիների համար, ովքեր նստած են դրսից ստացվող ֆինանսական միջոցների վրա։ Թեև չի բացառվում նաև, որ կորուստներն ավելի մեծ լինեն։ Տրանսֆերտների աղբյուրը կամ աղբյուրներից կարևորը՝ արտագնա աշխատանքն է, ինչից այս տարի զրկվել են տասնյակ-հազարավոր քաղաքացիներ։

Տարեսկզբի 4 ամիսներին արդեն բանկային համակարգի միջոցով իրականացվող մասնավոր փոխանցումների նվազումը հասել է 17 տոկոսի։

Կենտրոնական բանկը վատ սպասումներ ունի՝ աշխատանքի շուկայի դրսևորումների հետ կապված։ Այստեղ արդեն սկսվել է աշխատատեղերի կրճատումը։ Մինչ այդ էլ գործազրկության մակարդակը Հայաստանում շատ բարձր էր։ Անցած տարվա վերջին այն տատանվում էր 17 տոկոսի սահմաններում։ Տնտեսության մեջ և աշխատաշուկայում վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխություններից հետո Կենտրոնական բանկն ակնկալում է, որ գործազրկության մակարդակը կարող է հասնել ընդհուպ մինչև 20,4 տոկոսի։

Այս պահին ահա այսպիսի տխուր սպասումներ ունի Հայաստանի այս տարվա տնտեսական գործընթացների վերաբերյալ Կենտրոնական բանկը։ Ընդամենը 3 ամսում նախկին լավատեսությունից այլևս ոչինչ չի մնացել։ Ու դեռ պարզ չէ, թե առաջիկայում ինչ այլ վերադասավորումներ կարող են լինել հրապարակված ցուցանիշներում։ Առայժմ զարգացումներն ընթանում են հոռետեսական սցենարով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս