«Ոլորտի պատասխանատուները դրսևորեցին հանցավոր անլրջություն և հիվանդությունը փորձեցին համեմատել սեզոնային գրիպի հետ». Գրիգոր Գրիգորյան
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դեռևս հունվարի 9-ին Առողջապահության և սոցիալական հարցերի տեսչական մարմինը սահմանային հսկիչ կետերում թույլատրել էր ՀՀ 18 քաղաքացու ակնհայտ վարակիչ հիվանդությամբ հատել սահմանը։
«Այս մարդկանց մոտ ֆիքսվել էին կլինիկական նշանները, դրանք ներառում էին բարձր ջերմություն, փսխում, փորացավ, ցան, որոնք հետագայում, ինչպես պարզվեց, բոլորը բնորոշ են այս նոր կորոնավիրուսին։ Հունվարի 7-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ կա անհայտ վարակ, ինչը ենթադրում է, որ այն երկրները, որոնք ԱՀԿ-ի անդամ են, պարտավոր են ուժեղացնել հսկողությունը սահմանների վրա»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը։
Ըստ նրա, երբ փետրվարին հայտարարվեց, որ նոր կորոնավիրուսը հանդիսանում է հատուկ պատահար հանրային առողջության համար, ինչը ենթադրում էր, որ Հայաստանի առողջապահական համակարգը պետք է բերվեր բարձր պատրաստվածության՝ հակազդելու այդ վիրուսին։ Գրիգորյանի կարծիքով՝ կար բավարար տեղեկատվություն, որպեսզի հասկանային՝ գործ ունեն վիրուսի հետ, որը տարածվում է օդակաթիլային եղանակով։
«Այս ամենի հետ կապված՝ մեր ոլորտի պատասխանատուները դրսևորեցին հանցավոր անլրջություն և հիվանդությունը փորձեցին համեմատել սեզոնային գրիպի հետ։ Կորոնավիրուսը և գրիպի վիրուսը տարբեր վիրուսներ են։ Առողջապահության ոլորտի պատասխանատուները, գիտությամբ թե առանց գիտության, մի շարք հայտարություններ էին արել, որոնք ուղղակի միտված էին բթացնելու մեր բնակչության զգոնությունը։ Մասնավորապես՝ Առողջապահության փոխնախարարի մակարդակով հայտարարություն կատարվեց, որ Հայաստանը կորոնավիրուսի ներթափանցման հարցում գտնվում է ցածր ռիսկայնության գոտում, որին չներկայացրեցին որևէ գիտելիքահեն հիմնավորում։ Պարզապես արվեց մերկապարանոց հայտարարություն, որը շատ արագ տարածվեց և ներկայացվեց՝ որպես փաստ»,-շեշտեց մասնագետը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում առողջապահության ոլորտի պատասխանատուներն այս ամենից զատ հայտարարեցին, որ իրենց չեն հետաքրքրում բերովի դեպքերը, այլ անհանգստացնում են լոկալ տարածման դեպքերը։
Հետևաբար՝ հարց է առաջանում, եթե երկրում դեռ չէր գրանցվել վարակման դեպք, ինչպես կարող էր ոլորտի պատասխանատուներին չանհանգստացնել բերովի դեպքերը, ավելին՝ այն ինչպես կարող էր հայտնվել երկրում, եթե ոչ՝ բերովի դեպքերով։
«Կատարվել են մի շարք անթույլատրելի գործողություններ Առողջապահության նախարարության տարբեր օղակների և հիմնարկների ներկայացուցիչների կողմից»,- եզրափակեց նա։