«Շատերը՝ խանդից, շատերը՝ չընդգրկվելով մեր կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել նշանակված քաղաքացիներին». Արայիկ Հարությունյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադառնալով իր կադրային քաղաքականությանը և նշանակումներին, դրանց առնչվող  ընդդիմադիրների քննադատությանը, ընդունել է, որ կադրերն են որոշում ամեն ինչ, բայցև հորդորել՝ նշանակվածներին աշխատելու ժամանակ և հնարավորություն տալ:

«Շատերը՝ խանդից, շատերը՝ չընդգրկվելով մեր կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել նշանակված, արդեն պատասխանատվություն ստանձնած քաղաքացիներին: Ժամանակ տվեք և կտեսնեք: Իսկ ով չաշխատի, նրանք, ովքեր չպահպանեն կանոնները՝ վարքագծի, տեմպի, որովհետև շատ մեծ տեմպ ենք հաղորդելու, մեզ հետ չեն քայլելու կոնկրետ այդ ուղղությունում: Բայց շարունակելու են մնալ մեր քաղաքացիները, մտերիմները, բարեկամները: Ոչ մեկի մեջ թշնամի մի փնտրեք: Բոլորն ունեն անցած ուղի՝ իրենց սխալներով, հաջողություններով, ամենաքիչը պիտի հետաքրքրի դա: Մանրակրկիտ ուշադրության կենտրոնում պահեք բոլորի աշխատանքը, և եթե քննադատում եք՝ կատարված աշխատանքով, ոչ թե սանրվածքը, հագուստը, խոսելու ձևը, պահվածքը: Իհարկե, պահվածքը, վարքագիծը կարևոր է, բայց ընդհանուր առմամբ  նշեցի՝ աշխատանքը»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Այս համատեքստում խոսելով օգնականների և խորհրդականների ընտրությունից, Արցախի ղեկավարը շեշտել է, որ ինքն է ընտրում՝ ով կարող է իրեն օգնել և խորհուրդ տալ, դա հանրային քննարկման թեմա չէ, և, որ որոշ խորհրդականներ աշխատելու են հասարակական հիմունքներով:

«Հանգի՛ստ եղեք: Այն մարդկանց, որոնց ընտրել եմ՝ որպես օգնական կամ խորհրդական, ես գիտեմ, թե տվյալ անձինք ինչ խորհուրդ են տալու և ինչպես են ինձ օգնելու»,- ասել է նա՝ պնդելով, որ այն պաշտոնյաները, որոնք չեն աշխատել, բայց եղել են ձևակերպված, ազատվելու են:

«Նրանց, ում նշանակենք՝ չաշխատեն, էլի ազատվելու են: Պետությունից վճարվող ցանկացած քաղաքացի, հայրենակից պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի համար, և ոչ միայն՝ իշխանությանը, իր ղեկավարներին, այլ նաև՝ հանրությանը»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի ղեկավարը հերթական անգամ հիշեցրել է՝ «ձեռքը մնում է օդում պարզած». ով ցանկություն ունենա համագործակցության, համագործակցելու են:

Տեսանյութեր

Լրահոս