Բաժիններ՝

70 միլիարդ դրամ փող ենք տալու պարտադիր կուտակայինների ֆոնդերի կառավարիչներին այն դեպքում, երբ այդ փողը չունենք. Սուրեն Պարսյան

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի անցումային դրույթով նախատեսված է, որ 2020 հուլիսի 1-ից, այսինքն՝ այսօրվանից, գործելու է նոր կարգավորում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ առ այսօր գործող կարգի համաձայն՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում կուտակային վճարը հաշվարկվում է 2.5 տոկոս, այսինքն՝ կազմում է 10-12.5 հազար դրամ.

«Իսկ արդեն հուլիսի 1-ի փոփոխությունների համաձայն՝ 500 հազար դրամից ավելի ստացողների դեպքում կուտակային վճարը կազմելու է 10 տոկոս, այսինքն՝ իրենք վճարելու են 12.500 դրամ՝ գումարած 500 հազարից ավելիի  10 տոկոսը, բայց  ոչ ավելի 77 հազարից: Ենթադրենք՝ մեկ ամիս առաջ 700 հազար դրամ էիր ստանում, վճարում էիր 12.500 դրամ, և վերջ, իսկ  հիմա վճարելու ես 12.500 դրամ՝ գումարած՝ 700 հազար դրամից հանում ես 500 հազար դրամ, 200 հազար դրամի 10 տոկոսը՝ 20 հազար»,- ասաց տնտեսագետը:

Այսինքն, ըստ Սուրեն Պարսյանի, մենք  այս տարվա ընթացքում 70 միլիարդ դրամ փող ենք տալու պարտադիր կուտակայինների ֆոնդերի կառավարիչներին այն դեպքում, երբ այդ փողը չունենք, այսինքն՝ պարտք ենք վերցնում, որ տանք ֆոնդերի կառավարիչներին, որոնք 30-40 տարի հետո, հնարավոր է՝ վերադարձնեն կամ  ոչ:  Ի դեպ, այս խնդրի մասին, հատկապես համավարակի տարածումից հետո, շատ տնտեսագետներ էին ահազանգում:

Տնտեսագետի խոսքով՝ բարձր աշխատավարձ ստացողները ստիպված  են լինելու  պարտադիր կուտակային լրացուցիչ վճարումներ կատարել.

«Մեզ մոտ մի քանի ոլորտներ կան՝ IT ոլորտ, ֆինանսական ոլորտ, արդյունաբերություն և այլն: Այսինքն՝ այդ ոլորտի ներկայացուցիչների վրա լրացուցիչ հարկային բեռ է դրվում հուլիսի 1-ից: Այն, ինչի համար տարիներ շարունակ պայքարել, կռվել էինք, որ տեղի չունենար, գործող իշխանությունները սահուն ներդրեցին: Նախ՝ 2018 թվականի հուլիսի 1-ից մասնավոր հատվածը ներառվեց, իսկ հիմա արդեն 500 հազար դրամից ավելի ստացողների վրա 10 տոկոսի չափով պարտադիր կուտակային վճար է դրվում: Ըստ էության գործող իշխանություններն իրականացրեցին Տիգրան Սարգսյանի երազանքը»:

Պարսյանի խոսքով՝ ինքը դեռ այս տարվա ապրիլին առաջարկ է ներկայացրել սառեցնել պարտադիր կուտակային վճարումները և՛ պետական բյուջեից, և՛   քաղաքացիներից. «Այս պահին այդ գումարը մեզ շատ է պետք: Մեր ֆինանսական քաղաքականությունը սխալ է՝ հատկապես այս իրավիճակում»:

Նա նաև ներկայացրեց միջազգային փորձը. «Օրինակ, 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Էստոնիայի կառավարությունը որոշում կայացրեց 1 տարով սառեցնել բոլոր պարտադիր կուտակային վճարները, այդ տարի  որևէ հատկացում չեղավ ֆոնդերի կառավարիչներին, որովհետև պետական բյուջեն այդ գումարների կարիքն ուներ: Լեհաստանը, օրինակ, կրճատեց պարտադիր կուտակայինի վճարը, հիմա 2.5 տոկոս է, նվազեցրեց, 1 տոկոս սարքեց: Խնդիրն այն է, որ գործող կառավարությունը շարունակում է նախորդ կառավարություններից եկող ծայրահեղ նեոլիբերալ կուրսը, այն է՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով պետական փողերն ուղղել դեպի բանկային, ֆինանսական համակարգ»:

Տնտեսագետի խոսքով՝ 500 հազար դրամից ավելի եկամուտ ստացող աշխատողներն  ընդհանուր թվի մոտավորապես 10 տոկոսն են կազմում:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որն ընդամենը 1 ամիս մնաց այդ պաշտոնում, հրաժարական էր տվել հենց այս հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնության պատճառով:

Նարեկ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս