«Այս պարագայում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել և չի դիմում ՍԴ՝ դա բացարձակապես ԱԺ նախագահին իրավունք չի տալիս՝ ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը»․ Վարդան Այվազյան

2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում մի քանի ժամվա ընթացքում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Սահմանադրության փոփոխությունների նախագծով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ դատավոր։

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցներին հայտնեցին՝ Հանրապետության նախագահը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի համոզմամբ, սակայն նախագահի այս հայտարարությունը չի բխում իր սահմանադրական լիազորությունները պատկերացնելուց:

«Սահմանադրությամբ նախագահն ունի ԱԺ կողմից ընդունված օրենքների նկատմամբ վետո կիրառելու իրավունք: Այդ իրավունքն իշխանությունների բաժանման և հավասարակշռման համակարգում հենց նախագահի ինստիտուտին բնորոշ լիազորություն է, որը՝ չմտնելով իշխանության թևերից որևէ մեկի մեջ, որպես ֆունկցիոնալ օղակ իշխանության մեջ, եթե տեսնում է, որ Սահմանադրության հետ աղերսներ չունի, վետո է դնում օրենքի նախագծի վրա: Բայց գործող Սահմանադրությունն այդ վետոյի լիազորությունը ներկայացրել է Սահմանադրական դատարանի հետ համակցության միջոցով։ Այսինքն, եթե նախագահը հայտարարում է, որ չի ստորագրելու, դրանից պարտադիր բխում է նրա պարտականությունը՝ դիմելու ՍԴ՝ այդ օրենքի նախագծի սահմանադրականության վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը:

Նա նաև հավելեց, որ այստեղ առկա է կոնֆլիկտ Նախագահի և Ազգային ժողովի միջև, և Սահմանադրական դատարանը վերջին բարձրագույն ատյանն է, որը պետք է լուծի այդ կոնֆլիկտը.

«Դրա համար Սահմանադրությունը տրամաբանորեն ասում է՝ եթե նախագահը օրենքի նախագծի հետ համաձայն չէ, նա 21-օրյա ժամկետում պարտավոր է դիմել ՍԴ: Եթե ՍԴ-ն կկայացնի բացասական որոշում, օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս կգա, եթե ՍԴ-ն կկայացնի դրական որոշում, որ օրենքի նախագիծը չի հակասում Սահմանադրությանը, այդ դեպքում նախագահը, եթե ՍԴ որոշումից հետո էլ հրաժարվի ստորագրել, այսինքն՝ ՍԴ-ի հետ էլ համաձայն չէ, նոր այդ դեպքում տրամաբանորեն գալիս է, որ հինգ օրվա ընթացքում ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը:

Հիմա այս պարագայում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել և չի դիմում ՍԴ՝ դա բացարձակապես ԱԺ նախագահին իրավունք չի տալիս՝ ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը»:

Նկատենք՝ թեմայով այսօր ամենատարբեր մեկնաբանություններն են հնչել՝ քաղաքական ու մասնագիտական տարբեր շրջանակներից.

168.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Նախագահի հաղորդագրությանը՝ հետևյալ պարզաբանմամբ էր հանդես եկել.

«ԱԺ կողմից ընդունված օրենքները Նախագահի կողմից 21-օրյա ժամկետում ստորագրվում և հրապարակվում են, կամ նույն ժամկետում Նախագահը դիմում է ՍԴ՝ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։ Եթե այս երկու գործողությունից որևէ մեկը չի կատարվում, ապա Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը։ Այս պարագայում որևէ օրենքի հակասահմանադրականության հարց քննարկվել չի կարող»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կրկին Ֆեյսբուքում գրառմամբ արձանագրել է. ««Չեմ ստորագրելու»՝ չի նշանակում «ՍԴ չեմ ուղարկելու»։

2) Եթե անգամ ասի «Չեմ ստորագրելու, ոչ էլ ՍԴ եմ ուղարկելու», միևնույն է՝ 21 օր ժամանակ ունի դիրքորոշումը փոխելու համար։

3) Այդ 21 օրը նախագահի «անձեռնմխելի» սահմանադրական ժամկետն է – «տապալողները» պետք է սպասեն, և միայն 21 օր հետո է, որ ԱԺ նախագահը լիազորվելու է ստորագրել։

4) Քանի որ ենթադրյալ սպասողները «տապալողներն» են, ԱԺ նախագահին ստիպելու են (կամ էլ նա «ինքնաստիպվելու է») էսօր-վաղը ստորագրի։

5) «Մի էպիզոդ ավել, մի էպիզոդ պակաս – ինչ տարբերություն»,- կասեք դուք։ Ես էլ կասեմ՝ 10 տարվա ու 15 տարվա միջև տարբերությունը ամենևին փոքր չէ։

6) Խե՜ղճ Յորիկ»»։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մասնավորապես նշել էր․

«Ես չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորմամբ նախագահը պետք է հրաժարվի օրենքներ ստորագրելու լիազորությունից, քանզի այդ լիազորությունից ինքը չի զրկվել։ Բայց քաղաքական առումով ակնհայտ է, որ հրաշալի տեսնելով ու գիտակցելով, թե իրականում ինչպիսի հակասահմանադրական, հակաիրավական եղանակով է այս ամբողջ պրոցեսը կատարվում, այսինքն՝ քրեորեն պատժելի արարքների միջոցով, Արմեն Սարգսյանը ուղղակի ձեռքերը լվացել է՝ ասելով՝ արեք այն, ինչ ուզում եք՝ ինձ չխառնելով այս պրոցեսին»։

Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ նախագահի կողմից իր պաշտոնական կայքում այս տեղեկությունն այսօր տեղադրելը նշանակում է, որ «իմքայլականները հերթական խախտումն են ուզում անել»։ «Կասեն՝ նախագահը մեզ տեղեկացրել է, և դրա համար 21-օրյա ժամկետին չենք սպասելու, և վաղը Արարատ Միրզոյանը ստորագրում է այն։ Ես արդեն չեմ զարմանում Սահմանադրության որևէ այլասերված մեկնաբանության վրա, բայց տեղեկացնեմ, որ դա ևս Սահմանադրության խախտում է»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Նկատենք՝ Օրենքների ստորագրման հարցը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 129 հոդվածով՝

«Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը

  1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
  2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
  3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Օրենքների ստորագրման հարցի կարգավորումների մասին խոսել էր նաև Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ նկատելով, որ այս հարցում հիմնական շփոթմունքն առաջանում է այն պատճառով, որ հստակ չի ներկայացվում Սահմանադրության հոդվածի տեքստը և տպավորություն է ստեղծվում, որ ԱԺ նախագահը կարող է ստորագրել օրենքի նախագիծը, եթե Նախագահը չի ստորագրում այն.

«Այնինչ Սահմանադրությունն ԱԺ խոսնակին նախագիծը ստորագրելու իրավունք տալիս է միայն Նախագահի կողմից իր պարտականությունը չկատարելու (ոչ թե չկատարելու մտադրության մասին հայտնելու) դեպքում, իսկ նշված պարտականությունը կարող է համարվել չկատարված միայն Սահմանադրության նշված հոդվածով սահմանված ժամկետի ավարտին: Ավելին, առկա չի որևէ տեղեկատվություն, արդյո՞ք Հանրապետության նախագահը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ (առնվազն հակասում են Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներին): /Չնայած, եթե նույնիսկ այդպիսի հայտարարություն էլ արվեր, վերլուծությունը և եզրահանգումները չէին փոխվի, ինչի հիմնավորումները բերված են ստորև/: Անկախ նշված հանգամանքից, միայն, եթե քսանմեկ օրվա ընթացքում Հանրապետության նախագահը չկատարի իր՝ օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու պարտականությունը (իսկ դա հնարավոր կլինի պարզել միայն նշված ժամկետի ավարտին), նոր միայն ԱԺ խոսնակը կունենա հնարավորություն հինգօրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը: Կարո՞ղ է արդյոք Հանրապետության նախագահը հրաժարվել 129-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից։ Եթե նույնիսկ Հանրապետության նախագահը հայտարարի, որ նաև չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան, միևնույն է, դա դեռ չի նշանակում, որ նա արդեն իսկ չի կատարել օրենքի նախագիծը ստորագրելու կամ ՍԴ դիմելու իր պարտականությունը, քանի դեռ չի անցել քսանմեկ օրը»:

Տեսանյութեր

Լրահոս