Գունավոր հեղաշրջման հաջորդ փուլի ուրվագծերը
Բազմիցս է ասվել, որ Հայաստանում 2018թ. իրականացված գունավոր հեղաշրջումը նպատակ ուներ վերաձևել մեր ավանդական արժեհամակարգը և փոխելով Հայաստանի գեոքաղաքական առանցքը՝ խմբագրումներ կատարել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում: Գունավոր հեղաշրջումների մեթոդաբանության տեսանկյունից, Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է առավելապես Ռուսաստանի հետ ունեցած համապարփակ կապերի տեսանկյունից, որոնց ականապատումը գործունեության լայն ճակատ է բացում անգլոամերիկյան կենտրոնների համար: Նպատակն է Ռուսաստանին իր սահմանների երկայնքով շարունակական և խորը առճակատումների մեջ ներքաշելը: Հայաստանի մասով կարիք կա կա՛մ գեներացնել հակառուսական հիստերիա, կա՛մ ներհայաստանյան իրավիճակը հասցնել կրիտիկականի, որի արդյունքում Ռուսաստանը կխրվի «հայկական ճահճի» մեջ: Գործընթացների առավել բարեհաջող զարգացման պարագայում, միանշանակ կդրվի ՀՀ-ում ՌԴ ռազմաքաղաքական ներկայության նպատակահարմարության հարցը` տարածաշրջանը դնելով NATO-ական Թուրքիայի սպասարկման տակ:
Ասվել է նաև, որ գունավոր հեղաշրջումներ նախագծող ուղեղային կենտրոններին Հայաստանը հետաքրքրում է նաև ռուսաստանաբնակ հայկական սփյուռքի և միլիոնավոր աշխատանքային միգրանտների տեսանկյունից: Փորձ է արվում, այսպես կոչված, «հեղափոխական» տրամադրությունները հայկական ցանցային կառույցներով արտահանել ՌԴ: Հետևանքները, անշուշտ, խիստ թանկ կարժենան մեր ժողովրդի համար:
Դեպքերի նման հեռանկարը հիշեցնում է վրացական վարդերի հեղափոխության անդառնալի ստրատեգիական կորուստները: Արևմուտքի պլանավորմամբ իրականացված գունավոր հեղաշրջման արդյունքում՝ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հրվ. Օսիան, միաժամանակ ենթարկվելով թուրք-ադրբեջանական տնտեսական, դեմոգրաֆիկ, ինչպես նաև՝ կրոնական էքսպանսիային: Արդյունքում, չունենալով էներգետիկ անկախություն և միատարր բնակչություն, Վրաստանը այլևս իր կզակին զգում է պանթուրքական մահակը:
Հայ–ռուսական հարաբերությունները սրելու տրամաբանության մեջ է տեղավորվում վերջերս Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգման նպատակով հատկացված ռուսական վարկից հրաժարումը: Բնականաբար, դրա այլընտրանքը դիտարկվելու է արևմտյան կենտրոնների դրդմամբ ատոմակայանի փակումը և Բաքվի նավթի հաշվին էներգետիկ ճգնաժամի հաղթահարումը` թերևս, Արցախի ինքնորոշման իրավունքից և Թուրքիայի հանդեպ պատմական կարծրատիպերից հրաժարվելու դիմաց:
Նույն տրամաբանության մեջ է նաև վերջերս ԱԺ-ում քննարկված Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի նախագծի ընդունումը, որն իր թաքնված տողատակերով ուղղված է ռուսական և ռուսալեզու հեռուստաալիքների դեմ: Տվյալ երևույթը նախադեպային է արևմտյան գունավոր հեղաշրջումների զոհ դարձած Վրաստանի և Ուկրաինայի դեպքում ևս՝ հակառուսական հիստերիայի բորբոքման տեսանկյունից:
Հարկ ենք համարում նշել, որ արևմտյան որոշ շրջանակների մոտ ծառայության մեջ գտնվող ՀՀ ներկայիս իշխանականները, ինչպես վարդերի հեղափոխության առաջնորդ Մ. Սահակաշվիլու դեպքում, ստացել էին ռուսական կողմի հետ սիրախաղեր անցկացնելու որոշակի կարճաժամկետ պատուհան: Այդ ժամանակը պետք է օգտագործվեր առավել հարմար դիրքավորվելու, ավելորդ բալաստից ազատվելու, կադրային թիրախային նշանակումներ անելու, ռուսների զգոնությունը թուլացնելու և իշխանությունը ուզուրպացնելու համար: Պետք է նշել, սակայն, որ թավշականները որքան թույլ են կառավարման հարցերում, նույնքան էլ ապաշնորհ են քաղաքական սիրախաղերում: Ժամանակն արագ անցավ, և ազատ գործելու պատուհանը Ն. Փաշինյանի համար փակվում է` նրա շուրջ նեղացնելով գեոքաղաքական օղակը:
Այս ամենը ենթադրում է արտաքին քաղաքական սեթևեթանքների ավարտ և հեղաշրջման նախագծողների պատվերների շուտափույթ իրականացում: Այդ պատճառով էլ իշխանությունը հապճեպ և անփույթ կերպով երկրում տրորեց սահմանադրական կարգը` իր համար չթողնելով հետքայլի այլևս որևէ հնարավորություն: Այս իրավիճակում Փաշինյանին մնում է մեկ ճանապարհ` իջեցված ցուցումներով ընթանալ առա՛ջ և փորձել ծածկել սեփական քաղաքական մերկությունը: Նման աշխարհաքաղաքական շրջադարձում նրան այլևս մնում է գորդյան հանգույցը սրով կտրել. սակայն նա Մակեդոնացին չէ, իսկ հանգույցն ամենևին էլ գորդյան չէ:
Այստեղ, մի փոքր ծավալվելով, թերևս, կարիք կա հիշեցնելու, որ 2018թ. ապրիլին Հանրապետության հրապարակում Ն. Փաշինյանի ձեռնադրումը կատարվեց ո՞ւմ… Արմեն Սարգսյանի կողմից: Այդ օրից սկսած` ՀՀ 4-րդ նախագահ Ա. Սարգսյանը հանդիսանում է Ն. Փաշինյանի և արևմտյան գործակալական ցանցի քաղաքական ամուսնության հոգեհայրը: Կարծում ենք՝ կգա ժամանակը, և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կբացահայտի, թե ի՞նչ ուժերի ճնշման ներքո է քաղաքական հարություն տվել Արմեն Սարգսյանին: Մառախլապատ Ալբիոնում իր ունեցած հզոր կապերի շնորհիվ վերջինս, թերևս, հանդիսանում է հետհեղափոխական գործընթացների երաշխավորը և թավշյա իշխանության իրավաքաղաքական հովանոցը: Հենց նա է իր անձնական երաշխավորության տակ առել Ն. Փաշինյանին, որպեսզի թավշյա հեղափոխության արդյունքները կապիտալիզացնելով՝ անցում կատարվի հեղաշրջման երկրորդ` վճռորոշ փուլին:
Արմեն Սարգսյանն ամեն կերպ աջակցում է գործող իշխանությանը, որպեսզի այն կարողանա կանխել ռուսական կողմի՝ հեղաշրջման 2-րդ փուլը ձախողելու հավանականությունը և գործընթացը անցնցում հասցնի իր հանգրվանին. այն է՝ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի փլուզում /բնականաբար, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հեռանկարով/, Գյումրու 102-րդ ռազմաբազայի դուրսբերում և Հայաստանի հանձնում անգլոամերիկյան գեոքաղաքական բևեռին` Թուրքիայի մանդատի տակ:
Ի դեպ, հետաքրքրական է, որ իր վրա վերցնելով գործընթացների գեոքաղաքական ծանրությունը ու իշխանություններին տալով արագ և անխոչընդոտ գործելու միջանցք, Արմեն Սարգսյանը, սակայն, չի մոռանում իր թիրախում պահել հեղափոխական գվարդիային, ինչպես ասում են. «շան հետ ընկերություն արա՛, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր»: Հունիսի 26-ին նա հյուրընկալում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպաններին և նշում, որ ինքը աջակցում է սահմանադրական բարեփոխումների իրականացմանը. և նույն օրը` հունիսի 26-ի երեկոյան, բրիտանական «BBC» հեռուստանկերությունը եթեր է հեռարձակում Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքների մասին պատմող ռեպորտաժ, որտեղ փաշինյանական կառավարությունն ամենևին էլ տպավորիչ գույներով չի պատկերված /հասկանալի է՝ հանդիսանալով արքայազն Չարլզի մտերիմ ընկերը, Արմեն Սարգսյանը խնդիր չէր կարող ունենալ նման նյութեր պատվիրելու հարցում/:
Փաշինյանական իշխանության հաջորդ անգլոամերիկյան սպասարկուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: Բնականաբար, նա չունի Արմեն Սարգսյանի ո՛չ մտավոր, ո՛չ ֆինանսական կարողությունները, ո՛չ էլ ազդեցիկ կապերը, սակայն ըստ անհրաժեշտության կարողանում է տորպեդահարել իշխանության քիմքին տհաճ գործընթացները` խաղալով ընդիմադիր դաշտում: Թերևս, ֆրանսիական հեղափոխության պատվին իր կուսակցությունը լուսավոր կոչած սույն գործիչը ևս ցանկանում է Հայաստանը լուսավորել արևմտյան ինչ-ինչ ուժերի ազդեցությամբ, և Ն. Փաշինյանի ու Ա. Սարգսյանի հետ մեկտեղ՝ գտնվում է գեոքաղաքական նույն նավակում:
Այսպիսով, անհեթեթ է կարծել, որ Արմեն Սարգսյանը կարող է դեմ գնալ հեղափոխականների խելագարություններին, միամիտ է կարծել նաև, որ նրա տրամաչափի գործիչը կարող է չհասկանալ, թե ի՞նչ է կատարվում երկրում և ուղղակի լուռ ժամանակ անցկացնել ու փակված մնալ նստավայրում: Անիմաստ է լուրջ ընդդիմադիր կեցվածք ակնկալել նաև 5-րդ շարասյան կարգավիճակում եղած, իսկ ներկայումս իշխանական ընդդիմադիր աշխատող Էդ. Մարուքյանից:
Գեոքաղաքական շրջադարձի գործընթացային լանդշաֆտում իրենց ուրույն դերն ունեն «Սասնա ծռեր»-ն ու նրանց հարող մի շարք գործիչներ: Նրանք անգլոամերիկյան կենտրոնի առավել ռադիկալ և Փաշինյանի կողմից չվերահսկվող, բնականաբար, նրա համար գլխացավանք հանդիսացող ուժ են: Այս թևի դերակատարությունը կարող է լինել՝ ինչպես Ն. Փաշինյանի իշխանության դեմ զինված ընդվզումը` 2-րդ փուլի մեկնարկն ավելի հնչեղ դարձնելու, այնպես էլ, ըստ ընթացիկ զարգացումների, կոնսոլիդացվող ընդդիմադիր դաշտի դեմ կիրառումը:
Հեղաշրջման երկրորդ փուլի անցման կարևորագույն երաշխավորներից է «Ազատություն» ռադիոկայանը, որը, բնականաբար, շատ վաղուց դադարել է զուտ լրատվամիջոց լինելուց և դարձել հեղափոխական իշխանության մաս: Լինելով խոշորածավալ ամերիկյան ֆինանսավորում ունեցող կազմակերպություն` այն կարողանում է ըստ անհրաժեշտության տեղեկատվական դաշտում «աքսելերացնել» տարաբնույթ գործընթացներ և լավ մշակված մեթոդիկաներով ազդել ունկնդիրների գիտակցության ու վարքագծի վրա:
Հեղափոխական իշխանության գեոքաղաքական շրջադարձային առաքելության մեջ ոչ պակաս տեղ ունեն ՀՀ-ում արևմտյան աշխարհի երկրների դեսպանատները, որոնք ակտիվ լռում են պետական ինստիտուտների նկատմամբ փաշինյանական գործողությունների շուրջ:
Վերջերս «Գունավոր հեղաշրջման 2 տարին» հոդվածում մենք ներկայացրել էինք Ն. Փաշինյանի հնարավոր հեռացման երեք սցենար: Պետք է ասել, որ նկարագրված երրորդ` պալատական հեղաշրջման սցենարին համարժեք, Հայաստանում նախապատրաստվում էր Ն. Փաշինյանի զգուշավոր տեղակալումը, բեմականացված ընդդիմադիր գժտություններով: Գործընթացները արդեն իսկ սկսել էին այդ հունով ընթանալ: Դրա մասին է վկայում այն փաստը, որ հունիսի 1-ին` իր ծննդյան օրը, Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անսպասելի հայտարարեց, որ ինքը և իր ընտանիքի բոլոր անդամները հասցրել են վարակվել նոր կորոնավիրուսով: Հավատա՞լ, թե՞ չհավատալ. փաստենք միայն, որ Փաշինյանը հրաժարվեց հունիսի 24-ին մեկնել Մոսկվա՝ Կարմիր հրապարակում կայանալիք Մեծ Հայրենականի 75-ամյակի շքերթում Հայաստանը և հայ ժողովրդին ներկայացնելու: Մինչ այդ ռուսական կողմը հայտարարել էր, որ անխտիր թեստավորելու է երկիր ժամանող բոլոր բարձրաստիճան հյուրերին, իսկ COVID-19 համավարակի թեստերը արձագանքում են ոչ միայն հիվանդության հարուցիչ հակածիններին, այլև նաև դրանց դեմ պայքարած հակամարմիններին, որոնք պահպանվում են ապաքինումից հետո: Ըստ մեկ այլ վարկածի՝ Ն. Փաշինյանի Մոսկվա չմեկնելը պայմանավորված էր Վ. Պուտինի հետ անձնական հանդիպում ունենալու՝ նրա խնդրանքի մերժմամբ:
Ըստ ամենայնի, նախատեսվում էր Ն. Փաշինյանին, իր ընտանիքի հետ, էվակուացնել Արևմուտք` վայելելու վաստակած բուժումը, իսկ «Սասնա ծռերն» էլ կխաղարկեին կատալիզատորի իրենց դերը, եթե դաշտ չներխուժեր ռուսական կողմը: Ունենալով ռուսական կողմի անթաքույց աջակցությունը և երաշխավորումը՝ աննահանջ առաջ ընթանալ, հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստում Գագիկ Ծառուկյանը բարձրացրեց կառավարության փոփոխության հարցը (ռուսական կողմը, որսալով ԱՄՆ ինքնակենտրոնացումը երկրում ծավալվող նեգրոմայդանի գործընթացների շուրջ` փորձեց օգտվել մեր տարածաշրջանում ամերիկյան հնարավոր պասիվացումից և թելադրել սեփական օրակարգ):
Արդյունքում, Ն. Փաշինյանը արագորեն` գրեթե 5 օրում, չլսված ու չտեսնված կերպով ապաքինվեց կորոնավիրուսային ծանր հիվանդությունից և նետվեց դաշտ՝ իր պատվիրատուների հրամանով գործընթացների հունը պահելու ճիգեր գործադրելով: Հասկանալով, որ իրեն այլևս ժամանակ չի մնացել, Փաշինյանը, թերևս, գուցե նաև ինքնապահպանման բնազդից դրդված, անցավ կտրուկ գործողությունների, արագացնելով գործընթացները: Հունիսի 26-ից ԱԺ կողմից ընդունված սահմանադրական ապօրինի ու հակաիրավական փոփոխությունները մտան ուժի մեջ, քողազերծելով իշխանության ծպտյալ աջակիցներին: Երկրում տոտալիտարիզմի հաղթանակը «ողջունեց» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Հայաստանը համարելով չստացված պետություն: Ն. Փաշինյանը հարկ չհամարեց արձագանքել իր կիրթ գործընկերոջը, ըստ ամենայնի՝ վերջինիս հանդեպ որոշակի չպարզաբանված բարդույթ ունենալու պատճառով: Փոխարենը՝ Ալիևին հակադարձեց ՀՀ 3-րդ նախագահ Ս. Սարգսյանը՝ նշելով, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է Ադրբեջանին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:
Ստացվեց, որ Արցախի ճանաչման հարցում հիմնական խոչընդոտներից մեկը հայաստանյան գործող իշխանությունն է: Նման հայտարարությունը համախմբման սկզբունքային կետ է Ն. Փաշինյանի հեռացման հեռանկարի շուրջ նոր ուժ ձևավորելու համար: Այս առումով կա որակապես նոր իրավիճակ. հունիսի 18-ին գրավի դիմաց ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չհաջողվեց, գոնե առայժմ, ձերբակալել Գ. Ծառուկյանին, Սերժ Սարգսյանը խոսեց Հայաստանում ազգային ու կարող ուժերի վերադարձի մասին… Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Փաշինյանի հեռացման սցենարն ընթանալու է ներքին դիմադրության ճանապարհով, արտաքին գործոնների վճռորոշ ազդեցությամբ:
Հ.Գ. Այնուամենայնիվ, մարդը ենթադրում է` Աստված տնօրինում, իսկ ներհայաստանյան գործընթացների վրայով ամեն օր կարող են «սև կարապներ» թռչել:
Վահե Հայկունի