Բաժիններ՝

Գյումրեցի աշակերտները ստանում են պատվերներ արտասահմանյան գործընկերներից, ինչպես նաև պատրաստում են անօդաչու թռչող սարքեր

Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած ուսումնական դադարը անգամ  չի խանգարել պատանիներին շարունակել իրենց աշխատանքը և ուսումնասիրությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ չնայած դասապրոցեսները դադարեցված են, իսկ կրթական լաբորատորիաները չեն աշխատում։

Օրինակ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան, 15-ամյա Ստեփան Գրիգորյանը արդեն 3 ամիս է, ինչ սկսել է իր ինժեներական գիտելիքների կիրառմամբ տնից գումար վաստակել՝ ստանալով պատվերներ արտասահմանյան գործընկերներից, բանակցելով ու սահմանելով վերջնաժամկետներ։

Ստեփանը սովորում է Գյումրու Ֆոտոն վարժարանում, հաճախում է Գյումրու թիվ 23 դպրոցի «Արմաթ» խմբակ։

«Համակարգիչներն ինձ հետաքրքրել են դեռ փոքրուց։ Փոքր ժամանակ խաղալով համակարգչային խաղեր՝ ինձ հետաքրքրել է դրանց կառուցվածքը, և ես երազել եմ ստեղծել իմ սեփական խաղը։ Տարիների ընթացքում ես ծանոթացել եմ տարբեր ծրագրերի, որոնցով կարելի է պատրաստել համակարգչային խաղեր, և սկսել եմ դրանով զբաղվել»,- պատմում է Ստեփանը 168․am-ի հետ զրույցում։

Հիմա Ստեփանը աշխատում է Unity ծրագրով, ծրագրավորումը կատարում՝ C# ծրագ. լեզվով։ Ունի ավարտած և հրապարակած մեկ խաղ։

«Խաղը ամանորյա է, խաղի մեջ պետք է հավաքել նվերներ։ Այն ունեցավ 150-ից ավելի ներբեռնում, իսկ ներքին գովազդից աշխատած գումարը չնչին էր։  Հիմա ես իմ ընկերոջ հետ աշխատում եմ ավելի մեծ խաղի վրա և ցանկանում եմ այն ավարտել 4-5 ամսվա ընթացքում։ Դրան զուգահեռ՝ նաև ստանում եմ պատվերներ իմ արտասահմանյան գործընկերներից և աշխատում դրանց վրա»,- ասում է Ստեփանը։

Ստեփանի հետ նույն խմբակում սովորում է նաև Սոֆի Մինասյանը։ Սոֆին սովորում է նաև Գյումրու Իրական դպրոցում։
«ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը առաջացել է, երբ սկսեցի հաճախել Արմաթ ինժեներական լաբորատորիա, այժմ գիտելիքներս ամրապնդում եմ Իրական դպրոցում։ Ընտրել եմ ՏՏ ոլորտը, որովհետև աշխարհը զարգանում է, և ես ցանկանում եմ զարգանալ ինքս և օգնել զարգացնել իմ երկիրը»,- ասում է Սոֆին։

«Արմաթ»-ի շրջանակներում Սոֆին մասնակցել է մի շարք ծրագրերի, որոնցից են՝ DigiCode2018-ը, DigiCamp2017-ը,  ինչպես նաև մասնակցել է DigiTec ցուցահանդեսների։ Սոֆին նաև հաճախում է Գյումրու Ավիամոդելային խմբակ, որտեղ պատրաստում է ԱԹՍ (Անօդաչու թռչող սարքեր)։

«Ավիամոդելային խմբակով մասնակցել եմ պատանիների մրցույթի, որտեղ իմ պատրաստած F1A տեսակի ազատ թռչող մոդելով գրավել եմ երկրորդ հորիզոնականը։

Այս պահին «Արմաթում» բոլոր ժամանակների հայտնի գյումրեցիների և կառույցների գրաֆիկական պատկերներն եմ գծագրում, որոնք վերածելու ենք փայտից (օրգանական ապակուց) մոդելների՝ դասերը խմբակի տարածքում սկսելուն պես: Այս պահին զբաղված եմ նաև Իրական դպրոցի նախագծերի իրականացմամբ։ Ազատ ժամանակ փորձում եմ ինքնակրթվել և սովորում եմ ծրագրավորման տարբեր լեզուներ, որոնք ապագայում կօգնեն հասնել նպատակներիս»։

Ստեփանն ու Սոֆին իրենց ապագան տեսնում են Հայաստանում։

Ստեփանն ասում է, որ գուցե զարգանալու նպատակով անհրաժեշտ լինի գիտելիք ու փորձառություն ստանալ ՀՀ սահմաններից  դուրս, բայց իր աշխատանքը, հիմնական գործունեությունը պատկերացնում է Հայաստանում։

«Իմ ապագան, անկասկած, տեսնում Հայաստանում, և իմ բոլոր նպատակներն ու երազանքները կապված են միայն Հայաստանի հետ  և, ըստ իս, կապ չունի, թե որտեղ ես դու ապրում, եթե ունես նպատակներ, անպայման կհասնես դրանց։ Իմ հասակակիցներին խորհուրդ եմ տալիս՝ անպայման զբաղվել այն գործով, ինչը իրենց դուր է գալիս, և եթե մի բան չի ստացվում, ցանկացած դեպքում չհիասթափվեն»,- ասում է Սոֆին։

Ստեփանը առանձնացնում է աշխատասիրությունը և իր հասակակիցներին տալիս է  խորհուրդ.

«Պետք է ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե ինչ տեսակի պրոյեկտներն են հայտնի, և ինչպիսիք կարող են հայտնի դառնալ ապագայում։ Երբեք չպետք է սպասել հատուկ պահի, կամ հատուկ մոտիվացիայի, մենք միշտ պետք է աշխատենք մեր վրա, սովորենք ու զարգանանք  ամեն օր։ Սկսածը միշտ ավարտին հասցնել, ավելի լավ է ունենալ 1 ավարտած պրոյեկտ, քան 10 չավարտած։

Երբեք ուշ չէ նոր բան սովորել։

Աշխատասիրություն, սա ամենակարևոր խորհուրդներից է, առանց աշխատասիրության՝ արդյունքի հասնելը անհնար է։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, պետք չէ հիասթափվել ու հետ կանգնել, պետք է փորձել այնքան, մինչև ստացվի»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս