«Ցավոք, կեղծ են և երեսպաշտ Բաբայանի պնդումները երկու հայկական պետությունների ներքին գործերին չխառնվելու մասին»․ Արմեն Աշոտյանը՝ Սամվել Բաբայանի մասին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ լսեցի Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա գրանցեց աննախադեպ հաջողություն՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում անել հնարավորինս մեծաթիվ սխալ և վիճահարույց պնդումներ:

Երբ պարոն Բաբայանը Հայաստանում զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, իր հարցազրույցներում տեղ գտնող բազմաթիվ սխալները մի տեղ հանդուրժելի էին, քանզի ոչ մի քաղաքական գործիչ ճշգրիտ և պրոֆեսիոնալ լինելու ուղղակի պարտավորություն չունի, ապա պարոն Բաբայանի նոր պաշտոնում արած հայտարարությունները վկայում են, որ նա, առնվազն դեռ, չի գիտակցել իր զբաղեցրած պաշտոնի կարևորությունն Արցախի, ինչպես նաև Հայաստանի անվտանգային համակարգի մասին:

Շարունակելով «Արցախի երկինքն Ապրիլյան պատերազմի ժամանակ անպաշտպան էր» կեղծ և վտանգավոր թեզը, ԱՀ ԱԽ քարտուղարը հայտնում է, որ «100 ներթափանցած դրոններից խոցվել են ընդամենը 3-ը»: Թե որտեղի՞ց Սամվել Բաբայանին նման վիճակագրական տվյալներ, մնում է գուշակել: Ուստի ստիպված եմ հիշեցնել, որ, ըստ պաշտոնական տվյալների, Ապրիլյան պատերազմի ժամանակ խոցվել է հակառակորդի առնվազն 20 ԱԹՍ, որից 14-ը ընկել է Արցախի տարածքում, իսկ 6-ը՝ Ադրբեջանի: Հիշեցնեմ նաև Հայոց բանակի կողմից խոցված թշնամու երկու ուղղաթիռների մասին:

Իհարկե, հակաօդային պաշտպանության համակարգը հարկավոր է մշտապես կատարելագործել՝ գիտատեխնիկական առաջընթացին և ռազմաարդյունաբերության զարգացմանը համապատասխան, սակայն կրկնեմ, որ անթույլատրելի է Հայաստանի ներքաղաքական շահարկումների համար պարարտ հող ստեղծղող ստերի տարածումն Արցախի որոշ պաշտոնյաների կողմից:

Ի գիտություն Սամվել Բաբայանին ավելացնեմ նաև, որ Ապրիլյան պատերազմից հետո այդ հարցի կապակցությամբ քայլեր ձեռնարկվել են նաև արտաքին քաղաքական դաշտում: Օրինակ, 2017 թվականին իմ նախաձեռնությամբ և հեղինակությամբ Արևելյան Գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Մահացու ինքնավար զենքի» (դրոնների) կիրառումը կանոնակարգող բանաձեւը, որին դեմ քվեարկեց միայն Ադրբեջանի պատվիրակությունը:

Ցավոք, կեղծ են և երեսպաշտ Բաբայանի պնդումները երկու հայկական պետությունների ներքին գործերին չխառնվելու մասին, քանզի Արցախի Հանրապետության նոր ղեկավարության կողմից դիտավորությամբ և պարբերաբար, ավաղ, արվում են անպատասխանատու հայտարարություններ, որոնք դառնում են Հայաստատնի ներկա իշխանությունների կողմից շահարկումների և պրոպագանդիստական գրոհների առիթներ:

Գնահատելով Սամվել Բաբայանի դերը Արցախյան պատերազմի ընթացքում, միաժամանակ հիշեցնում եմ, որ մարտական գործողություններից հետո խնդիրը զուգահեռ տեղափոխվել է նաև քաղաքական և դիվանագիտական հարթություններ, որտեղ իմ կուսակցության ղեկավարի, իմ կուսակցության, այդ թվում՝ իմ մասնակցությամբ, արդյունավետ և շոշափելի լուման Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման հարցում կարող է չտեսնել կամ քաղաքական իմաստով կույրը կամ քաղաքական իմաստով տգետը: Եվ այս աշխատանքը շարունակվելու է, անկախ նրանից, դա պարոն Բաբայանի կամ Երևանում ծվարած ապազգային իշխանությունների սրտով է թե ոչ:

Սամվել Բաբայանի դատողությունները Կազանյան փաստաթղթի վերաբերյալ կարեկցանքի ժպիտ կարող են առաջացնել առնվազն երեք պատճառտներով:

1. Կազանյան փաթեթի մասին կարող են գնահատականներ տալ գործիչներ, որոնք ունեն տեղեկացվածության և քաղաքական ներուժի համարժեք մակարդակ, որոնց թվին պարոն Բաբայանը չի դասվում:

2. Կազանյան փաթեթը քննադատող պաշտոնյային ուզում եմ հիշեցել, որ ընդամենը մեկ տարի առաջ նա առաջարկում էր Արցախը փոխանցել Ռուսաստանի մանդատի, այն է՝ ղեկավարության տակ: Մեկնաբանություններն ավելորդ են:

3. Երբ պարոն Բաբայանը 90-աններին զբաղեցնում էր ՊԲ ղեկավարի պաշտոնը, նա առանձնապես դեմ չէր արտահայտվում այդ ժամանակ քննարկվող, այդ թվում՝ փուլային տարբերակներին, որոնք ենթադրում էին, օրինակ, Արցախի ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

Ամփոփելով, կրկնեմ, որ մենք հարգում և ընդունում ենք Արցախի ժողովրդի քաղաքական կամքն ու որոշումները, որոնց արդյունքում ձևավորված նոր իշխանությունները ուղղակի պարտավոր են կենտրոնանանալ պետության հիմնախնդիրների լուծման, Արցախի հետագա զարգացման և նախընտրական խոստումների կատարման վրա:

Հ.Գ. Օրերս Արցախում գտնվող ԱԺ պատգամավորն իր հարցազրույցում հայտնեց, որ Սամվել Բաբայանն ասել է, որ քննարկում է նաև կրթական բարեփոխումների հարցը: Հուսով եմ, սա հումոր էր, հակառակ դեպքում հասկանալի պատճառներով թախանձագին խնդրում եմ Սամվել Բաբայանին չզբաղվել կրթական համակարգի խնդիրներով»:

Երեկ լսեցի Արցախի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որտեղ նա գրանցեց…

Gepostet von Armen Ashotyan am Montag, 29. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս