Արտաքին հատվածի զարգացումները ևս կառավարության օգտին չեն

Արտաքին շուկաներում իրավիճակը վատ է դասավորվել Հայաստանի տնտեսության համար։ Վերջին ամիսներին արտահանման հետ կապված խնդիրներն ահագնացել են։ Դրանք կապված են՝ ինչպես արտահանման դժվարությունների, այնպես էլ՝ իրացման շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների ու ի հայտ եկած սահմանափակումների հետ։

Արտահանումը կրկին հետընթաց է գրանցել։ Անգամ այն պարագայում, երբ ընդերքի արդյունահանումն ու արտահանումը երկնիշ թվերով ավելանում է։ Ինչո՞ւ հենց ընդերքի, որովհետև ընդերքը մեծ բաժին ունի Հայաստանի արտահանման կառուցվածքում։ Ու այս տարի այդ բաժինը ավելացել է։

Տարեսկզբի 4 ամիսներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 244 մլն դոլար հանքահումքային արտադրանք։ Սա ռեկորդային ցուցանիշ է այդ ժամանակահատվածի կտրվածքով։ Նախկինում երբևէ ընդերքի արդյունահանման և արտահանման նման մակարդակ չէր գրանցվել։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հասավ նրան, որ Հայաստանի ընդերքը սկսեց ավելի մեծ տեմպերով դատարկվել։ Հավանաբար այլևս իմաստ չկա մեկ անգամ ևս մեջբերելու այն հայտարարությունները, որոնք ժամանակին նա անում էր ընդերքը քանդել-ծախելու վերաբերյալ։ Պաշտոնական վիճակագրությունն ամեն ինչ ասում է։

Այս տարվա 4 ամսում հանքահումքային արտադրանքի արտահանումը 45 մլն դոլարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Աճը հասնում է 23 տոկոսի։ Արտահանման մեջ վերջինիս բաժինը 35 տոկոսից ավելի է։ Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին՝ նշենք, որ 2017թ. այդ ցուցանիշը չէր հասնում 29 տոկոսի։

Եվ, որ ավելի վատ է, ընդերքը դատարկվում է միջազգային շուկաներում մետաղների գների նվազման պայմաններում։ Դրա հետևանքները ծածկելու համար էլ ավելացվում է արդյունահանումը։ Տարեսկզբի 4 ամիսներին հանքարդյունաբերության աճն անցնում է 27 տոկոսից։

Սա ևս եզակի ցուցանիշ է։ Արդյունաբերության որևէ այլ հատվածում նման կամ դրան մոտ միտում չկա։

Այդքան գովերգված մշակող արդյունաբերության մեջ նույնիսկ աճ չի գրանցվել։ Այն հայտնվել է անկման վիճակում։ Ու դա նկատելի է նաև արտահանման ցուցանիշներում։

Պատրաստի սննդի արտահանումը, որ արտաքին շուկաներ մատակարարվող հայկական ապրանքների երկրորդ խոշոր խումբն է հանքահումքային արտադրանքից հետո, կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Անցած տարվա այդ ժամանակահատվածում եղել է 180 մլն դոլար, այս տարի՝ 159 միլիոն։

Հայաստանի արտահանման վիճակագրությունը վատացել է՝ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ՝ ԵՄ երկրների հետ հարաբերություններում։ ԵԱՏՄ շուկաներում մատակարարումները կրճատվել են գրեթե 11 տոկոսով։ Սա նույնիսկ ավելին է, քան արտահանման ընդհանուր անկումը։ Ու դրա հիմնական պատճառը Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վատացումն է։ Արդեն սկսել են զգացնել տալ ռուբլու թուլացման, հայկական ապրանքների մրցունակության կորստի ու սպառողական շուկայում վճարունակ պահանջարկի անկման հետևանքները։

Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումն ու ազգային արժույթի թուլացումը միշտ էլ խնդիր է եղել այս շուկայում հայկական ապրանքների արտահանման համար։ Այս անգամ էլ պատկերը չի փոխվել։ Տարեսկզբի 4 ամիսներին արտահանումը Ռուսաստան պակասել է ավելի քան 11 տոկոսով։

Փոխարենը՝ մեկ այլ վտանգավոր միտում է նկատվել։ Ի տարբերություն արտահանման, ավելացել է ներմուծումը։ Ռուբլու արժեզրկումը մեծացրել է այդ երկրից ներմուծվող ապրանքների մրցունակությունը։ Իսկ դա խնդիր է տեղական արտադրության համար։ Այդ խնդիրը առաջիկայում էլ ավելի կմեծանա, երբ տնտեսության համար կբարձրանա գազի ներքին սպառման սակագինը։ Դրա հետևանքով էլ ավելի կնվազի հայկական ապրանքների մրցունակությունը։ Եվ ոչ միայն՝ ներքին, այլև՝ արտաքին շուկայում։

Հիշենք, թե հատկապես որ ոլորտների վրա է մեծանում գազի թանկացման բեռը՝ ջերմոցային տնտեսություն և վերամշակող արդյունաբերություն։ Սրանք այն 2 հիմնական ոլորտներն են, որտեղ արտադրվող արտադրանքը մատակարարվում է մեծամասամբ ռուսական շուկա։

Նաև գազի անհամեմատ արտոնյալ սակագնի արդյունք էր, որ վերջին տարիներին այդ ոլորտներում և հատկապես մշակող արդյունաբերության մեջ արտադրության ու արտահանման բարձր աճեր էին գրանցվում։

Այդ հիմքերը դրվել էին դեռևս մինչև իշխանափոխությունը։ Հիմա դա էլ ենք կորցնում։

Եվրամիության երկրների հետ ևս Հայաստանի առևտրային հարաբերությունները վատթարացել են։ Լավ է գոնե այս դեպքում ներքին տնտեսության վրա ներմուծման ճնշումը չի մեծացել։ Կրճատվել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։

Բացառությամբ Բուլղարիայի և Իսպանիայի, մյուս բոլոր երկրների հետ հարաբերություններում արտահանումը հետընթաց է գրանցել։ Իսպանիայի դեպքում խոսքն ընդամենը 1,3 մլն դոլարի մասին է, ինչը շոշափելի փոփոխություն չէ, իսկ Բուլղարիայի դեպքում գործ ունենք մի երևույթի հետ, որը կրկին կապված է ընդերքի հետ. ավելացել է մետաղների արտահանումը։

Եվրամիության երկրներին, առանց այն էլ, Հայաստանն առաջարկելու շատ բան չունի։ Արտահանման հիմնական մասը մետաղներն են։

ԵԱՏՄ-ից և ԵՄ-ից դուրս երկրների հետ ևս այս տարի Հայաստանի առևտրային հարաբերությունները լավ չեն դասավորվել։ Կրկին ունենք անկում։

Արտահանման ոլորտում առկա այս իրավիճակը, բնականաբար, բխում է Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներից։ Տնտեսությունը հայտնվել է անկման մեջ, ու դա, ուզած թե չուզած, ազդում է նաև արտահանման վրա։ Հայաստանը քիչ ապրանքներ ունի, որոնք մրցունակ են արտաքին շուկաներում։ Արտահանմանն ուղղված տնտեսություն ստեղծելու հայտարարություններն այդպես էլ մնացին հայտարարություններ։

Հայաստանի արտահանման պոտենցիալը շարունակում է շատ թույլ լինել։ Ու այդ պոտենցիալով էլ կառավարությունը մտադիր է արտաքին շուկաներում նոր հորիզոններ նվաճել՝ համաշխարհային տնտեսությանը պարուրած համաճարակի ֆոնին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս