Բաժիններ՝

Առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Նիկոլ Փաշինյան

«Մինչ վերջին շաբաթներին մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հանրայնորեն մի շարք աղմկահարույց քրեական գործերի, քաղաքական իրադարձությունների և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին,  կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»,- պարետատան նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում.

«Սա մեծ պրոբլեմ է բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարևոր պրոբլեմ, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ պրոբլեմը: Այս իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը ՀՀ-ում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ որ մեր երկրի 3 միլիոն բնակչությունը ամբողջությամբ, ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ, բայց, ցավոք սրտի, նման իրավիճակ դեռևս չունենք:

Ընդհակառակը, տարածվում է ապատեղեկատվություն կորոնավիրուսի վերաբերյալ, շատ դեպքերում՝ շարունակում է կյանքն իր բնականոն հունով ընթանալ, ինչին մենք դեմ չենք, բայց կարծում ենք, որ Հայաստանում կյանքը պետք է բնականոն հունով ընթանա, զարգանա, սակայն՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ» :

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարետատանը քննարկել են և եկել են եզրակացության, որ առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման.

«Եվ քանի դեռ մենք այս թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկան չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ:

Ըստ էության, ես կարող եմ արձանագրել, որ մեզ մոտ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերն առավել ցայտուն արտայհայտություններ են ստանում, և գիտեք երևի, որ արդեն իսկ ունենք նաև  քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման առիթով, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին որոշել է տաքսի վարելով զբաղվել, և իրավապահները քրեական գործ են հարուցել այդ փաստի կապակցությամբ:

Մենք այսօր արձանագրել ենք՝  նաև վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար արձանագրված տուգանքները պետք է սկսեն նաև բռնագանձվել, և մենք քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնելը, որը տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահն առավել կարճ ժամանակահատված կվերցնի, առավել կարճ կտևի, մենք այս միջոցներին գնում ենք ոչ թե մեր սիրելի հայրենակիցներին տուգանելու համար, քավ լիցի, մեր խնդիրը չէ որևէ մեկին տուգանելը, մենք պարզապես ուզում ենք ասել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի չտուգանվելու շանս, հնարավորություն, երաշխիք, և այդ երաշխիքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է»:

Անդրադառնալով դիմակների կրման անհրաժեշտությանը՝ նա ընդգծեց. «Մասնավորապես դիմակների մասով՝ մեզից շատերը դեռ դա ընկալում են՝ որպես չվարակվելու միջոց, և այդ տրամաբանության մեջ՝ իրենք իրենց անփութությունը փորձում են ներկայացնել՝ որպես անձն ինքն իր նկատմամբ ցուցաբերած անփութություն, իհարկե, այս գործոնը կա, բայց ուզում եմ ասել, որ դիմակներն ավելի շատ ոչ թե մեզ են պաշտպանում, դիմակներն ավելի շատ պաշտպանում են մեր դիմացիններին:

Այսինքն՝ դիմակն առավել կարևոր երաշխիք է չվարակելու, քան թե չվարակվելու համար, և հետևաբար, եթե բոլորը կրում են դիմակներ, բոլորը երաշխավորում են դիմացինին իրենից չվարակվել, և այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ համատարած և ամենուր դիմակը պետք կրվի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս