Ազգային ժողովը հայտնում է՝ դադարել է 3 դատավորների պաշտոնավարումը, իսկ ՍԴ-ն դեռևս նախագահ չունի

2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է» (հոդված 213 1-ին մաս):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) անձնական գործերը պահվում ու վարվում են ՀՀ Ազգային ժողովում, եւ ուսումնասիրելով նշված գործերում առկա փաստաթղթերը, հայտնում ենք, որ նշված կանոնակարգումներով դադարել է Սահմանադրական դատարանի հետեւյալ դատավորների (անդամների) պաշտոնավարումը.

Հրանտ Արայի Նազարյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի:

Ֆելիքս Պապինի Թոխյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի:

Ալվինա Բալաբեկի Գյուլումյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի:

ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում, որը սկսում է հոսել 2020թ. հունիսի 27-ից:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է Հրայր Վարդանի Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: ՀՀ Սահմանադրության 13 հոդվածի 4-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռեւս ընտրված չէ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը ՀՀ Սահմանադրության հոդված 213 1-ին մասի ուժով ավարտվել է եւ պաշտոնավարումը դադարել է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին:

Տեսանյութեր

Լրահոս