Ինչ մեխանիզմով պետք է ՍԴ անդամները լքեն պաշտոնը, եթե վերջիններս որոշեն, որ ընդունված նախագիծն իրենց վրա չի տարածվում. Պարզաբանում է Տարոն Սիմոնյանը
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն ասել էր, որ ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ենթադրում է, որ իրեն չի վերաբերում: «Ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, իսկ եթե ավելի հստակ լինենք՝ հոկտեմբերի 1-ից, քանի որ պարտականությունների կատարմանն անցել եմ այդ ժամանակ: Ես չեմ կարծում, որ բանը վիճարկելուն կհասնի։ Դա իշխանությունների ընդունած օրենքն է, բայց կարծում եմ՝ այդ նորմն ինձ վրա չի տարածվի»,- նշել էր նա:
168.am-ն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով պետք է դատավորները թողնեն իրենց պաշտոնը։ Մանավանդ, որ առնվազն դատավորներից մեկը պնդում է, որ այդ փոփոխությունն իրեն չի վերաբերում, բռնի ուժո՞վ պետք է նրանց զրկեն իրենց պաշտոնից:
«Ես չգիտեմ՝ բռնի ուժ կգործադրե՞ն, թե՞ ոչ, բայց տիկին Գյուլումյանի պահով կարող եմ միանշանակ պնդել, որ մեր կարծիքով՝ այս նախագծով այս փոփոխությունները նրա վրա չեն տարածվելու: Տիկին Գյուլումյանը 2014 թվականին է ստանձնել իր պաշտոնը: Իհարկե, իշխանությունները հաշվարկում են նրա նշանակումը՝ որպես դատավոր, բայց պետք է հաշվի առնել, որ այդ նշանակումից հետո ինքն ազատվել է պաշտոնից, գնացել է Եվրոպական դատարան՝ դատավոր է աշխատել, որից հետո վերադարձել է և նորից նշանակվել դատավոր: Եթե այս ամենը լիներ կասեցման գործընթաց և շարունակվեր ժամանակի ընթացքում, սա այլ հարց կլիներ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է աշխատի իրավունքների պաշտպանության մեխանիզմը, պատգամավորն ասաց, որ դա դատական պաշտպանությունն է, ընդհուպ՝ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ես չեմ կարող գտնել գոնե մեկ իրավաբանի, ով անաչառ իրավաբան է ՀՀ-ում և ով այլ կարծիք կունենա այս խնդրի հետ կապված»,- հավելեց նա: