Բաժիններ՝

«Դեռևս ժամանակ կա՝ խուսափելու հումանիտար աղետից». Գերմանիայում աշխատող հայ բժիշկը՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Գերմանիայում մասնագիտական գործունեությունը ծավալող, Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ, հայ բժիշկ, նյարդաբան Սարգիս Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն այլևս կառավարելի չէ, և եթե չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները՝ առողջապահական համակարգը ենթարկվելու է կոլապսի։ Բժշկի հետ 168.am-ը զրուցել է կորոնավիրուսի վերաբերյալ ամենաշատ հնչող հարցերի շուրջ.

– Ի՞նչ ախտանիշներ են առաջանում կորոնավիրուսի ժամանակ։

– Կորոնավիրուսը վիրուսի նոր ենթատեսակ է, որը կարող է արտահայտվել ամենատարբեր կլինիկական դրսևորումներով։ Հաճախ առաջանում են՝ տենդ (38°C և ավել), չոր հազ, կոկորդում ցավ, մկանացավեր։ Կարող են լինել նաև՝ հոտի և համի բացակայություն, փորլուծություն, կոնյուկտիվիտ, գլխացավեր։ Ծանր դեպքերում՝ շնչառական արտահայտված գանգատներ՝ թոքաբորբ, կրծքավանդակում ցավեր, գիտակցության խանգարումներ։

– Կորոնավիրուսով վարակվելուց քանի՞ օր հետո են առաջանում գանգատներ։

– Կորոնավիրուսով վարակվելուց հետո պահանջվում է միջինում 5-6 օր՝ կլինիկական դրսևորումների համար։ Սակայն հազվադեպ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր։

– Ի՞նչ հետագա առողջական հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսը, և վարակվելուց հետո ձևավորվո՞ւմ է արդյոք կայուն իմունիտետ։

– Կորոնավիրուսը շրջանառության մեջ է դեռևս մեկ տարի, և անհրաժեշտ են տարիներ, որպեսզի ուսումնասիրվեն վիրուսի հետագա բարդություններն օրգանիզմի վրա։ Կան մի շարք գիտական հրապարակումներ, ըստ որոնց՝ վիրուսը հայտնաբերվում է լյարդում, երիկամներում, վահանաձև գեղձում։ Իմունիտետ ձևավորվում է վարակվածների 2/3-ի մոտ, սակայն ինչքա՞ն է պահպանվում՝ դեռևս հայտնի չէ, քանի որ անհրաժեշտ է ժամանակ՝ տարիների ընթացքում վարակված մարդկանց հակամարմինները ստուգելու համար։

– Վերջերս արևմտյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ կորոնավիրուսն ախտահարում է նաև ուղեղը. Նման ուսումնասիրություններ Գերմանիայում արվե՞լ են. և առհասարակ, նյարդային համակարգի վրա կորոնավիրուսն ի՞նչ ազդեցություն է թողնում:

– Կորոնավիրուսը բավականին կարճ ժամանակ է շրջանառության մեջ, սակայն արդեն կան բավականին մեծ թվով գիտական աշխատանքներ՝ նյարդային համակարգի վրա վիրուսի ազդեցության վերաբերյալ։ Համի և հոտի բացակայությունը մի շարք հիվանդների մոտ դիտարկվում է ուղղակի ապացույց, որ կորոնավիրուսն ընդգրկում է նաև նյարդային համակարգը, քանի որ, ինչպես բոլոր զգայարանները, այդ թվում՝ համի և հոտի ընկալումը, պատկանում են նյարդային համակարգին։

Ըստ մեկ այլ հետազոտության՝ կորոնավիրուսով վարակված 217 հիվանդների 78%-ի մոտ առկա է եղել նյարդաբանական մանիֆեստացիա։ Հաճախ հանդիպող նյարդաբանական գանգատներից են եղել գլխապտույտը և գլխացավը։ 10%-ի մոտ գրանցվել է հոտի և համի բացակայություն, և 3%-ի մոտ գլխուղեղի իշեմիկ ախտահարում՝ ինսուլտ։

Ինսուլտի առաջացման մեխանիզմը դեռևս ուսումնասիրման փուլում է, սակայն կան ենթադրություններ, որ կորոնավիրուսն առաջացնում է գլխուղեղի մանր անոթների բորբոքում և հանգեցնում իշեմիկ ախտահարման։ Արդեն կան բավականաչափ մեծաթիվ հետազոտություններ, որ կորոնավիրուսը բարձրացնում է նաև արյան մակարդելիությունը, և սա նույնպես կարող է նպաստել գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների առաջացմանը։ Սակայն, ինչպես արդեն նշեցի՝ խոսքը վիրուսի նոր ենթատեսակի մասին է, և դեռ անհրաժեշտ է ժամանակ՝ վիրուսն ուսումնասիրելու և շատ բաց հարցերի պատասխանները գտնելու համար։

– Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել չվարակվելու համար, և, եթե շփում է եղել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, արդյո՞ք արդյունավետ է դեքսամետազոնի, հակամակարդիչների և վիտամինների (C, D) օգտագործումը։

– Չկա որևէ դեղամիջոց կամ վիտամին, որի օգտագործման դեպքում կանխարգելվի վիրուսի ներթափանցումն օրգանիզմ։ Միակ եղանակը շփումների սահմանափակումն է։ Եթե շփվել եք կորոնավիրուսով վարակված մարդու հետ, չկա որևէ դեղամիջոց, որը կարող եք ընդունել՝ չվարակվելու համար։ Միայն կանխարգելման համար չի կարելի օգտագործել դեքսամետազոն, արյան մակարդելության վրա ազդող, հակավիրուսային կամ հակաբակտերիալ դեղամիջոցներ։ C և D վիտամինների ընդունման և վիրուսի կանխարգելման միջև չկա գիտական ապացույց։

– Եթե մարդ առողջական խնդիրներից ելնելով՝ ընդունում է իմունային համակարգը ճնշող դեղամիջոց, կա՞ անհրաժեշտություն՝ դադարեցնել տվյալ դեղի ընդունումը։

– Եթե առողջական խնդրից ելնելով՝ ընդունում եք իմունային համակարգի վրա ազդող դեղամիջոցներ, անհրաժեշտություն չկա դադարեցնելու այդ դեղամիջոցը։ Սակայն անհրաժեշտ է ցուցաբերել ավելի շատ զգոնություն, քանի որ իմունային համակարգը դեղամիջոցի հետևանքով ճնշված է, և օրգանիզմը՝ ավելի խոցելի՝ ցանկացած միկրոօրգանիզմի, այդ թվում՝ նաև կորոնավիրուսի նկատմամբ։

– Որքա՞ն ժամանակ կարող է տևել համաճարակը, և ե՞րբ սպասել պատվաստանյութի կամ դեղամիջոցի։

– Կորոնավիրուսի այս ենթատեսակն արդեն իսկ հանդիսանում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հարուցիչ, և ինչպես այլ հարուցիչներ, այնպես էլ՝ կորոնավիրուսը շրջանառության մեջ մնալու է բավականին երկար։ Որակյալ պատվաստանյութ կամ դեղորայք ստանալու համար միջինում պահանջվում են տասնյակ տարիներ։

– Կրել բժշկակա՞ն, թե՞ ինքնագործ դիմակներ. վերջերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ արեց կտորից դիմակներ չկրել, եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, որովհետև, ըստ նրա՝ այն մի քանի անգամ ավելի է պաշտպանում:

– Չկա որևէ տարբերություն, թե ինչ դիմակ կրել։ Դիմակ կրելու նպատակն է՝ փակել քիթը և բերանը, որպեսզի շնչելու կամ խոսելու ժամանակ նվազեցվի վիրուսի փոխանցման հավանականությունը։ Գերմանիան առաջին պետություններից էր, որը կիրառեց դիմակները, և տվյալ միջոցառումը բավականին արդյունավետ էր։

Դեռևս ժամանակ կա՝ խուսափելու հումանիտար աղետից։ Այն միջոցառումները, որոնք իրականացվում են այս պահին, բավարար չեն վիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Այո, հասարակությունը, հնարավոր է՝ չի պահպանում կանոնները, հասկանալի է, որ խիստ սահմանափակումները տնտեսական խնդիրներ են առաջացնելու։ Սակայն նման դանդաղ և ոչ արդյունավետ միջոցառումներով մարդկային կյանքեր են վտանգվում. առողջապահական և տնտեսական համակարգը է՛լ ավելի մեծ վնասներ է կրելու։

Անհրաժեշտ է 1 ամիս ամենախիստ սահմանափակման ռեժիմ կիրառել և համաճարակը դարձնել կառավարելի։ Ի դեպ, եվրոպական երկրներում վիճակը կառավարելի է, սակայն աշնանը կանխատեսվում է վիրուսի երկրորդ ալիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս