Անշարժ գույքն էժանանում է. բնակարանների գները սկսել են նվազել
Առուվաճառքի գործարքների եռամսյա անընդմեջ կրճատումից հետո՝ անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների գները սկսել են նվազել։ Դժվար է ասել, այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց սա շատ վատ ազդակ է կառավարության համար։
Հիշեցնենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը «հեղափոխության» ձեռքբերումներից մեկն էլ համարում էր անշարժ գույքի գների բարձրացումը։
Պաշտոնական տվյալներով՝ մայիսին բնակարաններն էժանացել են։ Ընդ որում՝ թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում։ Սակայն, ինչպես սովորաբար լինում է, գնանկումն անհամեմատ ավելի մեծ է եղել Երևանում։
Ապրիլի նկատմամբ բնակարանների գները մայրաքաղաքում նվազել են 1 տոկոսով։ Այդ երևույթը դիտարկվել է անխտիր բոլոր վարչական շրջաններում։ Գները նվազել են քառակուսի մետրի հաշվով 2-5 հազար դրամի չափով։
Ամենամեծ անկումը արձանագրվել է Դավիթաշենում և Քանաքեռ-Զեյթունում։ Մայրաքաղաքի այս հատվածներում բնակարաններն էժանացել են միջին հաշվով 5 հազար դրամով։
Մյուս վարչական շրջանումներում փոփոխությունները տարբեր կերպ են արտահայտվել։ Կենտրոնում գնանկումը կազմել է 2 հազար դրամ։ Շենգավիթում, Մալաթիա-Սեբաստիայում, Ավանում, Աջափնյակում և Նոր Նորքում՝ գներն իջել են 3 հազար դրամով։ Արաբկիրում ևս նվազում է արձանագրվել՝ 1 քառակուսի մետրի հաշվով՝ 1,5 հազար դրամի չափով։
Սա այն ընդհանուր պատկերն է, որը մայիսին դիտարկվել է մայրաքաղաքի բնակարանային շուկայի գնային սեգմենտում։ Բոլոր հատվածներում գներն իջել են։
Մարզերում բնակարանների գնանկումը կազմել է միջին հաշվով 0,7 տոկոս։ Թեև որոշ բնակավայրերում այն հասնում է ընդհուպ մինչև 2,4 տոկոսի։
Չնայած մայիսին անշարժ գույքի շուկան որոշ չափով վերականգնվել է ապրիլի փլուզումից հետո, երբ արձանագրվեց գործարքների 75-80 տոկոս անկում, այնուհանդերձ, այն դեռևս շատ հեռու է նախորդ տարվա մակարդակին հասնելուց։ Ինչպես ընդհանրապես անշարժ գույքի, այնպես էլ բնակարանային շուկան այս տարվա մայիսին շատ ավելի պասիվ է եղել, քան անցած տարի։ Բայց քանի որ առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում բնակարանային շուկան, անդրադառնանք այս հատվածում տեղի ունեցած վերջին զարգացումներին։
Պաշտոնական տվյալներով, մայիսին Հայաստանում շուրջ 57 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչպիսի փոփոխությունների մասին է, մի փոքր համեմատություն կատարենք. 2019թ. մայիսին Հայաստանում իրականացվել էր 1331 բնակարանի վաճառքի գործարք, 2020թ. իրականացվել է 578 գործարք։ Անհատական բնակելի տների վաճառքը նույն ժամանակահատվածում կրճատվել է ավելի քան 32 տոկոսով. անցած տարի եղել է 614, այս տարի՝ 417 գործարք։
Ընթացիկ տարվա մայիսին մայրաքաղաքում 61 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան անցած տարի։ Անհատական բնակելի տների հետ կապված գործարքները կրճատվել են ավելի քան 44 տոկոսով։
Այս թվերը ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկան շարունակում է գահավիժել։ Որքան էլ ընդունենք, որ գործարքների կրճատման վրա որոշակի ազդեցություն են ունեցել կիրառված սահմանափակումները, այդ թվում՝ տեղաշարժի առումով, միևնույն է, դրանից պատկերը շատ չի փոխվում։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մայիսին գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին։
Այն, ինչ ունենք՝ երկրում ստեղծված տնտեսական ու սոցիալական իրավիճակի ուղղակի արտացոլումն է։ Անշարժ գույքի շուկան տնտեսության այն ամենազգայուն հատվածներից մեկն է, որն առավել ցավոտ է արձագանքում ճգնաժամերին։ Կարճ ժամանակահատվածում ի հայտ եկած համատարած խնդիրները հասցրել են էապես ազդել Հայաստանի տնտեսության ու հասարակության գնողունակության վրա։ Շարունակում է խորանալ տնտեսական անկումը։ Դրա հետևանքով արդեն հիմա տասնյակ-հազարավոր քաղաքացիներ կորցել են իրենց աշխատանքն ու եկամտի աղբյուրները։
Մյուս կողմից էլ՝ համավարակն է գրոհում, որի դեմ պայքարը կառավարությունը կարողացավ «հաջողությամբ» ձախողել՝ երկիրը կանգնեցնելով ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ առողջապահական ճգնաժամի առաջ։
Սրանք լուրջ մարտահրավեր են, որոնք չէին կարող շրջանցել անշարժ գույքի շուկան։ Միանգամայն սպասելի էր, որ դրանք բերելու են ոչ միայն գործարքների կրճատման, այլև գների նվազման։ Զարմանալին միայն այն է, որ այս անգամ գնանկման պրոցեսը շատ ավելի շուտ սկսվեց, քան կարելի էր պատկերացնել։ Սովորաբար դա հաջորդում է շուկայի ավելի երկար ժամանակ պահպանվող պասիվացմանը։ Այս անգամ անհրաժեշտ եղավ ընդամենը 2-3 ամիս, որպեսզի գործարքների կրճատումը հանգեցնի նաև գների նվազման։ Այն էլ՝ բավական կտրուկ։
0,7 կամ 1 տոկոսանոց անկումն առաջին հայացքից թվում է, թե էական փոփոխություն չէ։ Իրականում, սակայն, 1 ամսվա կտրվածքով դա մեծ տեղաշարժ է անշարժ գույքի շուկայի համար։
Գների նվազումը, որքան էլ կարող է շատերի սրտով լինել, այնուհանդերձ ամենացավոտ երևույթն է շինարարության ոլորտի և, հատկապես՝ բնակարանաշինության համար։ Դրա հետևանքով բազմաթիվ ընկերություններ կարող են կանգնել խնդիրների առաջ՝ անկարող լինելով կատարել իրենց պարտավորությունները հաճախորդների նկատմամբ։
Սակայն մյուս կողմից՝ պետք է գիտակցել, որ վերջին 2 տարիներին անշարժ գույքի շուկայում տեղի էին ունենում պրոցեսներ, որոնք քիչ կապ ունեին բնական զարգացումների հետ։ Խոսքը գների անհասկանալի բարձրացումների մասին է։ Կառավարության ու Կենտրոնական բանկի կողմից պահանջարկի արհեստական խթանման հետևանքով այստեղ գոյացել էր գնային բավական մեծ փուչիկ, որը, այսպես թե այնպես, մի օր պայթելու էր։ Պարզապես այդ օրն ավելի շուտ եկավ, քան կարելի էր սպասել։
Անշարժ գույքի շուկայում սկսված գների նվազումը թե մինչև ո՞ւր կհասնի, առայժմ վաղ է ասել։ Դա կախված կլինի տնտեսության մեջ ընթացող պրոցեսներից։ Քանի դեռ տնտեսությունն անկումային է, իսկ մարդկանց եկամուտները նվազում են, անիմաստ է անշարժ գույքի շուկայում դրական փոփոխությունների հույսեր փայփայել։ Հատկապես որ, առաջիկայում կառավարությունը պատրաստվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք կարող են ավելի մեծացնել լարվածությունը անշարժ գույքի շուկայում՝ խորացնելով նաև գների նվազման միտումները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ